Անցումային արդարադատության անհրաժեշտությունը Հայաստանում

0
784
Կարեն Զադոյան

Հայաստանում անցումնային արդարադատության անհրաժեշտության, դրա կիրառման մեխանիզմների մասին զրուցել ենք Իրավաբանների Հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ։ Նա արդեն իսկ թեմայի շուրջ լայնածավալ քննարկումներ է կազմակերպել՝ հանրությանն իրազեկելու և տեսակետներ հնչեցնելու առումով։

Անցած տարի օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100-րդ օրն անփոփոելու ժամանակ, Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց անցումային արդարադատության անհրաժեշտության մասին։ Այդ հասկացությունը շրջանառության մեջ մտավ, բայց այն ձևակերպման կարիք ունի։ Ի՞նչ է նշանակում «Անցումային արդարադատություն» տերմինը։

-Անցումային արդարադատությունը գործիքների մեխանիզմների մի ամբողջություն է, որն օգնում է անցյալում կատարված մարդու իրավունքների զանգվածային խախտումների բացահայտմանը և ապագայում դրանց կանխարգելմանը:

Միջազգային, ինչպես նաև հարևան Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ առաջին հերթին հանրությունը պետք է տեղյակ լինի անցումնային արդարադատության նպատակի և իրականացման մեխանիզմների մասին, ապա ստանալով այդ համաձայնությունը, նոր կիրառվի անցումային արդարադատություն։ Մինչ կիրառումը, այն մի քանի փուլեր պետք է անցնի․ շատ կարևոր է, որ ազգային, փորձագիտական ամբողջ ներուժը համախմբվի և ազգային փորձագետները քննարկեն և ասեն՝ արդյո՞ք պետք է անցումային արդարադատությունը կիրառվի, թե ոչ։ Եթե գտնում են՝ այո, պետք է կիրառվի, մշակվեն համապատասխան մեխանիզմներ:

Այս ամենից հետո, նոր պետք է հրավիրվեն միջազգային փորձագետներ, միջազգային կազմակերպություններ, որոնք մասնագիտացված են աշխարհի տարբեր երկրներում  անցումային արդարադատության իրականացման  հարցերով և վերջնական մոդելը որոշվի։

Մեխանիզմների կիրառման շուրջ նաև պետք է քաղաքական համաձայնություն, կարծում ենք՝ եթե Հայաստանում որոշվի, որ անցումային արդարադատություն կիրառվելու է, ապա նոր ձևավորված Ազգային ժողովը պետք է քննարկի նաև արտախորհրդական   քաղաքական ուժերի մասնակցության հարցը, մասնավորապես, այն քաղաքական ուժերի, որոնք իրենց նախընտրական ծրագրերում ունեցել են անցումային արդարադատություն իրականացնելու մասին դրույթներ։

Փաստացի, մենք պետք է նշենք, որ Հայաստանում դեռևս հանրության համար հասկանալի չէ և շատ «մութ անտառ» է  անցումային արդարադատությունը։

Ամառվանից հնչած այդ անցումնային արդարադատության մասին վարչապետի հայտարարությունից հետո, ի՞նչ է փոխվել և ի՞նչ է կատարվում այս պահին

-Մենք երկու գործընթաց ենք նախատեսել, որպես հանրության, քաղաքացիական հասարակության կազմակերպված խումբ՝ կազմակերպություն։ Առաջինը՝ փորձագիտական ներուժի համախմբումն էր և դա քննարկումն էր փորձագիտական հարթության վրա, երկրորդը՝  ուսումասիրության կատարումն էր՝ տարբեր երկրների և հայաստանյան փորձի ուսումասիրությունները, որովհետև ի վերջո մենք Հայաստանում ունեցել ենք անցումային արդարադատության իրականացման որոշակի էլեմենտներ։ Օրինակ՝ մարտի 1-ի հարցերով Փաստահավաք խումբն իրականում կարելի է համարել  անցումային արդարադատության իրականացման եղանակ։ Երրորդ ուղղություն՝ նախատեսում ենք, որ հանրային լայնածավալ քննարկումներ կազմակերպենք այդ հարցերում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է անցումային արդարադատությունը և ինչ մեխանիզմներով է այն իրականացվում։

Ի՞նչ մեխանիզմներով է կատարվում անցումային արդարադատությունը

Դասական առումով, նկարելի է բաժանել 4 մեխանիզմների խմբի։ Առաջինը՝ քրեական  արդարադատությունն է, երկրորդը՝ ճշմարտության որոնումն է, երրորդը՝ փոխհատուցումը, իսկ չորորդը՝ համակարգային բարեփոխումները։

Անցումային արդարադատությունը երկու տիպի հասարակություններում է իրականացվում, առաջինը՝ երբ կան զինված բախումներ և մյուս տիպի երկրները՝ դրանք ոչ ժողովրդավարական համակարգերում եղած խախտումներն են։

Քրեական արդարադատությունը հիմնական մեխանիզմներից մեկն է․ այս գործիքը հիմնական հնարավորություններ է տալիս առաջին խմբին պատկանող երկրներին։

Ճշմարտության որոնում մարդիկ ցանկանում են իմանալ, թե ովքեր են կանգնած իրենց իրավախախտումների հետևում։ Այս դեպքում, հիմնականում ստեղծվում են ճշմարտության  կամ հաշտեցման հանձնաժողովներ, որտեղ գալիս են և՛ զոհերը, և՛ բռնարարները, ներկայացնում են՝ ինչ է եղել անցյալում՝ իրավախախտումների մասով։

Հիմնական նպատակն այստեղ բացահայտելն է և ներելը, որովհետև խնդիրը դրված չէ, որ բոլորին պետք է պատժել։

Փոխհատուցումներ․ այստեղ պետք է վերականգնվի իրավունքը և գան մյուս փոխհատուցումների հարցը։

Դրանք կարող են լինել ինչպես առողջապահական, սոցիալական, իրավաբանական, հոգեբանական  ծառայությունների տեսքով, որոնք կարող են ստանալ  զոհերը, այնպես էլ ֆինանսական փոխհատուցումներ, որոնք կարող են տրամադրվել և՛ անձանց խմբին, և անհատական մարդկանց։

Համակարգային բարեփոխումներ այստեղ հիմնականում  4 ենթաբաղադրիչների մասին է խոսքը գնում՝ լուստրացիա, վեթթինգ, հասարակական ակտիվիզմ և հստակ ոլորտային բարեփոխումների իրականացում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հարցազրույցը վարեց՝ Ժաննա Ալեքսանյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here