Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այս տարի առաջին անգամ մեկնարկեց «Սասնա Ծռեր 3» քրեական գործի քննությունը՝ 11 ամբաստանյալներով: Հիշեցնենք, որ այս մասով գործը վերսկսվում է արդեն չորրորդ անգամ. նախորդող դատավորներ Արտուշ Գաբրիելյանին, Արթուր Օհանյանին և Արշակ Վարդանյանին «փոխարինելու» է եկել Արմեն Խաչատրյանը: Նրա նախագահությամբ առաջին նիստն անցավ բավականին լարված մթնոլորտում: Նախ, դատարանին զայրացրեց այն փաստը, որ ամբաստանյալները «Ոտքի՛, դատարանն է գալիս» խոսքի ժամանակ ոտքի չկանգնեցին, ապա դատավորին դիմելու ընթացքում ևս նստած մնացին․

«Ամեն ինչ օրենքով պետք է լինի։ Դուք պետք է ոտքի կանգնեք իմ ներս մտնելու և ինձ դիմելու ընթացքում»,- հայտարարեց Արմեն Խաչատրյանը։

Այսօր նիստին չէին ներկայացել գործով անցնող 2 ամբաստանյալներ Գևորգ Իրիցյանն և Թաթուլ Թամրազյանը, ինչպես նաև մի շարք պաշտպաններ: Ըստ «Սասնա Ծռեր» խմբի անդամների, Թամրազյանի և Իրիցյանի առողջական վիճակն այս պահին ծանր է, ուստի չեն կարողացել մասնակցել դատական նիստին:

Դատավոր Խաչատրյանին վրդովեցրեց այս փաստը ևս․ ամբաստանյալները դատարանին տեղյակ չէին պահել այդ մասին. «Դե որ այդպես է, թող գան իրենց մասով գործն առանձնացնենք ու առանձին քննություն տանենք»:

Ըստ Քրեական դատավարական օրենսգրքի, ամբաստանյալների բացակայությամբ, դատական նիստը շարունակվել չի կարող, ուստի դատարանը հայտարարեց՝ քրեական գործի քննությունը հետաձգվում է:

Արմեն Խաչատրյանը դատավարական կողմերի հետ որոշ տեխնիկական հարցեր ցանկացավ ճշտել, ինչն էլ ընթացքում լարված մթնոլորտ առաջացրեց դատարանում: Խմբի անդամները պարբերաբար հայտարարում էին, որ նախկին ռեժիմի պատճառով են այժմ գտնվում «ամբաստանյալի» կարգավիճակում։

«Չեմ հասկանում, ուզում եք քրեական գործերը փակենք, արդարացվե՞ք»,- հայտարարեց դատավոր Խաչատրյանը։

Ամբաստանյալները բանավեճ սկսեցին դատարանի հետ, ինչի պատճառով Սերգեյ Կյուրեղյանը դատական սանկցիայի ենթարկվեց և 1 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից։

Քրեական գործի քննությունը հետաձգվեց մինչև փետրվարի 22-ը։ Դատարանը պատճառաբանեց, որ միտումնավոր է նման երկար ժամանակով հետաձգում, որ ամբաստանյալները և պաշտպանները պատշաճ ծանուցվեն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest