Բուժօգնության կարիք ունեցող զինծառայողը՝ հոգեբուժարանի անմարդկային պայմաններում

0
524

Զինծառայող Յուրիկ Բրոյանի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանն այսօր այցելել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն, որտեղ իր վստահորդին գտել է անմարդկային պայմաններում։

«Բառերով չեմ կարող նկարագրել, թե որտեղ է գտնվում վստահորդս, սարսափելի վատ պայմաններ են։ Չկա այսպիսի անմարդկային վայր, սա խայտառակություն է։ Նախատեսված պալատում ոչ միայն վստահորդս էր գտնվում, այլև մոտ 20 անձ։ Նման անմարդկային վայրում հնարավոր չէ շնչել, նույնիսկ համապատասխան շնչելու դիմակներով, որից հենց տեղում օգտվել եմ։ Մարդկանց խոշտանգելու վայր է․ սա խոշտանգում է ոչ միայն այստեղ գտնվող հիվանդների, այլ նաև այստեղ աշխատող և, առհասարակ, այցելող անձանց նկատմամբ»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարեց Հայարփի Սարգսյանը։

Փաստաբանը հենց տեղում ահազանգել է ՄԻՊ արագ արձագանքման խմբին, ովքեր խոստացան խնդիրը փոխանցել Խոշտանգման բաժին։ Որոշ ժամանակ անց փաստաբան Սարգսյանին ՄԻՊ-ից տեղեկացրին՝ խնդրին վաղուց են ծանոթ, սակայն այսօր ևս կայցելեն հոգեբուժական կենտրոն։

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի 19-ամյա Յուրիկ Բրոյանն ունի ժառանգաբար փոխանցվող հոգեկան հիվանդություն: Այդուհանդերձ, օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հետազոտում է երիտասարդին և նրա բժշկական փաստաթղթերում նշում «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշումը: Հոգեկան հիվանդությամբ տառապող Յուրիկին ճանաչում են պիտանի սահմանափակումներով ծառայության համար և զորակոչում բանակ: Ծառայության մեկնելուց մի քանի օր հետո տղան դաժան ծեծի է ենթարկվում իր «կոմբատի»՝ «Բադ» մականունովի կողմից, ինչից հետո Յուրիկին տեղափոխում են
«Կանազ»-ի հոգեբուժարան:

Այս պահին Բրոյանը հազիվ է քայլում, գլուխը կախ՝ չկարողանալով բարձրացնել այն, պարբերաբար ցնցումների մեջ է ընկնում, չի կարողանում խոսել, միայն գլխով դրական կամ բացասական պատասխաններ է տալիս․

«Յուրիկը պարալիզացված է: Պաշտպանության նախարարության կողմից նման արհամարհական վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան խոշտանգում»,- շարունակում է ահազանգել փաստաբան Հայարփի Սարգսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here