Դեպքի վայրը՝ Մարտակերտի հինգերորդ զորամաս

0
746

Մարտակերտի պաշտպանական շրջանը հինգերորդ զորամասով հանդերձ կազմավորվել են 1992 թվականի սեպտեմբերին, երբ ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքի գերակշիռ մասը ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր: Այն հերոսական պատմություն ունի: Ակունքներում կանգնած են հերոս ազատամարտիկներ Վլադիմիր Բալայանն ու Լեոնիդ Ազգալդյանը: 1993 թվին, 5-րդ զորամասը մասնակցել է Մարտակերտի գյուղերի և Արցախի հյուսիսային տարածքների համար մարտերին, մի քանի հարյուր զոհեր է տվել:

Այսօր էլ այն համարվում է Արցախի ՊԲ լավագույն զորամասերից: Սակայն, դատելով բանակում կատարվող հանցագործությունների պատկերից, այս զորամասում անառողջ բարքեր են տիրում: Վերջին տարում տեղի ունեցած քրեական դեպքերից, դատական գործերից, որոնք հանրությանը հայտնի են, առնվազն հինգը վերաբերում է Մարտակերտի 5-րդ պաշտպանականին: Դեպքերի հանգամանքները մինչև վերջ չեն պարզվում, մ նում են մութ հանրության համար, իսկ դատաքննությունները, որոնք լսում է Սյունքի ընդհանուր իրավասության դատարանը, երկար, ձգձգված ընթացք ունեն:

Առաջին աղմկահարույց դեպքը տեղի ունեցավ հունվարի 7-ին: Դիրքերում խորհրդավոր հանգամանքներում զոհվեց ժամկետային զինծառայող, Գեղարքունիքի մարզի Շորժա /Շողակաթ/ գյուղի բնակիչ Վաչե Չիլինգարյանը: Քննչական կոմիտեն այդ օրը հայտնեց, որ զինծառայողը հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել, որ նրան օգնելու են շտապել ևս երկու զինծառայողներ, «ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ»: Իսկ հաջորդ օրը ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Մովսես Հակոբյանը, առաջ ընկնելով նախաքննության մարմնից, լրագրողներին ներկայացրեց, որ զինվորը խոցվել է թշնամու դիպուկահարի կողմից:

Նա առանձնակի շեշտեց Վաչեին օգնության նետված սպայի սխրագործությունը: Այսպիսով, զինվորի մահը ներկայացվեց որպես դիպուկահարի կրակոցի հետևանք: Չիլինգարյանը խփվել էր թիկունքից: Նրա հարազատները չհավատացին պաշտոնական վարկածին: Նրանք հակված էին կարծելու, որ մեր դիրքերի վրա առնվազն հարձակում է եսել, որը փորձել էին թաքցնել: Սահմանային միջադեպի հանգամանքները մնացին չպարզաբանված: Սեպտեմբերին, տղայի 20-ամյակի կապակցությամբ Շորժայի կենտրոնում տեղադրվեց Վաչեի կիսանդրին:

Դեկտեմբերի 12-ին Մարտակերտի հինգերորդ զորամասի ժամկետային զինծառայող Արգիշտի Հակոբյանը որովայնի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել «Կալաշնիկով» ավտոմատից արձակած կրակոցից: Վնասվել էին զինծառայողի ներքին օրգանները՝ թոքը, լյարդը, լեղապարկը, աջ երիկամը, հաստ աղիքը, տասներկումատյա աղիքը: Դեկտեմբերի 24-ին քրգործ է հարուցվել Քրօրի 373 հոդվածի 1-ին մասով՝ զենքի հետ անզգույշ վարվելը, որն առաջացրել է թեթեև վնասվածք: Երբ գործը հարուցվում էր, զինվորը դեռ վերակենդանացման բաժանմունքում էր: Իրավապահներին Արգիշտի Հակոբյանի ծառայակիցները ցուցմունք էին տվել, թե զինծառայողը փորձել էր ավտոմատով «տրյուկ» անել: Նրանք կատարվածը որակել էին որպես անզգուշություն:

Զինվորի ոստիկան հայրը Forrights.am-ին տարակուսանք էր հայտնել առ այն, որ գործով քննիչը դատաբժշկական փորձաքննության ժամանակ բժիշկին չի հարցրել, թե արդյոք Արգիշտին կարո՞ղ էր նշված վնասվածքները ստացած լիներ ինքն իր վրա կրակելու հետևանքով:Մուրացանի հոսպիտալում զինծառայողը մորը խոստովանել էր, որ խնդիրներ է ունեցել զորամասում, որ իր վրա կրակել է ծառայակիցը, Աբովյանի բնակիչ Հ.Մ-ն: Այժմ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։

2017-ի նոյեմբերի 4-ին զորամասի պահեստում ականի պայթյունից, իր մարմնով փակելով հակատանկային ականը, մահացավ ժամկետային զինծառայող, դիպուկահար Հրանտ Մանգասարյանը: Հրամանատարության հանցավոր անփութության պատճառով ականը մարտական վիճակում բերվել է պահեստ ու պայթել զինվորի ձեռքերի մեջ՝ դառնալով նրա մահվան և ևս երկու զինծառայողների վիրավորման պատճառը: Նախաքննությունը տևէլ է 2 տարի: Գործը դատարան է մտել տասն օր առաջ միայն՝ 2019 թվականի հունվարի 16ին: Զորամասի սպառազինության ծառայության պետ Արմեն Գրիգորյանին և պահեստապետ Գևորգ Հյուսնունցին մեղադրանքներ են առաջադրված այն բանի համար, որ նրանք տևականորեն ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Հրանտ Մանգասարյանի միակ հարազատին՝ մորը փոխհատուցում չի տրվում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից», քանի որ ՊՆ-ն որոշել է, որ նրա մահը անմիջական կապ չունի հայրենիքի սահմանները պաշտպանելու հետ:

Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչում է գտնվում ազգությամբ եզդի, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ 19 տարեկան Յուրիկ Բրոյանը: Նա ժառանգաբար փոխանցվող հոգեկան խնդիրներ ունի, որոնց պատճառով անգամ դպրոց չի հաճախել, չի խոսում, հաղորդակցման մեջ չի մտնում շրջապատի հետ: Յուրիկի մորեղբայրը հոգեկան հիվանդութուն ունի, իսկ եղբայրը տառապում է էպիլեպսիայով: Օգոստոսին Բրոյանը զորակոչվել է բանակ, Մարտակերտի 5-րդ զորամաս, սակայն վատառողջ լինելու պատճառով նա չի կարողացել վարժություններ կատարել, յուրացնել շարային քայլը:

Ծառայության մեկնելուց մոտ երկու շաբաթ հետո Բրոյանը դաժան ծեծի է ենթարկվել Բադ մականունով կոմբատի կողմից: Քրեական գործ է հարուցված: Նա տուժողի կարգավիճակ ունի: Միջադեպիս հետո նրան ուղարկել են տարբեր հոգեբուժարաններ: Կանազի հոսպիտալում նրան ծանր դեղեր են ներարկել, որից հետո, ըստ Բրոյանի փաստաբան Հայարփի Սարգսյանի, նրա առողջական վիճակն ավելի է վատացել՝ ամբողջ մարմնով ցնցվում է, չի կարողանում քայլել և խոսել: Ներկայում Բրոյանը գտնվում է ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ կայանում, պարալիզացված վիճակում, խնամքից և բուժումից զրկված: Պաշտպանության նախարարությունը նրան համարում է «սիմուլյանտ»: Հրամանատարի արարքին ՊՆ-ն որևէ կերպ չի անդրադարձել:

Հունվարին ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց Մարտակերտի նույն զորամասի ժամկետային զինծառայող, երևանցի Կ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով: Նա հայտնել էր մորը, որ զորամասի սպա Գ-ն իրեն ծեծի է ենթարկել և բռնաբարել է: Ինչպես և Բրոյանի դեպքում, բռնությունը զինծառայողի նկատմամբ տեղի էր ունեցել նրա ծառայության մեկնելուց մոտ տասը օր հետո: Գ-ն հերքում , որ ծեծել ու բռնաբարել էր զինվորին:

Կարճ քննությունից հետո Կ-ն սուտ մատնության մեղադրանք առաջադրվեց: Նրան մոտ տասը ամիս պահում էին կալանքի տակ, մեկուսացման պայմաններում, ռազմական ոստիկանությունում, մինչդեռ Գ-ն ազատության մեջ էր: Հետագայում երիտասարդը պատմեց, որ ճնշումների տակ է գտնվել, որ իրեն ստիպել են ինքնախոստովանական ցուցմունքներ գրել, թե, իբր, ինքը զրպարտել է սպային: Դատարանում տղան հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից ու պնդեց իրեն բռնաբարելու վերաբերյալ նախնական ցուցմունքը: Դատաքննությունն այս գործով ընթանում է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում շարունակվում է:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակին հարց ուղղեցինք, թե արդյոք ՊՆ-ն վերլուծում է այս դեպքերը, արդյոք մտահոգվում է այս զորամասում տիրող քրեածին բարքերով, զինվորի բռնաբարությամբ, «բեսպրեդելով»: «Նախ՝ այդ դեպքերի գնահատականների մեծ մասը ձեր ֆանտազիայի հետևանքն է: Մինչև հիմա ասում եք՝ «բռնաբարված»: Այդ բառից հետո ես չեմ ուզում ձեզ հետ խոսել: Երկրորդ՝ ցանկացած դեպքից հետո լինում է պատիժ: Այդպիսի դեպք չկա, որ պատիժ չլինի հրամանատարության նկատմամբ: Բայց այդ դեպքը պետք է հաստատվի, պետք է լինի քննություն՝ նախ, ծառայողական, հետո՝ քրեական, և եթե հաստատվում է, միանշանակ լինում է պատիժ»:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here