«Էսօր միլիոնավոր դոլարների հափշտակության մեջ մարդիկ մեղադրվում են, բայց ազատության մեջ են, իսկ 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղրազարյանը մեղադրվում էր ընդամենը 9 մլն դրամի խարդախության հոդվածով, բայց նրան կալանքից չազատեցին անգամ առաջարկված 5 մլն գրավի դիմաց»,- Forrights.am-ի հետ զրույցում դժգոհեց այսօր ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանի փաստաբան Հայկ Արմենակյանը:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքը կրող «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, 50-ամյա Մհեր Եղիազարյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման արդյունքում ՔԿՀ հրավիրվել է շտապօգնություն, որի  կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորվածի կենսաբանական մահը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մեկ շաբաթ առաջ մերժել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այսօր մահացած Եղիազարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Այս որոշումը պաշտպանների կողմից արդեն իսկ բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, և պետք է քննվեր հունվարի 29-ին:
«Սա խոշտանգում է: Դատական և նախաքննական մարմինը պարտավոր էր էդ մարդու առողջական վիճակը հաշվի առնել: Վերջը մարդասիրությունը դա քրեական իրավունքի առաջնահերթ սկզբունքներից է»,-նշեց փաստաբանը՝ շարունակելով. «Հետո, նրան մեղսագրվող արարքը հասարակական էն վտանգավորությունը չուներ, ինչպես այլ դեպքերում, երբ նրանից 50 անգամ շատ գումարի խարդախության մեջ մեղադրվողներին գրավով ազատեցին»:

Ուստի, ըստ փաստաբանի, գործով քննիչը, դատախազը, դատավորը պարտավոր էին դիրքորոշում հայտնել իրենց կայացրած ակտերով, իսկ այժմ պետք է պատասխան տան: «Կարծում եմ՝ պետք է քրգործ հարուցվի ու պարզվի՝ ովքեր են մեղավոր, ինչու նման վախճան եղավ: Ինձ համար անհասկանալի է՝ էս մարդուն ինչի համար էին պահում էնտեղ»,-ասաց փաստաբանը՝ հավելելով.

«Քննիչը առարկեց 44 օր հացադուլ հայտարարած մարդուն գրավով ազատելուն, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, իսկ նրա կալանքի որոշումն ընդունող դատավորը հաշվի չառավ, որ նրան ընդամենը 9 մլն դրամի հափշտակության մեղադրանքն է եղել»:
50-ամյա Մհեր Եղրազարյանը երկու տղաների հայր էր, երկուսն էլ մասնագիտությամբ իրավաբան են: Կալանավայրում գտնվելու ժամանակ մինչև կյանքի վերջին պահը նա հնարավորություն չի ունեցել տեսնել ընտանիքին. Տեսակցություններն արգելված են եղել 44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորի հետ:
«Բացարձակ մեկուսացված է եղել հացադուլի պայմաներում: Այցելել են բժիշկներ, ՄԻՊ ներկայացուցիչներ, ՔԿՀ-ից են այցելել, բայց նա չի դադարեցրել հացադուլը: Շտապօգնություն են կանչել, տարել են հիվանդանոց, հիվանդանոցում գտել են, որ 35 օր հացադուլի մեջ լինելու պայմաններում Մհերը խնդիր չունի առողջական: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես այսօր չունեմ»,-նշեց պաշտպանը:

Նրա գործով 4 փաստաբաններ են զբաղվում: Հայկ Արմենակյանն ասաց, թե իրենք դեռ պետք է հասկանան իրենց հետագա տակտիկան՝ որ ուղղությամբ պետք է շարժվեն, բայց անպայման կգնան մինչև Եվրադատարան:
«Սա շարքային գործ էր: Սա էն գործը չէր, որ մարդուն 44 օր հացադուլի պայմաններում գրավով կալանքի փոխարինումը մերժեն, էն դեպքում, երբ գրավի համար երաշխավորում էին պատգամավորներ, կազմակերպություններ, երաշխիք էր տրվում 5 մլն գրավի չափով: Երբ մեղադրանքը ու ողջ պատմությունը 9 մլն դրամի շուրջ է: Մանավանդ, որ ենթադրյալ չորս տուժողներից երկուսը հրաժարվել են, ասում են՝ բողոք չունենք»,-ասաց փաստաբանը՝ տարակուսանք հայտնելով.

«Եթե այս պայմաններում դատարանը գրավի միջնորդությունը մերժում է, բա էլ գրավի միջնորդությունը ո՞ւմ է պետք»:

Հետարքրքվեցինք, նաև, թե ինչո՞ւ չորս փաստաբանների պարագայում լրատվամիջոցներն ու հասարակությունը պատշաճ տեղեկացված չէին 44 օր տևած հացադուլի ու Մհեր Եղիազարյանի վիճակի մասին: «Հանրությունը տեղեկացված է եղել: Այդ ինֆորմացիան գնացել է «Հայնյուզ» կայքով: Ամեն օր լրատվություն է գնացել: Ասուլիսին Մհերը դեմ է եղել, բայց ինֆորմացիան եղել է դաշում»,-հավաստիացրեց պաշտպանը: Մեր հակադարձմանը, թե շատ լրատվամիջոցներ, այդ թվում՝ մերը, տեղեկացված չեն եղել, ասաց. «Դե, դա արդեն ձեր խնդիրն է, ինչ ասեմ»:

Հարցին, թե գործը կապ ունի՞ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հետ, փաստաբանը բացասական պատասխան տվեց:

Ըստ մեղադրանքի՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:  

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ 

Եղիազարյանի պաշտպանի հավաստիացմամբ, սակայն, քրգործը հեռանկար չունեցող գործ էր: «Եթե գործը նման վախճան չունենար, մենք կապացուցեինք, որ դա ընդամենը քաղաքացիական պարտավորության հարց է: Մարդը ծառայության դիմաց գումար է վերցրել: Եթե շարունակություն ունենար, հեռանկար չունեցող գործ էր: Պարտքի խնդիր է եղել»,-պնդեց նա:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ ցավալի դեպքի պատասխանատուն ՔԿՀ-ն է: «Նախնական տվյալներով հստակ է, որ ՔԿՀ-ի բժշկական ծառայությունը պատշաճ չի հետևել կալանավորի առողջական վիճակին և միջոցներ չի ձեռնարկել նրա կյանքը փրկելու ուղղությամբ»,-մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ ՔԿՀ-ի բժշկական ծառայությունը պետք է մշտապես հետևեր և ահազանգեր այդքան երկար հացադուլի մեջ գտնվող կալանավորի առողջական վիճակի մասին, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են լինել, ինչպիսին է առողջական վիճակը: «Հանձինս ՔԿՀ-ի՝ կալանավորի կյանքի պահպանման ուղղությամբ պատշաճ աշխատանք չի իրականացվել և դա պետք է քննությամբ պարզվի»,-ասաց Սաքունցը:

Նշենք, որ քննչական կոմիտեն Մհեր Եղրազարյանի մահվան դեպքի առթիվ քննություն է սկսել՝ պարզելու մահվան հանգամանքներն ու մեղավորներին:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest