Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում տարածեց, անդրադառնալով Forrights.am-ում տպագրված շարքային զինծառայող Յուրիկ Բրոյանի մասին հրապարակումներին:

«Անհրաժեշտ ենք համարում նշել, որ փաստաբանի ներգրավվածությունից և ներկայացված միջնորդությունից հետո քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ուղարկել ստացիոնար ամբուլատոր փորձաքննության: Քանի որ գործը գտնվում է քրեաիրավական տիրույթում, հարուցված է քրեական գործ, գործով ներգրավված է պաշտպան, ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնում անձի և քննության վերաբերյալ լրացուցիչ տեղեկության տրամադրման անհրաժեշտությունից, միաժամանակ տեղեկացնում է բոլոր շահագրգռված անձանց, որ պաշտպանության նախարարությունը առողջական խնդիրներ ունեցող անձանց բանակում պահելու շահագրգռվածություն բացարձակապես չունի: Պաշտպանության նախարարությունն իրականացնելու է քրեաիրավական վարույթի կայացված որոշումների շրջանակում համապատասխան գործողություններ զինծառայողի հետագա զինծառայության ընթացքի վերաբերյալ» ,- ասվում է պարզաբանման մեջ:

Բրոյանի ներկայացուցիչ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ փաստաբան Հայարփի Սարգսյանը հակադարձում է Պաշտպանության նախարարությանը, նկատելով՝ նախարարությունը միտում ունի ինքն իրեն պատասխանատվությունից ազատվելու:

«Յուրիկ Բրոյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի, նա տուժող է: ՊՆ-ն անգամ տեղյակ չէ, որ իր ենթակայության տակ գտնվող Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչում է գտնվում առողջական վատ վիճակով և տուժողի կարգավիճակ ունեցող զինժառայող: Նրանք պետք է պարզաբանում տան, թե ինչ իրավական հիմքերով է իմ վստահորդն այս պահին Ռազմական ոստիկանությունում: Յուրիկ Բրոյանն այս պահին պետք է գտնվի տանը՝ մայրական խնամքի կամ որևէ բուժհաստատություն ենթակայության տակ»,- հայտարարեց փաստաբանը:

Յուրիկ Բրոյանն օրեր առաջ տեղափոխեցին Դատաբժշկական կենտրոն, որտեղ դատաբժիշկը նշեց, որ նրան անհրաժեշտ է դատաբժշկական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն: Երեկ փաստաբան Սարգսյանը գործը քննող քննիչ Աշոտ Վարդանյանի հետ տեսակցել է Բրոյանին և ծանոթացրել համալիր փորձաքննություն կատարելու մասին որոշմանը:

Փաստաբանը զինծառայող Բրոյանի գործով դիմել էր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին նշելով, որ անհրաժեշտ է զինծառայողին տեղափոխել Մուրացանի հոսպիտալ մինչ հանձնաժողովային փորձաքննության կատարումը, ինչպես նաև տրամադրել մայրական խնամք՝ «քանի որ ակնհայտ է, որ նա ի վիճակի չէ ինքն իրեն խնամել»:

Անդրադառնալով զինծառայողի ինքնավնասման դեպքին, որը պարբերաբար շահարկվում է ՊՆ-ի կողմից և որտեղ Յուրի Բրոյանը մեղադրյալի կարգավիճակում էր, Հայարփի Սարգսյանը նշեց՝ քրեական գործը կարճվել է համաներմամբ, ուստի անընդհատ այս մասին հիշեցում անիմաստ է:

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի 19-ամյա Յուրիկ Բրոյանն ունի ժառանգաբար փոխանցվող հոգեկան հիվանդություն: Այդուհանդերձ, օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հետազոտում է երիտասարդին և նրա բժշկական փաստաթղթերում նշում «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշումը: Հոգեկան հիվանդությամբ տառապող Յուրիկին ճանաչում են պիտանի սահմանափակումներով ծառայության համար և զորակոչում բանակ: Ծառայության մեկնելուց մի քանի օր հետո տղան դաժան ծեծի է ենթարկվում իր «կոմբատի»՝ «Բադ» մականունովի կողմից, ինչից հետո Յուրիկին տեղափոխում են հոգեբուժարան:

Այս պահին Բրոյանը հազիվ է քայլում, գլուխը կախ՝ չկարողանալով բարձրացնել այն, պարբերաբար ցնցումների մեջ է ընկնում, չի կարողանում խոսել, միայն գլխով դրական կամ բացասական պատասխաններ է տալիս․

«Յուրիկը պարալիզացված է: Պաշտպանության նախարարության կողմից նման արհամարհական վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան խոշտանգում»,- ահազանգում է փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest