Ալավերդի քաղաքում ճանաչված գործարար, «Սանահին Բրիջ» հյուրանոցի սեփականատեր Վահագն Աբգարյանի գործը դատարան է մտել անցյալ տարվա մայիսին: Անցել է 9 ամիս, սակայն դատաքննության փուլը դեռ չի սկսվել: Դատական նիստերը անընդհատ հետաձգվում են, իսկ եթե անգամ կայանում են, ապա տևում են առավելագույնը 1 ժամ:

Վահագն Աբգարյանը մեղադրվում է իր համաքաղաքացի Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու /քր. օր. 38-104, մաս2, 7,8 կետեր/ և Լոռու մարզային ՔԿ վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու /312, մաս 3/ համար, իսկ Վլադիմիր Դավթյանը՝ պատվերով սպանություն իրականացնելու համար, սակայն նրանք երկուսն էլ կտրականապես հերքում են մեղադրանքները:
Վլադը, որը անմիջապես սպանությունից հետո՝ 2017 թվականի հունիսի 13-ին ներկայացել է իրավապահներին և խոստովանել է, որ սպանել է Փիրուզյանին, կտրականապես հերքում է, որ պատվեր է ստացել Աբգարյանից: Մեղադրանքները չի ընդունում նաև Վահագն Աբգարյանը: Նա արդարացման դատավճռի հույս ունի, իսկ այս պարագայում դատական հերթական նիստին սպասելը վերածվում է հոգեբանական դժոխքի:

«Վահագն Աբգարյանը հունվարի 18-ին ձերբակալվել է 4 ծանր մեղադրանքներով: Ես անընդհատ ասում եմ, որ մեղադրանքներն անհիմն են, և դա ապացուցվեց մայիս ամսին՝ երբ 4-ից երկու ծանր մեղադրանքները հանվեցին՝ հանցավոր համագործակցություն հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու /223, մաս 1/, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու /քր. օր-ի 38-104, մաս2, 7,8 կետեր/ և Ռոման Մոսինյանի սպանությունը նախապատրաստելու- կազմակերպելու /38-35-104, 2 մաս, 7,8 կետեր/: Թողեցին սպանության պատվերը Փիրուզյանի մասով և կաշառքի հոդվածը: Մենք հույս ունեինք, որ դատարանը արագ կքննի գործը, սակայն մայիսից տարբեր պատճառաբանությամբ նիստերը ձգձգվում են», — ասում է Վահագն Աբգարյանի և Վլադ Դավթյանի շահերի պաշտպան Հակոբ Ճարոյանը:

Նա իր փաստաբանական հետաքննություն է իրականացնում գործի վերաբերյալ և բազմաթիվ նոր հանգամանքներ է բացահայտել, որոնք իրավապահները և գործով քննություն իրականացրած Մարտի 1-ի գործով վ հայտնի և ներկայում նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանը անտեսել է: Օրինակ՝ նա ունի ապացույցներ, որ զենքը, որից կրակվել է, պատկանում էր ոչ թե Վահագն Աբգարյանին, այլ նրա ընկերոջը, նրա դեղատան և հյւորանոցի տնօրեն Արթուր Մնացականյանին Արկո մականունով: Արկոն, հիշեցնենք, հայտնել էր քննիչներին, որ ինքը տեղյակ է եղել սպանության նախապատրաստումից, մանրամասն ցուցմունքներ է գրել իր մանկության ընկերոջ դեմ:

Արթուր Մնացականյանը անցյալ տարեսկզբին, երբ Փիրուզյանի սպանության և իրավապահներին կաշառելու վերաբերյալ գործը նոր էր քննվում, անցնում էր որպես մեղադրյալ, Վահագն Աբգարյանի հանցակից: Հետագայում նա ցուցմունքներ տվեց Աբգարյանի դեմ: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում ընդունվեց:

Հակոբ Ճարոյանը պատրաստվում է դատարանին ապացույցներ ներկայացնել, որ զենքը, որից սպանել են Փիրուզյանին, պատկանում է Արթուր Մնացականյանին: Դրա անուղղակի վկայությունն այն է, որ հոկտեմբերին Լոռու ոստիկանության Թումանյանի բաժին են ներկայացել մի քանի վկաներ՝ դեղատան և հյուրանոցի նախկին աշխատողներ: Նրանք բազմիցս նկատել են, որ Արթուր Մնացականյանը, որը Աբգարյանի աջ ձեռքն էր բիզնեսի հարցերով, իր գոտկատեղին, ինչպես նաև ավտոմեքենայում՝ ուսապարկի մեջ, տարբեր զենքեր է կրում, նկարագրել են այդ զենքերը, ավտոմեքենաները: Նրանք հայտնել են, որ Աբգարյանի դեմ միակ ցուցմունք գրողը՝ Արկոն, Աբգարյանի անունից գումարներ էր վերցնում և չէր վերադարձնում: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստել, հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի ապօրինի զենքին վերաբերող 235-րդ հոդվածով, սակայն շուտով կարճվել է:

Forrights.am-ը կապվեց Արթուր Մնացականյանի և Աբգարյանի նախկին աշխատակիցներից մեկի հետ, ով ցուցմունք էր տվել այս գործով: Նա չցանկացավ իր անունը հայտնել, քանի որ Ալավերդին փոքր, քրեածին բարքերով քաղաք է, և ինքը գտնում է, որ իր համար կարող են անցանկալի հետևանքեր լինել:
«Գործը բավականին ծավալուն է, հետաքննությունն ու քննությունը տևեցին մի քանի ամիս և կարճվեցին անհիմն պատճառաբանություններով: Որոշման մեջ գրված է, որ Արկոն /Արթուր Մնացականյանը/ նման մեքենաներ չունի, բայց այդ մեքենաները ամբողջ քաղաքի աչքի առաջ են եղել, տարիներ շարունակ: Ես գիտեմ, որ քննիչները նրան պաշտպանում են, օգնում են, ամեն ինչ արեցին, որ նրան մաքրեն», — ասաց վկան: Մենք, աշխատակիցներով նաև բողոք ենք ուղարկել գլխավոր դատախազություն և սպասում ենք պատասխանի», — ասաց նա:

Մենք չկարողացանք կապվել Արթուր Մնացականյանի հետ: Նա, ըստ տեղեկությունների, Ռուսաստանում է: Նրա միակ հարազատը՝ հայրը, վերջերս մահացել է: Մեր հարցերը ստիպված էինք ուղղել հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանին, որը ժամանակին Արկոյի պաշտպանն էր: «Այդ ամենը սարքովի է: Դեռ այն ժամանակ, երբ Մնացականյանը այստեղ էր, նրա դեմ ցուցմունքներ եղան, թե նա խաբեությամբ գումարներ է շորթել, խարդախություններ է արել: Նույն մարդիկ, ովքեր նման հայտարարություններ էին տվել , առերեսումների ժամանակ հայտնեցին, որ նման բաներ չեն եղել, և հետապնդումը կարճվեց, ինքն էլ թողեց, գնաց: Ես այլևս լիազորված չեմ Մնացականյանի անունից հանդես գալու, բայց որպես նրա նախկին պաշտպան մի բան կարող եմ ասել՝ ինչո՞ւ այդ մարդիկ իրենց ցուցմունքները սպանության գործով նախաքննության ընթացքում չեն տվել: Թող տային, առերեսումներ արվեին, արժանահավատ համարվեին, Արթուրին սկի բանտից էլ բաց չէին թողնի», — ասաց Լյուդվիգ Ավետիսյանը:
Բոլոր այս փաստերն ու հակափաստարկները, նոր վկայությունները դատարանում չեն հնչում, որովհետև նիստերը չեն կայանում տարբեր պատճառաբանություններով:

«Այս 9 ամսում մի անգամ է ընդամենը իմ բացակայության պատճառով նիստը հետաձգվել: Մնացած օրերին մեկ մեղադրողը դատական նիստերին չի գալիս, մեկ տուժողի իրավահաջորդները: Նախորդ նիստը նշանակվել էր դեկտեմբերի 28-ին, բայց չկայացավ, և հաջորդը նշանակվել է երկու ամիս անց՝ փետրվարի 21-ին: Մարդիկ գտնվում են անազատության մեջ: Ամեն անգամ իմ պաշտպանյալներին, մեկին՝ Երևանից, մյուսին՝ Էջմիածնից բերում-հասցնում են Վանաձոր, նիստ չի լինում, ու էլի հետ են տանում: պատկերացրեք, ինչքան անիմաստ ծախսեր են կատարվում՝ թե պետության միջոցների, թե ժամանակի առումով», — նշում է Հակոբ Ճարոյանը:

Նա արդեն 4 ամիս է, միջնորդություն է պատրաստել իր պաշտպանյալներին տեղափոխել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, բայց չի կարողանում այն ներկայացնել դատարանին: «Սա շատ նման է հաշվեհարդարի: Ինչ որ ուժեր, հավանաբար, շահագրգռված են, որ Վահագն Աբգարյանը հնարավորինս երկար մնա կալանավայրում», — եզրակացնում է փաստաբանը:
Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest