«Զինծառայողը պարալիզավցած է․ չի կարողանում խոսել, դժվար է քայլում և պարբերաբար ցնցումների մեջ ընկնում»․ փասստաբան

0
1538

«Զինծառայող Յուրիկ Բրոյանը սենյակ մտավ հազիվ քայլելով, գլուխը կախ՝ չկարողանալով բարձրացնել, պարբերաբար ցնցումների մեջ ընկնելով հազիվ կարողացավ մոտենալ աթոռին։ Նա չէր կարողանում խոսել, միայն գլխով դրական կամ բացասական պատասխան էր տալիս․ Յուրիկը պարալիզացված էր»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Փաստաբանը զինծառայողին տեսակցել է ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչում։ Բրոյանը ձեռքերով և գլխի շարժումներով հասկացրել է, որ երբ նոր էր տեղափոխվել «Կանազ»-ի հոսպիտալ 3 օրը մեկ հաճախականությամբ 5 ներարկում են կատարել իրեն, սակայն, թե ինչ են ներարկել կամ ինչու՝ զինծառայողը չի իմացել։ Դրանից հետո չի կարողացել խոսել, դժվարությամբ է սկսել քայլել և առհասարակ, շարժումներն այդ ներարկումներից հետո դարձել են սահմանափակ․

Զինծառայողը գտնվում է ծանր առողջական վիճակում, այս ամիսների ընթացքում նրա առողջական վիճակը վատթարացել է։ Պն հայտարարությունը, թե զինծառայողը «սիմուլյանտ է» կամ «խուսափում է ծառայությունից», անհիմն է, սա ՊՆ անտարբերությունն է զինվորի նկատմամբ։

«Միջնորդել եմ ՄԻՊ-ի միջոցով կազմակերպել վստահորդիս տեղափոխումը «Մուրացան» հոսպիտալ՝ հետազոտելու և բուժելու նպատակով։ Տեղափոխել են , սակայն կարճ ժամանակ անց, առանց դրական տեղաշարժի, կրկին տարել են Ռազմական ոստիկանություն։ Նման պարալիզացված վիճակում վստահորդս չի կարող գտնվել ՌՈ-ի ընդունիչ-բաշխիչում, անհրաժեշտ է նրան շտապ տեղափոխել քաղաքացիական որևէ հիվանդանոց և կազմակերպել Բրոյանի պատշաճ բուժումը»,- նշեց փաստաբան Սարգսյանը։

Զինծառայող, այսօր նաև տուժողի կարգավիճակում գտնվող 19-ամյա Յուրիկ Բրոյանն ազգությամբ եզդի է։ Ժառանգաբար փոխանցվող հոգեկան հիվանդություն ունի: Այդուհանդերձ, օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հետազոտեց երիտասարդին և նրա բժշկական փաստաթղթերում նշվեց «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշումը: Հոգեկան հիվանդությամբ տառապող Յուրիկին ճանաչեցին պիտանի սահմանափակումներով ծառայության համար և զորակոչեցին բանակ: Ծառայության մեկնելուց մի քանի օր հետո տղային դաժան ծեծի է ենթարկում նրա «կոմբատը»՝ «Բադ» մականունով, ինչից հետո Յուրիկին տեղափոխում են հոգեբուժարան․

«Ինքը որ պահի տակ վատանում ա, ընկնում ա ցնցումների մեջ, մինչև արյուն չհանի, չի հանգստանում: Հետո որ ուշքի էր գալիս, ասում էր՝ մամա, ոնց որ ուրիշ անձնավորություն մեջս մտնի ու դրդի, որ ես վատ բան անեմ: Ես, որ ծնողն եմ, գիտեմ իր վիճակը: Ինքը անգամ տան մեջ ախպերների հետ չէր շփվում, մեկուսացած էր: Վայենկոմատն էլ ասում ա՝ պիտանի է, մենք հետազոտել ենք: Իրենց պետք էր զինվորների շարքը լրացնեն, իրենց զինվոր էր պետք, տղայիս տարան»,- տղայի վիճակն էր նկարագրում մայրը՝ Մարինե Բրոյանը։

Այս ընթացքքում զինծառայողի մայրը ևս անմասն չի մնացել բռնություններից։ «Կանազ»-ի հոսպիտալի բժիշկ Սուջյանը, ով «զբաղվում էր» Յուրիկի առողջական վիճակով, տիկին Մարինեի հետ զրույցի ժամանակ սպառնացել է․

«Ձեր երեխու կյանքը կապված է իմ ձեռքի թուղթ ու գրիչից, գնա, ուր ուզում ես բողոքի, քո բողոքը ոչ մի տեղ չի անցնի»,- ասել էր Սուջյանը։ Զինծառայողի մայրը դեռ չէր հասցրել դուրս գալ բժիշկ Սուջյանի սենյակից, երբ բժշկի ամուսնու կողմից գլխին հարված է ստանում։ Դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ, սակայն սա չի խոչընդոտում, որ նույն բժիշկը շարունակի զբաղվել Բրոյանի առողջականով։

ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ այս դեպքով հայտարարություն է տարածում, որ զինվոր Յուրիկ Բրոյանը խուսափում է զինվորական ծառայությունից՝ «սիմուլյանտություն է անում»․

«Դիտարկման արդյունքներով արձանագրվել է, որ վերջինիս վարքը տեսադաշտում և տեսադաշտից դուրս կրում է խիստ հակասական բնույթ: Այսպես՝ բուժանձնակազմի ներկայությամբ կուչ է գալիս, քայլում է դանդաղ, հարցերին պատասխանում է գլխի և ուսերի շարժումներով, հրաժարվում է սննդից, իսկ տեսդաշտից դուրս հանգիստ է, նորմալ սնվում է, հեռուստացույց դիտում, իսկ տեսակցության ժամանակ ազատ շփվում է հարազատների հետ»,- ասված է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության մեջ։

Մարինե Բրոյանը նամակներ է ուղարկում պետական ատյաններ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Վերջինիս հասցեագրված նամակը Մարինե Բրոյանն առձեռն է հանձնել պաշտպանության նախարարության անցագրային կետի աշխատողներին: Այնտեղ կնոջը նախ երկար սպասեցրել են, հետո անցակետի ծառայողական հեռախոսով մի աշխատակից խոստացել է, որ նախարարը կզբաղվի իր խնդրով:

Զինծառայողի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանն էլ իր հերթին բարձրաձայնել է Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, բացի դրանից, վարույթն իրականացնող մարմնին միջնորդել կատարել դատաբժշկական փորձաքննություն։



ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here