Ապարանի բնակիչ Անահիտ Գալստյանը երկվորյակ տղաներին ուղարկել է բանակ՝ նույն զորամասում ծառայելու: Տղաները ծառայել են առաջին գծում՝ Մարտակերտի 5-րդ պաշտպանական զորամասում: Տղաներից մեկին՝ Արգիշտի Հակոբյանին ծառայության են տարել ողնաշարի 3 ձևավորված, 2 չձևավորված գրիժաներով. Ռազմնաբժշկական հանձնաժողովը նրան պիտանի է ճանաչել զինծառայության համար:
«Դեկտեմբերի 13-ին Մարտակերտի հոսպիտալի բժիշկը զանգել է ամուսնուս, թե՝ Դուք Հակոբյանն Արա՞մն եք, ձեր տղան ծանր հրազենային վիրավորում է ստացել, հիմա շատ ծանր վիճակում հոսպիտալում է: Ամուսինս մենակ հասցրել է հարցնել, զույգերից որ մեկն է ու ուշաթափվել է»,-Forrights.am-ին պատմեց զինվորի մայրը:
Երբ հայրը Ապարանից հասել է Մարտակերտ, այնտեղ սպաները նրան ասել են, թե Արգիշտի Հակոբյանն ինքն է իրեն անզգուշաբար վնասել զենքով: «Իբր ուզել է իր ոտքով հնարք անի «Կալաշնիկով» ավտոմատով: Մի հեքիաթ: Ընդ որում, իբր ոտքով կարողացել է կրակի սրտի տակից էնպես, որ փամփուշտը երիկամից դուրս գա: Ես ապշած եմ, որ զինվորականները կարող են նման բացատրություն տան, որ էդ դիրքով մարդը կարա ինքն իրան կրակի»,-տարակուսեց մայրը:
Դեպքի ժամանակ Արգիշտին հենակետում է եղել ծառայակից սերժանտի հետ: Վերջինս ցուցմունք է տվել, նաև նույն զորամասում ծառայող Արգիշտիի եղբորը՝ Արեգին պատմել է, թե Արգիշտին ինքն է ուզել տրյուկ անի ավտոմատով ու կրակել է իր վրա: Անգամ սպայական կազմն ու քննչականն են հավատացել սերժանտին: Իրավապահները անզգուշություն են որակել արարքը՝ բացառապես հավատալով ծառայակցի խոսքերին: Իսկ ՊՆ քննչական ծառայությունն անգամ եզրակացություն է տվել, որ Արգիշտին ինքն է իր վրա կրակել:
«Բոլորը միանգամից հավատացել ու հիմք են ընդունել էդ վարկածը: Անգամ ես էի հավատացել էդ վարկածին, երբ ասում էին՝ նման վիրավորման դեպքում դա հնարավոր չի, ասում էի՝ չէ, էդպես ա եղել»,-պատմեց Անահիտ Գալստյանը:
Կրակոցի արդյունքում վնասվել են 19-ամյա Արգիշտիի ներքին օրգանների մեծ մասը: Գնդակը անցել է սրտի անմիջապես կողքով, վնասել թոքը, լյարդը, լեղապարկը, աջ երիկամը, հաստաղիքը, տասներկումատյա աղիքը, այն այժմ կարել են ստամոքսին: Վեց ամիս հետո Արգիշտիին կրկին վիրահատելու են: Բժիշկները հեռացրել են նրա աջ երիկամն ու լեղապարկը: Լյարդը լրջորեն վնասված է եղել այն աստիճան, որ, մոր խոսքով, բժիշկը վախենում էր վիրահատության ժամանակ:
«Բժիշկները զարմացել էին, որ իմ երեխեն ողջ ա մնացել: Հրաշք ա կատարվել, որ տղաս ողջ ա մնացել: Բժիշկներն իրենք էին ասում, որ Աստված ա պահել ձեր տղային, մենք ոչ մի բան չեն կարողացել անել: Ասում էին՝ մենք էլ ենք զարմանում, որ կարողացանք էս երեխուն փրկել»,-պատմեց հուզված մայրը:
Արգիշտին երկարատև ու ծանր վիրահատության է ենթարկվել երկու անգամ: Երկրորդ վիրահատությունից առաջ, երբ վիճակը ծայրահեղ ծանր է եղել, Արգիշտին որոշել է մորն ասել ճշմարտությունը. «Ասեց՝ մամ, ուզում եմ մի բան ասեմ, ոչ մեկ չիմանա, առավել ևս, ախպերս՝ Արեգը թող չիմանա, որ զորամասում խնդիրներ չունենա: Էդ ժամանակ նոր ասեց, թե ես ինքս չեմ արել՝ երդվելով, որ իր վրա կրակել են ու պատմեց՝ ոնց է եղել, որ էդ տղան իրեն խնդրել է իր անունը չտալ, ասել, թե ինքն է կրակել իր վրա»:
Պատահական կրակոցի հեղինակը, ըստ ծնողի, Աբովյան քաղաքից Հովհաննես Մանուչարյանն է, ով փորձել է անլուրջ կատակ անել Արգիշտիի հետ: Իսկ կրակելուց հետո պաղատել իր անունը չտալ՝ ողբալով, թե էս ինչ արեցի, ջահել կյանքս խորտակվեց:
«Կարծում եմ՝ էդ զինվորը նորմալ չի, ինձ թվում է՝ լուրջ խնդիր ունի ուղեղի հետ: Զենքը ծիծաղելով պահել է Արգիշտիի վրա: Տղաս ասել է, մի արա, փորձանք կբերես, չի հասցրել ասի, որ զենքը լիցքավորված է»,-պատմեց զինվորի մայրը՝ շարունակելով. «Հետո ողբալով խնդրել է Արգիշտիին ասել, թե ինքն է իր վրա կրակել: Բայց կրակելուց հետո արագությամբ իր զրահաբաժկոնն է հագել, կասկան է դրել գլխին ու ասել՝ վայ, Արգիշտ ջան, իմ ջահել կյանքը խորտակվեց, ես կորա»:
Դեպքի առթիվ դեկտեմբերի 24-ին քրգործ է հարուցվել Քրօրի 373 հոդվածի 1-ին մասով՝ զենքի հետ անզգույշ վարվելը, որն առաջացրել է թեթեև վնասվածք:
Զինվորի հայրը՝ Արամ Հակոբյանը տարակուսելի է համարում հարուցված հոդվածը: «Իմ երեխու վնասվածքները թեթև չեն կարա համարվեն: Ու ամենավիրավորականը գիտեք որն ա, որ մի ամիս ա պառկած է, բացարձակ ոչ մեկի պետքը չի, որ զինվոր կա վիրավորված: Չեմ հասկանում, ոնց կարա սենց լինի»,-դժգոհեց զինվորի հայրը՝ հավելելով. «Բժշկական անձնակազմից անչափ շնորհակալ եմ, բայց մնացածը՝ թե զորամասի հրամանատարությունը, թե ՊՆ-ն, իրանց համար եղած- չեղած ա, հա՞, զինվորը կենդանի կմնա՞, ի՞նչ կլինի, մի անգամ չեն զանգել հարցրել, ո՞նց եղավ, կենդանի ա, թե չէ: Այ դա ա վիրավորականն ինձ համար»:
Արգիշտիի հրամանատար Աշոտ Աղաջանյանը դեկտեմբերի վերջին անձնական բժշկական զննման է գնացել Մուրացանի հոսպիտալ ու մտել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող իր զինվորի մոտ: «Որպիսիությունը հարցնելու փոխարեն՝ կշտամբել է տղայիս՝ թե ինչքան ձեզ սովորացնենք, որ զենքի հետ խաղ չեն անում: Տղաս վիրավորված պատասխանել է, թե ինքը չի կրակել»,-պատմեց Արգիշտիի մայրը՝ հավելելով, որ մինչդեռ իր տղային հոգեբանական աջակցություն էր պետք. «Տարիուկես իմ երեխեն սրբորեն կատարել ա իր ծառայությունը, ոչ մի անգամ չի տրտնջացել»:
Մի քանի օր առաջ Արգիշտին ցուցմունք է տվել քննիչին: Ծառայակցին միայն դրանից հետո են կասկածել: Զինվորի մոր խոսքով՝ եթե, Աստված չանի, իր տղան ողջ չմնար, գործը փակվելու էր: «Մենք էլ մինչև գերեզման տառապելու էինք, որ մեր երեխեն անզգուշորեն ինքն իրան վնասեց ու տենց վերջացավ իր կյանքը: Եթե տղան չկարողանար ցուցմունք տալ, էդ գործը նորմալ չէին քննելու: Հաստատ կփակեին ու վերջ, կբարդեին տղայիս վրա»,-դժգոհեց ծնողը:
Զինվորի ոստիկան հոր համար անհասկանալի է, որ գործով քննիչը դատաբժշկական փորձաքննության ժամանակ բժիշկին չի հարցրել, թե արդյոք Արգիշտին կարո՞ղ էր նշված վնասվածքները ստացած լիներ ինքն իր վրա կրակելու հետևանքով: «Դա ինձ համար անհասկանալի է: Եթե ինչ-որ տեղ իմ տղան մեղավոր է, թող ինքն էլ պատժվի, բայց չեմ թողնի, որ էս գործը սենց լղոզեն, գնա, պետք ա դետալ առ դետալ բացվի»,-հայտարարեց հայրը:
Իսկ ծանր վիրավորում ստացած Արգիշտիի մայրն այժմ անհանգիստ է նույն զորամասում ծառայող մյուս տղայի համար. «Դե, դուք գիտեք տղայական ռազբորկաները ոնց կարան լինեն: Շատ անհանգիստ եմ: Նաև՝ հրամանատարը խոստացավ, որ արձակուրդ կուղարկի՝ եղբորը տեսնելու, բայց չուղարկեց»:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը ծնողների անհանգստության առթիվ փոխանցեց, որ ինքը հրամանատարությանը կզգուշացնի, որպեսզի հաշվի առնեն այդ հանգամանքը, իսկ քննության ընթացքում գտնվող նյութերը մեկնաբանելու իրավունք չունի:
Դիտարկմանը, թե ծնողները խիստ վիրավորված են ՊՆ-ի անտարբերությունից, որ իրենց մահամերձ բերված տղայի վիճակից ոչ ՊՆ-ն, ոչ զորամասից չեն հետաքրքրվել, չեն զանգել, ՊՆ մամուլի խոսնակն այսպես պատասխանեց. «Համաձայն չեմ իրենց հետ: Հոսպիտալը դա ՊՆ-ն է: Հոսպիտալի մարդիկ ՊՆ-ի էն համակարգի մարդիկ են, որ փող են ստանում նրա համար, որպեսզի ուշադրություն դարձնեն: Իսկ հրամանատարը նաև առաջին հերթին մարտական պատրաստականությամբ է զբաղվում: Երկրորդը՝ պարտադիր չի, որ ծնողն իմանա զինվորի առողջությանը հետևելը: Եթե մի գնդի հրամանատարը զանգում է հոսպիտալի պետին, հարցնում է, զինվորը ոնց է, չի նշանակում, որ պետք է անպայման ծնողի մոտ գալչկա ստանա, որ ինքը հետաքրքրվել է»:
Փաստորեն ՊՆ-ում ու զորամասերում վիրավորված զինվորների նկատմամբ ուշադրությունը խիստ գաղտնի է պահվում նրանց ծնողներից, որ հանկարծ ծնողները կամ հենց ինքը զինվորը, որը նաև հոգեբանական աջակցության կարիք ունի, որևէ չզգան, թե ՊՆ-ն հետաքրրքված է իր զինվորի որպիսությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան փոխանցեիցին, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Ա.Հակոբյանը նշված վնասվածքն ստացել է համածառայակից, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Մ-ի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում արձակված կրակոցից:
Ըստ ՔԿ-ի ձեռք բերած բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ուշագրավ է, որ Արգիշտիի ծառայակիցը, ում մեղադրանք է առաջադրվել ծանր հետևանքներով անզգույշ կրակոցի համար ոչ ձերբակալվել է, ոչ կալանավորվել, այլ «հանձնվել է զորամասի հարամանատրության հսկողությանը»:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: