Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սանա Ծռեր 2» քրեական գործի քննությունը։ Նիստը սկսվեց խմբավորման աջակիցների ակցիայով․ վերջիններս իրենց ձեռքում էին պահել Սմբատ Բարսսեղյանի և Արմենե Բիլյանի լուսանկարները և պահանջում էին ազատ արձակել նրանց։

Այսօրվա նիստին ներկայացել էին այս գործից անջատված մասով մեղադրյալներ Կարեն Հակոբյանը, ով «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանի որդին էր, և Վահե Պետրոսյանը։ Նրանք հրաժարվեցին դատարանում ցուցմունք տալ, ինչի պատճառով էլ դատարանը հրապարակեց մեղադրյալներ Հակոբյանի և Պետրոսյանի նախաքննակաան ցուցմունքները։

Կարեն Հակոբյանը դատարանին հայտնեց, որ «Սասնա Ծռեր» խմբավորման կազմում և ՊՊԾ գնդում հայտնվել է հոր՝ Մարտիրոս Հակոբյանի միջոցով։

«Հայրս ասաց, որ ամեն գնով պիտի երկրում հեղաշրջում կատարվի, Սեֆիլյանը բանտում ա, սակայն  շարժումը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը: Հետո հարցրեց՝ կա՞ն արդյոք հավատարիմ մարդիկ, ովքեր կարող են միանալ շարժմանը: Հայրս տեղեկացրել ա, որ շարժմանը մասնակցելու ա նաև Պավլիկ Մանուկյանը: ՊՊԾ գնդի գրավումից մեկ օր առաջ հայրս զանգեց ու կանչեց  ինձ: Ինձ միացան նաև ընկերներս Վահե պետրոսյանը և Արայիկ Հակոբյանը։ Հայրս անգամ չի մասնակցել սեփական մոր թաղմանը Քաշաթաղում, քանի որ ասել ա՝ կարևոր գործեր կան, հեղաշրջում կատարելուց հետո բոլորով կգնան տատի գերեզմանին»,- իր ցուցմունքում նշել էր Հակոբյանը։

Նախաքննական ցուցունքներից հետո մեղադրյալ Կարեն Հակոբյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր ցուցմունքներից, քանի որ դրանք գրվել են հոգեբանական ճնշման տակ։ Ըստ նրա, իրեն առևանգել են, արգելել զանգել հարազատներին և փաստաբանին, ապա անընդմեջ հարցեր տվել, ինչն էլ ճնշել է իրեն։

«Առաջին անգամ էի զինված «մասկեքով» մարդկանց տեսնում: Մեքենայով կտրեցին դիմացս, կարելի է ասել՝ ելան վրաս, հետո ձերբակալեցին ու տարան: Մոտ 7 ժամ մեկուսացված եմ եղել։ Մի խոսքով, ասել եմ այն, ինչ նրանց դուրը կգար»։

Անդրադառնալով ՊՊԾ գնդում զոհված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի մասին իր ցուցմունքին, հայտարարեց, որ ասվածը չի համապատասխանում իրականությանը:

«Ես ուզում եմ արդար լինել: Ես նրան տեսել եմ ձեռքից վիրավորված, մինչդեռ հետո իրավապահներն ասացին, որ երիկամների հրազենային վնասվածքից է հիվանդանոցում մահացել։ Չեմ կարծում, որ երիկամների վնասվածք ունենալով՝ նա կարող էր ազատ շարժվել: Իսկ ես տեսել եմ միայն նրա վիրավոր ձեռքը, նա ազատ շարժվում էր ու քայլում»: 

Նույնաբովանդակ նախաքննական ցուցմունք էր տվել նաև Վահե Պետրոսյանը։ Նա դատարանում միանգամից հայտարարեց, որ հրաժարվում է նախաքննական ցուցմունքներից և այն ամբողջությամբ սուտ է։ Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները, ըստ որի, Հակոբյանը քաղաքականությամբ երբեք չի հետաքրքրվել, սակայն Կարեն Հակոբյանի հորդորով մասնակցել է  Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության համար կազմակերպված ցույցին: Կարենը նրան ասել է, որ «մարդաքանակ է  հարկավոր»:

Ըստ ցուցմունքի, գիշերվա ժամը 02։00-ին, նրանց է մոտեցել մարդատար մեքենա, որի նստատեղերը հանված են եղել և հատակին մոտ երեք-չորս տղամարդ է նստած եղել, մոտեցել են մի շինության: Եղել են նաև այլ մեքենաներ, որոնցից իջել են զինված մարդիկ: Վահեն նկատել է, որ դա ցույցի գնալու նման չէ, ասել է՝ ուզում է իջնել և հեռանալ: Մեքենան մտել է մի տարածք, որը հետագայում է հասկացել՝ ոստիկանական գունդ է: Վահեն պառկել է գետնին, քանի որ անդադար կրակել են, տեսել է, որ «մեշոկներով» զենքեր են բերվել, որոնք բաժանվել են բոլորին, նկատել է  նաև ձեռքից վիրավոր ոստիկանին, որին մեկ այլ ոստիկան ուղեկցել է դեպի շտապօգնության մեքենա:

Մեքենան հեռու է  կանգնած եղել: Գունդը գրավածներն արգելել են մեքենային շատ մոտենալ: Քիչ անց նկատել է, որ գունդը գրավածները հրմշտելով բերել են մի քանի ոստիկանի, նրանց թվում՝ Վալերիյ Օսիպյանին:

«Աշոտը պոկեց Օսիպյանի համազգեստի ուսադիրները: Օսիպյանից պահանջում էին, որ ոստիկաններին ասի՝ ազատեն տարածքը: Նրան հարվածեցին ու ասացին, որ նրա դեմ ոչինչ  չունեն, բայց պահանջում են, որ Սեֆիլյանն ազատվի: Ես հարցրի Կարենին՝ մի՞թե իմ հայրը քո նկատմամբ էդպիսի բան կաներ, մի՞թե հնարավոր է  հեղափոխություն անել մի քանի  հոգով»,- իր ցուցմունքում նշել էր Պետրոսյանը։

Նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո Վահե Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի, փոխարենը ասաց, որ նախաքննական մարմնում հարցաքննելիս իրեն հարցեր շատ չեն տրվել, եղել է թելադրանք․

«Տպավորություն է եղել, որ եթե չասեմ իրենց ուզածը, կձերբակալեն, եթե ասեմ՝ բաց կթողնեն»։

Կարեն Հակոբյանը և Վահե Պետրոսյանը ՊՊԾ գունդը լքել են իրենց մուտք գործելուց օրեր անց։ Նրանք նկատել են ավտոտնակի ու պատի միջև առկա բաց տարածքը, բարձրացել պատի վրա ու փախել:

Ի դեպ, հատկանշական է, որ այս երկու մեղադրյալներին օրեր առաջ, մինչև այսօրվա նիստին ներկայանալը, հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն։ Ըստ Հակոբյանի և Պետրոսյանի այնտեղ որևէ խոսք չի եղել ցուցմունքների մասին, սակայն իրենց տարօրինակ է թվացել ՀՔԾ-ի կանչը։

Դատարանը Կարեն Հակոբյանի և Վահե Պետրոսսյանի հարցաքննությունն ավարտված համարեց։

Pin It on Pinterest