«Դատարանը որոշում կայացրեց մերժել ինքնաբացարկի վերաբերյալ մեր միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Արամ Օրբելյանի հետ դատավոր Արթուր Մկրտչյանի կապերն այնքան մոտ չեն, որ դա ազդի իր անաչառության վրա»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Ավելի վաղ՝ Օրբելյանը մանրամասնել էր, որ պաշտպանական թիմի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հիմք է հանդիսացել նախագահող դատավորի և իր միջև առկա ջերմ կապը, այդ թվում նաև նախագահող դատավորի որդու հետ երկարատև ընկերական շփումը.

«Կապանում բավականին երկար ընկերական շփում ենք ունեցել, որոշ ժամանակ համադասարանցիներ ենք եղել, շատ լավ հարաբերություններ ունեցել, միասին դաշնամուրի ենք գնացել։ Բացի դրանից, նախագահող դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի նաև իմ կնոջ քեռու հետ, որի ընտանիքի հետ նույնպես ունենք շատ մոտ ընկերական հարաբերություններ, բացի դրանից նախագահող ընտանիքի խնամիներն էլի մեր հարազատներն են և այս բոլորի հետ կապված առկա էր անաչառության որոշակի էլեմենտ»,- նշել էր փաստաբան Օրբելյանը:

Պաշտպանական կողմը շեշտում է, որ այս հանգամանքները չբարձրաձայնվելու դեպքում, հետագայում Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ անգամ կհայտարարեր, որ դատարանն ապօրինի որոշում է կայացնում, ուստի այս ամենը ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդության հիմքում:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը հետաձգվեց մինչև վաղը 11:00-ն: Ինչպես հայտնեց պաշտպան Ալումյանը, ինչպես այսօր, այնպես էլ վաղը նիստին ներկա չի գտնվելու ՀՀ երկրորդ նախագահը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest