Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշում կայացրեց մերժել պաշտպանական թիմի կողմից իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Վերաքննիչ  դատարանի մոտ  հավաքված մի խումբ ցուցարարներ հայտարարեցին, որ հոգնել են նիստերի անվերջ հետաձգումներից և կոնկրետ գործողություններ են ուզում: Մասնավորապես, նրանք պահանջում են, ոոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպի իրենց հետ, քանի որ մի քանի կարևոր հարցեր ունեն քննարկելու նրա հետ:

Այս պահին ցուցարարները շարժվում են դեպի Արշակունյաց փողոց. նրանք մտադիր են փակել փողոցը:

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքի քննությունը:

Վերաքննիչ  քրեական դատարան էր այսօր եկել նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ ի աջակցություն իրենց կոլեգայի:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի  ավարտից հետո, ցուցարարներից մեկը ինչ-որ հեղուկ էր լցրել Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա, ինչպես նաև թքել վերջինիս ուղղությամբ: Միջադեպի վերաբերյալ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:

Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործի շրջանակներում ինքն արդեն բացատրություն գրել է.

«Իմ մեքենայի վրա թքած անձն այն անձն էր, ով հաջորդիվ հանդիպել է ԱԺ նորընտիր պատգամավորի հետ և Ջիվան Աբրահամյանի հետ քննարկում էին, թե այսօր ոնց են ճնշում գործադրելու դատարանի վրա: Հեղուկ լցնող անձին չեմ տեսել, կարող է չճանաչեմ»,-ասաց նա:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր հերթին ասաց, Վերաքննիչ դատարանի մոտ բողոքի ակցիա չեն իրականացնում ի պաշտպանություն փաստաբանի, փաստաբանը պաշտպանված է օրենքով.

«Տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ փաստաբանի նկատմամբ ճնշում է գործադրվում՝ պայմանավորված իր մասնագիտական գործունեությամբ, վիրավորում են, թքել են մեքենայի վրա, ինչը մեզ անհանգստացնում է, որովհետև եթե փաստաբանն իրեն պաշտպանված չզգա, բնականաբար, դա լուրջ հարված է մեր պետականությանը: Մենք այստեղ ենք, որովհետև ցանկանում ենք  աջակցել մեր գործընկերոջը, և եթե կլինեն ցուցարարներ, խնդիրը լուծենք բանակցելու միջոցով: Խնդիրն այն է, որ, ցավոք, մի խումբ անձինք փաստաբանին նույնացնում են իր վստահորդի հետ»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: Դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest