«Եթե Մանվել Գրիգորյանի գործը հասնի դատարան, ապա նա անմեղ է ճանաչվելու». պաշտպան

0
905

Վերաքննիչ քրեական դատարանում քննվող գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունն ընդամենը մի քանի րոպե տևեց: Դատարանը տեխնիկական խնդրի պատճառով հետաձգեց բողոքի քննությունը.

«Որոշակի փաստաթղթերի անհրաժեշտության կար, բացի դրանից, դատարանը որոշակի ժամանակ տրամադրեց միջնորդությունները պատրաստելու և ներկայացնելու համար»,- լրագրողներ հետ զրույցում նշեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Դատական նիստին ներկա չէր գտնվում Մանվել Գրիգորյանի: Ըստ պաշտպանի, վերջինս ցանկություն էր հայտնել նիստին մասնակցելու, սակայն առողջական վիճակը թույլ չի տվել:

Փաստաբան Մկրտչյանը, անդրադառնալով դատախազի այն հայտարարությանը, թե հնարավոր է Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվի, հայտարարեց՝ դա շանտաժի միջոց է պաշտպանական կողմի նկատմամբ։

«Լրացնելու բան չկա, դա արվում է նրա համար, որ պաշտպանական կողմն իրեն «համեստ» պահի։ Հիմա գիտեն, որ յուրացման, զինվորից գողանալու մեղադրանքը չի հաստատվելու, ասում են, իբր այս գույքն էլ ապօրինի ճանապարհով է ձեռք բերել և այլն։ Իրականությունն այն է, որ Մանվել Գրիգորյանը ոչ մի բան չի յուրացրել»,- նշեց Մկրտչյանը և վստահեցեց՝ եթե Մանվել Գրիգորյանի գործը հասնի դատարան, ապա նա անմեղ է ճանաչվելու։

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց՝ նիստին զուգահեռ բողոքի ակցիա էր ընթանում: Մի քանի տասնյակ քաղաքացիներ պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Ցուցարարները բանավիճեցին անգամ պաշտպան Մկրտչյանի հետ։ Վերջինս անթույլատրելի էր համարում նիստին զուգահեռ ընթացող ցույցերը։ Նրա գնահատմամբ՝ սա ճնշում է արդարադատության նկատմամբ և նման պայմաններում դատական նիստ չի կարող ընթանալ։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել խափանման միջոց կալանքը փոխարինել 25 մլն դրամ գրավով և ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Հենց այս որոշումն էր դատախազությունը բողոքարկում Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին; Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here