Պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է դեռ մեկ ամիս առաջ: Գործն ուղարկվել է դատարան, սակայն հարազատները իրենց փաստաբանի միջոցով պահանջում են գլխավոր դատախազից այն հետ կանչել և կրկին քննել, նոր քննությունը հանձնարարելով այլ քննչական խմբի: Նրանք վստահ են՝ սպանությունը բացահայտված չի, հանցագործությունը կոծկել են մարդասպաններին պատասխանատվությունից ազատելու նպատակով: Վստահ են, որ իրենց որդին բռնաբարող չի:
Սպանության հիմնական վկան՝ Կ. Խ-ն, որի ցուցմունքները մեղադրականի հիմքում են, ըստ քննչական վարկածի, սեռական բռնությունների, վիրավորանքների է ենթարկվել Ադիբեկյանի կողմից և ի վերջո, չդիմանալով ստորացումներին, աֆեկտի վիճակում սպանել է նրան: Նա դիտակետում, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, հերթական ոտնձգություններից ու հայհոյանքից հետո, «հայտնվել է հոգեկան խիստ հուզմունքի՝ ֆիզիոլոգիական աֆեկտի, վիճակում, և վրեժխնդիր լինելու շարժառիթով, Նարեկ Ադիբեկյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խրամաբջջում, լիցքավորել է իրեն հատկացված ԱԿՄ տեսակի ինքնաձիգը և արձակել մենահատ կրակոցներ, որի հետևանքով Ն.Ադիբեկյանը գլխի ու մարմնի տարբեր մասերում ստացել է հրազենային գնդակային վնասվածքներ և տեղում մահացել»: Սակայն Ադիբեկյաննների շահերը ներկայացնող փաստաբան Հայարփի Սարգսյանը ունի բոլոր հիմքերը կարծելու, որ իրականությունը այլ է:
Կ․Խ-ի մարմնի տարբեր հատվածներում՝ ափերի մեջ, բերանի, այտերի, քթի, ամորձիների և հետույքի, ուղիղ աղու շրջանում բազմաթիվ վնասվածքներ ու բռնությունների հետքեր են հայտնաբերվել: Սակայն ոչ մի ապացույց, որ դրանք թողել է Նարեկ Ադիբեկյանը, այլ ոչ, ասենք, զորամասի սպաները, չկա: Ավելին՝ դատաբժշկական եզրակացությունից հետևում է, որ սեռական գործողությունները Կ. Խ-ի հետ կատարել են զորամասում, ոչ թե մարտական հերթապահության ժամանակ, ինչպես ներկայացնում են քննիչները:
Իր բողոքում Հայարփի Սարգսյանը մի շարք էական փաստեր է նշում, որոնք հերքում են նախաքննական մարմնի պաշտոնական վարկածը:
Ադիբեկյանի մարմնի վրա քննությամբ պարզվել է 7 կրակոցի մուտքի անցք և մեկ շոշափող հրազենային վնասվածք: Ըստ Կ. Խ-ի ցուցմունքի, նա 16 մենահատ կրակոց է արձակել Նարեկի ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է Կ․ Խ-ի ինքնաձիգից կրակված 4 պարկուճ: Մյուսները չեն հայտնաբերվել, քանի որ, ըստ քննիչների, դրանք նետվել են չեզոք տարածություն, որտեղ որոնողական աշխատանքներ չեն իրականացվել՝ հակառակորդի տեսադաշտում լինելու հանգամանքով պայմանավորված։ Դա որևէ կերպ չի ապացուցվել ո՛չ փորձագետի կողմից և ո՛չ էլ փորձարարության միջոցով։
Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, որոնք կրակված են որոնք կրակել են առնվազն 4 և ավելի զենքերից, այսինքն, փոխհրաձգություն է տեղի ունեցել առնվազն 4, կամ 5 զենքերից: Գտնվել են պարկուճներ, որոնք չեն համապատասխանում Խաչատրյանի զենքին: Որևէ փորձաքննություն պարզելու համար, թե ովքեր և ինչու են կրակ բացել դեպքի վայրում: «Կա պարկուճ, — ասում է քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը, որը ևս խորացել է այս գործի մանրամասներում, — փոխանակ ուղարկեն փորձագետին և պարզեն, թե որ զենքից է այն կրակված, կանչում են վկա Թոռնիկ Գինոսյանին, որից ցուցմունքն են վերցրել, որը ասում է, որ հավանաբար նախկին հերթափոխն է այն կրակել: Քննիչն իր որոշման մեջ այդ «հավանաբար» բառը կարող էր գրել այն դեպքում, եթե նա օրենքով սահմանված բոլոր քննչական գործողությունները կատարել է և արդյունքի չի հասել, իսկ նա պարզապես չի ուզում պարզել, թե որ զենքից է կրակված»:
Ահա զինդատախազության պատասխանը անհայտ պարկուճի վերաբերյալ: «Գետնատնակի մոտ հայտնաբերված երկու պարկուճներից մեկը, որի կրակած զենքը պարզված չէ, հայտնաբերվել է կացարանի մոտակա ճանապարհին, որը Ն․ Ադիբեկյանի սպանության վայրից գտնվում է 150 մետր հեռավորության վրա և այդ վայրից կոնկրետ դեպքի վայր ուղիղ տեսադաշտ չկա, հաղորդակցումը կատարվում է խրամուղով, այն էլ վայրիվերումներով»։ Սա է պատճառը, որ նախաքննության մարմինը ուղղակի չի անդրադարձել այն հարցին, թե ում 0զենքից և ում կողմից է կրակվել այս պարկուճը, ինչ նպատակով: Հետաքրքիր է, որ գործով վկայություն տված զինծառայողները սկզբում ասել են, որ իրենք ոչինչ չգիտեն, սակայն ռազմական ոստիկանությունում 1-2 ամիս պահվելուց հետո նոր սկսել են ցուցմունքներ գրել:
Սպանված տղայի ճակատի, կողային մասերում, արմնկահոդին քերծվածքներ են եղել, հագուստը պատառոտված է եղել, ինչը կարող է վկայել, որ Նարեկին սպանելուց առաջ բռնության են ենթարկել, իսկ սպանելուց հետո հետո քարշ են տվել գետնով, տեղից տեղ են տեղափոխել: Սակայն այս մասով ևս քննություն չի կատարվել: Ինչո՞ւ: Նախաքննության մարմինը պատասխանում է. որովհետև գետնին արյան հետքեր չեն հայտնաբերվել: Նարեկի դեմքի ու արմնկահոդի վնասվածքների մասին հարցրել են զինծառայող Թոռնիկ Գինոսյանին, որը, ըստ նախաքննության տվյալների, դեպքի վայրում չի եղել: «Փաստորեն, փորձագետի փոխարեն, նրանք դիմել են զինծառայող Գինոսյանին, նրան տալով փորձագետի կարգավիճակ», — ասում է քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը:
Կան հաստատված փաստեր, որոնք չեն պարզաբանվել, որոնց շուրջ քննություն չի իրականացվել: Զինծառայող Սասուն Վարդանյանը հարվածել է Նարեկ Ադիբեկյանին: Դատաբժիշկը հստակ եզրակացրել է արդեն, որ մահից կարճ ժամանակ առաջ Նարեկ Ադիբեկյանը գլխի շրջանում մի քանի վնասվածք է ստացել բութ առարկայով: Ով է հարվածել՝ պարզված չէ: Ադիբեկյանի արյան մեջ էթիլային սպիրտ է հայտնաբերվել, բայց ում հետ երբ, ինչ հանգամանքներում է նա խմել, չեն փորձել քննել: Քննիչն այսպես է բացատրում այս թերությունները. «Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ արյան և մեզի մեջ հայտնաբերվել է էթիլ սպիրտ, որի ուղղությամբ քննիչն անհրաժեշտ հարցաքննություններ է իրականացրել, որոնց արդյունքում պարզապես հնարավոր չի եղել պարզել այդ հանգամանքը»:
Դեռևս նոյեմբերին Ադիբեկյանի իրավահաջորդի ներկայացուցիչը բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազին, թվարկելով այս և բազմաթիվ այլ խախտումներ ու թերություններ, որոնք թույլ է տվել զինվորական դատախազության թիվ 3 կայազորային քննչական վարչությունը: Առանց բողոքին պատասխանելու, ազդարարվեց նախաքննության ավարտը, իսկ պատասխան գրությունը, որը ստացվեց մեկ ամիս անց ընդամենը արդարացումների շարան է, փաստաբանի բարձրացրած հարցերի հետ ոչ մի աղերս չունեցող:
Անհայտ անձանց կողմից բռնաբարված զինվոր Կ. Խ-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով՝ «տուժողի գործադրած բռնության վիճակում կատարած սպանություն»: Սպանված Նարեկ Ադիբեկյանին մեղադրում են 4 հոդվածներով՝ 359-րդ՝ «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը…», 139-րդ՝ «Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները», 182-րդ՝ «Շորթում», 360-րդ՝ «Զինծառայողին վիրավորանք հասցնելը»:
Սա այն երիտասարդն էր, որը եկել է Ռուսաստանից Հայաստան, արգելել է ծնողներին, որ իրեն բանակից ազատեն, անմիջապես զորակոչվել է ու մեկնել է ԼՂՀ, «Եղնիկներ» զորամասում ծառայելու, որը օրինակելի ծառայության համար պարգևատրվել է հրամանատարի կողմից, մեծ հեղինակություն է վայելել զինվորների շրջանում:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: