Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

0
410

Ռոբերտ Քոչարյանի գրավի միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ հայտնեց. դատավորը բավարարեց քննիչի և հսկող դատախազների երեկ ներկայացված միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: 

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները դատավորի գործողությունները գնահատում են որպես «արդարադատությունից խուսափելու ձգտում»: Փաստաբան Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ բոլոր փաստերը և հիմնավորումները ավելի վաղ հայտնի էին և եթե դատավորը մտադիր էր ինքնաբացարկ հայտնել, ապա կարող էր դեկտեմբերի 26-ին կամ 28-ին այդ անել, այլ ոչ թե հետաձգեր այսօր:

«Բոլոր հանգամանքներն, որոնք երեկ հնչեցվել էին, հայտնի էր դատարանին դեռևս միջնորդությունը տալու ժամանակ, հետո ամսի 28-ին՝ քննության ժամանակ և համապատասխանաբար, եթե դատարանը գտնում էր, որ դրանք ինչ-որ ձևով խոչընդոտում են իր անկախությունը և դա կարող էր անաչառ դիտորդի մոտ առաջացնել ինչ-որ խնդիրներ, ինքը կարող էր ամսի 26-ին և հետո ամսի 28-ին ինքնաբացարկ հայտնել և չհետաձգել մինչև այսօր։ Այսօր օրվա ավարտին որոշումները կհանձնեն կողմերին, որից հետո կկարողանանք գնահատական տալ»,- նշեց փաստաբան Օրբելյանը։

Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ այժմ գործը փոխանցվելու  է այլ դատավորի, իսկ թե կոնկրետ ում՝ հայտնի կլինի առաջիկա օրերին: Նախկին նախագահն այսօր ևս նիստին ներկա չէր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել բեկանել Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ որոշումը և գործն ուղարկել դատարան՝ նոր քննության:

Նոր քննությամբ՝ վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատարանի` Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ, ինչով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին կալանավորվեց: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման վերաբերյալ վերաքննիչ որոշումը պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here