Ադրբեջանցի հետաքննող լրագրող, նախագահ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին աղմկահարույց հրապարակումներով հայտնի Խադիջա Իսմայիլովան այսօր Եվրոպական դատարանում երկրորդ հաղթանակն է տարել Ադրբեջանի կառավարության դեմ:

Ստրասբուրգյան դատարանը արձանագրել է, որ ադրբեջանցի իրավապահները արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել լրագրողի անձնական կյանքի նկատմամբ կատարված ոտնձգության գործով: Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին 15 հազար եվրո փոխհատուցում վճարել լրագրողին՝ անձնական կյանքի իրավունքը ոտնահարելու և խոսքի ազատությունը ճնշելու համար:

Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքի բացահայտումներով հայտնի լրագրողը 2012 թվականին անհայտ անձանց կողմից սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել, որում նաև նրա անձնական կյանքին վերաբերող մանրամասներ կային՝ սեռական բնույթի լուսանկարներ, ապա՝ տեսագրություն, որն արվել է լրագրողի ննջասենյակում՝ սիրեցյալի հետ սեռական ակտի ժամանակ: Հետագայում այդ տեսանյութերը նաև համացանցում հայտնվեցին։

Դրան հաջորդեց Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցների կողմից լրագրողին վարկաբեկող ռեպորտաժների շարքը, որոնցում Իսմայիլովային մեղադրում էին հակակառավարական գործունեության, անպարկեշտության, ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի մեջ:

Հետագայում լրագրողն իր բնակարանում հայտնաբերեց բազմաթիվ թաքնված տեսախցիկներ և երկրորդ գաղտնի հեռախոսագիծ։ Այս և մյուս փաստերը քննության առարկա դարձան նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններում, որոշ քայլեր արվեցին, այդ թվում՝ հարցաքննվեց Իսմայիլովան, հայտնաբերվեց հեռախոսագիծն անցկացնողը։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում էր նաև, որ հարցաքննել է հնարավոր բոլոր վկաներին, լրագրողի նախկին սիրեցյալին, մերձավորներին և ընտանիքի անդամներին: Մեղավորներ, սակայն, այդպես էլ չգտնվեցին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest