«Ստրասբուրգի Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Բաքվի բանտում գտնվելուս ժամանակ իմ նկատմամբ իրականացված մահափորձի, կտտանքների մասով ներկայացված ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանդր Լապշինը:

Գրառման մեջ նա հայտարարել է, որ հաջորդ շաբաթ այցելելու է Երևան:

Հիշեցնենք, որ Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը Լապշինին ներում է շնորհել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest