Միայն 4 տարի անց է սկսում վերականգնվել զինծառայողի խախտված իրավունքները

4 տարվա դատական քաքշուկներից հետո, խոշտանգման հետևանքով հոգեկան խնդիրներ ձեռք բերած զինծառայող Արթուր Հակոբյանի խախտված իրավունքերը վերականգնվում են: Վճռաբեկ դատարանն օրերս բավարարել է մեղադրանքի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը և բեկանել 2017թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ սույն գործով քրեական հետապնդման մարմնի որոշումների դեմ բերված բողոքը մերժելով`ստորադաս դատարանները թույլ են տվել զինծառայող Հակոբյանի՝ Կոնվեցիայի 3-րդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, և Քրեական դատավարական օրենսգրքի  մի շարք հոդվածների խախտումներ՝ 17-րդ, 86-րդ, 210-րդ, որոնք իրենց բնույթով ոչ միայն էական նշանակություն են ունեցել, այլևս ազդել են գործով ճիշտ և արդարացի որոշման կայացմանը:

Բացի վերոնշյալից, Վճռաբեկ դատարանն անդրադարձել է շատ կարևոր հարցի՝ հոգեկան առողջություն ունեցող անձի հարցաքննությանը: Դատարանը փաստել է, որ հոգեկան հիվանդություն ունեցող տուժողին լսելու իրավունքի սահմանափակումը հանգեցրել է Արթուր Հակոբյանի իրավունքների և ազատությունների խախտմանը:

«Վճռաբեկ դատարանը շատ կարևոր նախադեպային որոշում է կայացրել՝ հոգեկան առողջություն ունեցող վկաների հարցաքննության և նրանց ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ: Մեր իրավական համակարգը հասավ այն մակարդակի, որ անձի խախտված իրավունքները վերականգնվեց ոչ թե Եվրոպական դատարանում, այլ Վճռաբեկում: Այն մարդիկ, որոնք ոտնահարել են Արթուրի իրավունքները, պետք է դատարանի առաջ կանգնեն և պատասխանատվություն կրեն իրենց կատարածի համար»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Արթուր Հակոբյանի գործով փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Վճռաբեկ դատարանի որոշումն իրենից ենթադրում է, որ արդար դատաքննության ընթացքում քրեական պատասխանատվության կենթարկվի ինչպես քննիչը, այնպես էլ դատախազը և դատավորները, որոնք կոծկել են գործը:

«Զինվորական համազգեստով մարդ էր տեսնում՝ վատանում էր…»

«Արթուրի առողջական վիճակում էս պահին դրական տեղաշարժ կա: Եթե առաջ զինվորական համազգեստով մարդ տեսնելիս, ընկնում էր  խորը դեպրեսիայի մեջ, վախենում էր, լացում, պաշտպանական շարժումներ անում, ապա էսօր գոնե ավելի հանգիստ ա տանում: Բայց մինչ օրս շարունակում ա ցնցումների մեջ ընկնել, գիշերները դուռը բացել ու փորձել տանից դուրս գալ»,- Forrights-ի հետ զրույցում նշեց բանակում զինծառայող Արթուր Հակոբյանի մորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը:

Արթուրն այս պահին մորաքրոջ խնամակալության տակ է գտնվում, պարբերաբար դեղորայք ընդունում, որը նրան է ուղարկում ԱՄՆ-ում գտնվող բարերարներից մեկը: Ռիտան չի վստահում բժիշկներին ու հիվանդանոցներին, նախընտրում է տանը վերականգնել Արթուր առողջությունը:

Զինծառայող Հակոբյանը նախկինում առողջության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել: Մորաքույրը զարմանում է՝ եթե անգամ իր զարմիկն առողջական որոշակի խնդիրներով զորակոչված լիներ բանակ, ինչպես ներկայացնել է նախաքննական մարմինը, ապա դրա մեղավորները ևս պիտի պատասխանատվության ենթարկվեն:

«Եթե մտավոր խնդիրներ ուներ, բժիշկներն էլ հո՞ մտավոր խնդիրներ չունեին, ինչպե՞ս թույլատրեցին մտավոր խնդիրներ ունեցող անձին զորակոչել բանակ: Կամ եթե անգամ ուներ խնդիրներ, մի՞թե դա առիթ էր՝ երեխային ծեծի ենթարկելու համար»,- ասում է մորաքույրն, ով անձամբ է տեսել իր զարմիկի գլխի շրջանում առկա վնաստածքները, երբ վերջինս տեղափոխվել էր Մուրացանի հոսպիտալ:

Խոշտանգման հետևանքով ստացել էր խորը հոգեբանական տրավմա

«Վերադարձ  Հայաստան» հիմնադրամի միջոցով, ծառայելու նպատակով հայրենիք  վերադարձած Արթուրը բանակ էր զորակոչվել 2015թ.-ի հունվարին, ապա նոյեմբերին՝ առողջական խնդիրներովի պատճառով, տեղափոխվել Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ: Արթուրը Մեղրիի զորամասում դաժան ծեծի էր ենթարկվել մայոր Ջիվան Մկրտչյանի կողմից՝ զորամասի խանութում գտնվելու համար:

«Ես ու ընկերս գնացել էինք խանութ՝ ծխախոտ առնելու: Ընկերս, տեսնելով մայոր Մկրտչյանին, վախից արագ թաքնվում ա: Ես չեմ հասցնում մի կողմն գնալ, հրամանատարն էլ տեսնում ա, որ խանութում եմ, բռնում ինձ ուժեղ ծեծում ա»,- մորաքրոջն էր պատմել Արթուրը, ով խոշտանգման հետևանքով ստացել էր խորը հոգեբանական տրավմա:

Վարույթը իրականացնող մարմինը, Դատախազությունը և դատարանը  բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չեն կատարում գործի վերաբերյալ: Վարույթն իրականացնող մարմինի կողմից՝ Ջիվան Մկրտչյանի, գործով անցնող վկաների և Արթուրի միջև չի կատարվում որևէ առերեսում, քանի որ ակնհայտ  էր դառնալու նրանց և Արթուրի ցուցմունքների էական հակասությունները: Այն անձիք, որոնք բռնություն են կիրառել Հակոբյանի նկատմամբ, այնպիսի ցուցմունք են տվել, որով խուսափել են ենթարկվել քրեական պատասխանատվության:  

«Կոծկել են էլի, ամեն հնարավոր եղանակով փորձել են փակել գործը»,- հավելեց պաշտպան Ղարագյոզյանը:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest