Այսօր պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել Forrights.am կայքում երեկ հրապարակված հոդվածի վերաբերյալ, որը վերնագրել էինք «Կամբատը ծեծել է հոգեխախտ զինվորին. նա հոգեբուժարանում է՝ ծանր վիճակում»:
Հայտարարությունում անպարկեշտ արտահայտություններ կան եզդի երիտասարդի նկատմամբ: Վերջում ՊՆ-ն ուղղակի վատաբանում է նրան. «նման անձիք տեղ չունեն ՀՀ զինված ուժերում, քանի որ նրանք արատավորում են զինվորականի արժանապատվությունը»:
Կարճ հիշեցնենք, խոսքը ազգությամբ եզդի, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ 19 տարեկան Յուրիկ Բրոյանի մասին է, որին օգոստոսին զորակոչել են բանակ, Մարտակերտի զորամաս, չնայած ժառանգաբար փոխանցվող հոգեկան խնդիրներին և այն հանգամանքին, որ երիտասարդը չի կարողանում խոսել ու դպրոց չի գնացել: Ծառայության մեկնելուց մի քանի օր հետո տղային դաժան ծեծի է ենթարկել նրա «կոմբատը» Բաբ մականունով, և ապա ուղարկել են հոգեբուժարաններ, որտեղ նրա վիճակն ավելի է վատացել:
Նախարար Դավիթ Տոնոյանը չի ընդունում Յուրիկի մորը, չի պատասխանում նրա նամակներին: Իսկ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ մեզ պատասխանել էր, որ մասնագիտացված հանձնաժողովի որոշմամբ Բրոյանը պիտանի է սահմանափակումներով ծառայության համար, իսկ ծեծի վերաբերյալ զինվորը պետք է դիմի համապատասխան մարմինների: Այսինքն, ՊՆ-ն այլևս պատասխանատու չի զինվորի ծեծի համար, զինվորն ինքը պիտի դիմի պատասխանատուներին։ Հետաքրքիր է, թե սպաների կողմից ծեծված քանի զինվոր է մինչ օրս դիմել ռազմական ոստիկանություն:
Ինչևէ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հարկ է համարել կրկին անդրադարձել է թեմային, կոշտ որակումներ կատարելով զինվորի հասցեին: ՊՆ-ն հայտնում է, որ Յուրիկ Բրոյանը ենթակա է եղել զորակոչի 2017թ.-ի ձմռանը, խուսափել է ծառայությունից, որ հարուցվել է քրեական գործ, որը Բրոյանը բողոքարկել է դատարանում, սակայն պարտվել է:
«2018թ.-ի ամառային զորակոչի ընթացքում Յու. Բրոյանը, ստուգիչ հետազոտությունից հետո, կրկին ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով և զորակոչվել ՀՀ ԶՈւ շարքեր: Զինվորական ծառայությանը հենց առաջին օրվանից տրամադրված չի եղել, մի քանի օր անց արդեն կատարել է ինքնավնասում՝ դրանով իսկ արտահայտելով իր դժգոհությունը զորակոչվելու փաստի առթիվ: Այս փաստով, այսինքն` իր առողջությանը վնաս պատճառելու, անդամախեղման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, 363-րդ հոդվածի առաջին մասով… 29.10.2018թ.-ին Յու. Բրոյանը հոսպիտալային ՌԲՀ-ի կողմից «Թեթև մտավոր հետամնացություն, տարել է հարմարվողականության հակազդում, դիրքորոշված վարքագիծ» ախտորոշմամբ ներկայացվել է ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի նիստին, որի ընթացքում վերջինիս վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերին և օբյեկտիվ զննման տվյալներին համապատասխան տրվել է եզրակացություն՝ սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության:
Զինհոսպիտալից դուրս գրվելուց հետո, սակայն, Յու. Բրոյանը զորամաս չի տարվել, քանի որ շարունակել է դրսևորել նույն դիրքորոշված վարքագիծը և սկսել է չխոսել: Անմիջապես հաջորդ օրը՝ 07.11.2018թ.-ին, տեղափոխվել է «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ, որտեղից էլ 16.11.2018թ.-ին կրկին ուղեգրվել է ՀՀ ՊՆ ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք: ԵԿՀ հոգեբուժական բաժանմունքում բաժնի պետի և բժիշկների համատեղ զննմամբ արձանագրվել է, որ վերջինս ներկա պահին հոգեբուժական բաժանմունքում բուժման և վերափորձաքննության կարիք չունի: Զինծառայողը հետ է ուղարկվել զորամաս: Չկարողանալով հասնել ցանկալի արդյունքի, այն է՝ կրկին հոսպիտալացվել, Յու. Բրոյանը զինհոսպիտալում այս անգամ արդեն, որպես բողոքի դրսևորում, հրաժարվում է նաև սնունդ ընդունելուց, ինչը պատճառ է հանդիսանում նրան կրկին ՀՀ ՊՆ ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք ուղեգրելու համար»:
Յուրիկ Բրոյանի մայրը՝ Մարինե Բրոյանը, վստահեցնում է, որ նախարարությունում ստում են: Նա շարունակում է պնդել, որ իր որդին լուրջ հոգեկան խնդիրներ ունի: Նա պատմում է, որ իր եղբայրը ևս տառապում է հոգեկան հիվանդությամբ, որ իր որդին ունի ընկնավորություն, իսկ Յուրիկը մշտապես ունեցել է մտավոր ու հոգեկան խնդիրներ, հաճախ նոպաների մեջ է ընկել:
Մայրը չի վստահում ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին, որին պետք է զինվորների թիվ ապահովել: Նա պատմում է, որ առաջին անգամ չի տվել որդուն տանեն բանակ, որովհետև օրենքով նրան իրավունք չունեին զորակոչել, իսկ երկրորդ անգամ Յուրիկին կարողացել են տանել, որովհետև ինքը հիվանդանոցում է եղել: Մարինե Բրոյանը վստահ է, որ իր որդու նկատմամբ հանցագործություն է կատարվել զորամասում:
«Նա ինձ հասցրեց ասել, որ կոմբատը իրեն ծեծել է: Բայց ինչ են արել, ինչ չեն արել, ես էլ չգիտեմ: ծեծելուց հետո տարել են Ստեփանակերտի հոգեբուժարան, հետո բերել են Երևան, բայց երեխես էլ չի խոսում ոչ մի բառ: Էլ ինձ բան չի կարում պատմի», — գանգատվում է Մարինե Բրոյանը:
Նա պահանջում է որդու բժշկական հետազոտությունների փաստաթղթերը, սակայն ՊՆ-ում նրան ապօրինաբար չեն տրամադրում դրանք: Փոխարենը վիրավորական որակումներ են հրապարակում, վարկաբեկելով իր որդուն, տարածելով, որ նա ամեն կերպ ուզում է խուսափել ծառայությունից: «Վերջինիս վարքը- ասված է ՊՆ հաղորդման մեջ, — տեսադաշտում և տեսադաշտից դուրս կրում է խիստ հակասական բնույթ: Այսպես՝ բուժանձնակազմի ներկայությամբ կուչ է գալիս, քայլում է դանդաղ, հարցերին պատասխանում է գլխի և ուսերի շարժումներով, հրաժարվում է սննդից, իսկ տեսդաշտից դուրս հանգիստ է, նորմալ սնվում է, հեռուստացույց դիտում, իսկ տեսակցության ժամանակ ազատ շփվում է հարազատների հետ»:
Այսօր կրկին լարված օր էր Յուրիկ Բրոյանի մոր համար: Կանազի հոգեբուժարանից նրա որդուն տեղափոխեցին Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղից պատրաստվում էին ուղարկել նույն զորամաս, որտեղ նրան ծեծի են ենթարկել: Մենք դիմեցինք ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանին, որի միջամտությունից հետո իրավիճակը փոխվեց:
Ալիկ Ավետիսյանը այցելեց Յուրիկ Բրոյանին, զրուցեց նրա մոր հետ: Նա նաև կապվեց քննչական մարմիների հետ և պարզեց, որ ծեծի փաստով քրեական գործ կա հարուցված, որով Յուրիկ Բրոյանը ճանաչվել է տուժող: Ալիկ Ավետիսյանը զրուցեց նաև Մարիեն Բրոյանի հետ, խոստացավ, որ Յուրիկի տեղափոխման հարցը այլ զորամաս կլուծվի: Գնդապետ Ավետիսյանը մեզ հայտնեց, որ մինչև նոր որոշման ընդունումը Բրոյանին կտեղափոխեն ռազմական ոստիկանություն: Երեկոյան զինծառայողը գտնվում էր ռազմական ոստիկանությունում: Մարինե Բրոյանը փաստաբան է հրավիրել, որը սկսելու է նրա որդու բժշկական հետազոտության արդյնունքների բողոքարկումը:
Քննչական կոմիտեից Forrights.am-ին հայտնեցին, որ զորամասում տեղի ունեցած միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցված պաշտոնեական կեղծիքի, Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, կաշառք ստանալու, իշխանությունը չարաշահելու հոդվածներով:
«N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Յուրի Բրոյանի մոր՝ Մարինե Բրոյանի՝ ՀՀ ՊՆ Երևանի ՌՈ բաժնում հանցագործությունների դեպքերի առթիվ տրված հաղորդման հիման վրա, Երևանի կայազորի զինվորական
դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, 358.1-րդ
հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ
հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը, 14.12. 2018թ.ստացվել է ՀՀ
ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին և կատարվում է նախաքննություն:
Յու.Բրոյանը քրեական գործով ճանաչվել է տուժող: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է», — ասված է ՔԿ պատասխանում:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: