Ազգությամբ եզդի, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ 19 տարեկան Յուրիկ Բրոյանը ժառանգաբար փոխանցվող հոգեկան հիվանդություն ունի: Հոգեկան հիվանդությամբ է տառապում նրա քեռին, իսկ եղբայրը էպիլեպտիկ է: Յուրիկը գրեթե դպրոց չի հաճախել։ Մայրն ասում է, որ կիսատ-պռատ առաջին-երկրորդ դասարան է հաճախել: Տղան գրել կարդալ չգիտի:

Այդուհանդերձ, օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հետազոտեց երիտասարդին: Նրա բժշկական փաստաթղթերում նշվեց «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշումը: Հոգեկան հիվանդությամբ տառապող, ինքնավնասման հակում ունեցող Յուրիկին ճանաչեցին պիտանի սահմանափակումներով ծառայության համար և զորակոչեցին բանակ:

Ահա ինչպես է նկարագրում Յուրիկի հիվանդագին վիճակը նրա մայրը, Մարինե Բարոյանը:

«Ինքը որ պահի տակ վատանում ա, ընկնում ա ցնցումների մեջ, մինչև արյուն չհանի, չի հանգստանում: Հետո որ ուշքի էր գալիս, ասում էր՝ մամա, ոնց որ ուրիշ անձնավորություն մեջս մտնի ու դրդի, որ ես վատ բան անեմ: Ես որ ծնող էի, գիտեի իր վիճակը: Ինքը դաժե տան մեջ ախպերների հետ չէր շփվում, մեկուսացած էր: Վաենկամատն էլ ասում ա՝ ինքը պիտանի է, մենք հետազոտել ենք: Իրենց պետք էր զինվորների շարքը լրացնեն, իրենց զինվոր էր պետք, տղայիս տարան»:

Յուրիկի զորակոչումը նման է եղել առևանգման: Օգոստոսի 11-ին տղային կանչել են Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով և այնտեղից ուղիղ տարել են Մարտակերտ: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մայրը երկար ժամանակ չի կարողացել պարզել, թե ուր են տարել տղային:

«Մի լավ ծանոթից նախարարության «Թեժ գծի» համարը իմացա, կապվեցի թեժ գիծ, ասեցին, հանգստացեք, հիմա կճշտենք, կասենք, երեխեն ուր ա», — վերհիշում է Մարինեն:

Յուրիկ Բրոյանը ծառայության առաջին օրերին մորը պատմում է, որ չի կարողանում շարային քայլը յուրացնել, քանի որ ոտքերը թուլանում են:

«Էդ ընթացքում որ երեխուն քայլացնում են, երեխեն թուլանում ա, սիրտը բռնում ա, երեխի  վրա գոռգռում են, ասում ե՝, դու ձև ես բռնել, ուզում ես ազատվել: Մի քանի անգամ նա քայլելուց վատացել ա, զինվորները երեխուն գրկած, վազացրել են բուժկետ, ասում էր՝ չեմ կարում, սիրտս թուլանում ա, ոտքերս թուլանում են, ես չեմ կարող երկար քայլել»:

Մարինե Բրոյանի որդիներից մեկը սրտի արատ ունի, մյուսը՝ այդ նույն հիվանդությունից մահացել է դեռ մանկահասակ տարիքում: 

Կինը պատմում է, որ Յուրիկը ծառայում է մոտ 10 օր: Մարտակերտի զորամասի «կամբատը»՝ «Բաբ» մականունով դաժան ծեծի է ենթարկում որդուն, որից հետո տղան հայտնվում է Ստեփանակերտի հոգեբուժարանում:

«Ինձ զանգեց Ստեփանակերտի հիվանդանոցից մի կին, ասեց՝ ձեր երեխան հոգեբուժարանում է, վատ  վիճակում, եթե կարաք, եկեք ձեր երեխուն տեր կանգնեք, բայց ես չկարողացա գնալ: Հնարավորություն չունեմ: Հետո երեխուն տեղափոխում  են Կանազի հոգեբուժարան», — պատմում է զինվորի մայրը: Այստեղ նա վերջապես կարողանում է տեսնել որդուն և չի ճանաչում նրան:

«Ես ու ամուսինս գնացինք,- լաց լինելով ասում է Մարինե  Բրոյանը,- ներս մտա, երեխուս տեսա ահավոր վատ վիճակում: Ոչ նորմալ քայլում էր, հազիվ խոսում էր, ոնց որ խորը սարից հանես դուրս երեխուն: Շարժվել չէր կարում: Տեսա, որ թևի վրա հետքեր կային: Փրթել ա իրան»:

Յուրիկը 3 ամսից ավել է կորցրել է խոսելու ընդունակությունը:

Մարինե Բրոյանը գանգատվում է կանազի հոգեբուժարանի բժիշկներից: Ասում է, որ նրանք վատ են վերաբերվում զինվորների հետ, գոռում են նրանց վրա, ձեռք են առնում: Մարինեին բժիշկներից մեկն ասել է.

«Ձեր երեխու կյանքը կապված է իմ ձեռքի թուղթ ու գրիչից, գնա, ուր ուզում ես բողոքի, քո բողոքը ոչ մի տեղ չի անցնի»:

Մայրը պահանջում է, որ իրեն թույլ տան հետազոտել որդուն: Նա համաձայն չի ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հետ և վիճարկում է այն Երևանի վարչական դատարանում: Մարինե Բրոյանին, որը ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, իրավական աջակցություն է ցուցաբերել է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը մեզ հայտնեց, որ համապատասխան բժիշկների ներգրավմամբ ուսումնասիրվել են Յուրիկ Բրոյանի բժշկական փաստաթղթերը և հայտնաբերել են, որ ռազմաբժշկական հանձնաժողովը չի ունեցել բավարար հիմքեր Յուրիկի մտավոր հետամնացության աստիճանը որոշելու համար:

«Որոշակի հետազոտություններ կան, որոնք չեն արվել: Բողոքարկման հիմքն այն  է, որ եթե նման հետազոտություններ չեն արել, ապա չէին կարող որոշել թե արդյոք նա պիտանի է զինվորական ծառայության համար, թե ոչ», — ասում  է փաստաբանը: 

Դատական գործընթացը ձգձգվում է: Հերթական նիստը նշանակված է հունվարին:

Իսկ մինչ այդ Մարինե Բրոյանը նամակներ է ուղարկում պետական ատյաններ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին: Վերջինիս հասցեագրված նամակը Մարինե Բրոյանը առ ձեռն է հանձնել պաշտպանության նախարարության անցագրային կետի աշխատողներին: Այնտեղ կնոջը նախ երկար սպասեցրել են, հետո անցակետի ծառայողական հեռախոսով մի աշխատակից խոստացել է, որ նախարարը կզբաղվի իր խնդրով: Նախարարը չի զբաղվել: Նա առհասարակ չի զբաղվում բանակայինների խնդիրներով: Անգամ քաղաքացիների ընդունելություններ չի անցկացնում:

Մարինեին մնում է դիմել նրան լրագրողների միջոցով: Նա ուզում է զգուշացնել նախարարին, որ իր որդին չի կարող զենք կրել, շարային լինել:

«Կամ մի վնաս իրեն կտա, կամ՝ ուրիշին: Էդ ժամանակ ի՞նչ եք անելու: Դու ինձանից էսօր երեխա ես վերցրել, տարել բանակ, դու ինձ պատասխան պետք է տաս», — ասում է Բրոյան Մարինեն Տոնոյան Դավիթին:

Նա երկու անգամ սրտի կաթված է տարել: Տուն չունի: Ամուսնու ու հիվանդ որդու հետ ապրում է բարեկամների տանը, ծայրահեղ պայմաններում:

Պաշտպանության նախարարությունից Forrights.am-ին պատասխանեց մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը․ «Կայացվել է համապատասխան մասնագիտական որոշում։ Այսինքն, սուտ է որ նրա խնդիրները անտեսել են։ Ինչ վերաբերում է ծեծին, ապա դա հանցագործություն է, որի համար նա պետք է դիմի համապատասխան մարմինների»։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest