Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՊՊԾ գնդում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր միջնորդությունը՝ պաշտպան Արայիկ Պապիկյանին ներգրավել որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:
Այդպիսով՝ ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի, խախտվել են տուժողի իրավահաջորդի իրավունքները, չնայած նրան, որ դատարանը Տեփանոսյանի իրավահաջորդ է ճանաչել ոչ թե հորը, այլ կնոջը:

«Փաստացի սպանվածի իրավահաջորդի ձայնը լսելի չէ, մասնագիտական աջակցություն չկա: Ողջ դատավարության ընթացքում որևէ մեկը իրականում չի ներկայացրել Տեփանոսյանի շահերը դատարանում: Տեփանոսյանի անունը չի հնչել, այդ սպանության բացահայտման ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացվել»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ակհայտ է՝ դատախազությունը չի իրականցրել Տեփանոսյանի սպանության հանգամանքների բացահայտման քննության վերահսկողություն:

«Այո, օրենքի համապատասխան է արվել, բայց իրավունքի տեսանկյունից էստեղ շատ մեծ խախտում կա: Կինը ճանաչվել է իրավահաջորդ, բայց ցավոք, մենք համոզմունք ունենք, որ Տեփանոսյանի կնոջը ամբողջական տեղեկություններ չեն տրամադրել, նաև այն, որ նա ոստիկանության համակարգում է աշխատում, կարծում եմ, կաշկանդում է իրեն»,-նշեց իրավապաշտպանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ կասկածներ կան, որ Տեփանոսյանը զոհաբերվել է: ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին 30-ամյա ոստիկան Յուրի Տեփանոսյանը սպանվել էր մգեցված ապակիներով ոստիկանական մեքենայի մեջ նստած ժամանակ՝ հետևից գլխին ստացած հրազենային վիրավորումից:

Հիշեցնենք, որ Տեփանոսյանի հայրը վերջերս հայտարարեց, որ փաստեր ունի, որ որդուն ոստիկաններն են սպանել՝ ՊՊԾ գնդի վրա գրոհելու հիմք ստեղծելու համար: Ավելի վաղ՝ «Սասնա ծռերը» հայտարարել էին, որ իրենք կապ չունեն այդ սպանության հետ:

«Հնարավոր է՝ մեղավորները նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք անպայման պետք է պատժվեն: Որովհետև չպատժելը կարող է ենթադրել նոր զոհաբերություններ, դա պետք է բացառել մեկընդմիշտ: Ինչպես Մարտի մեկին զոհաբերեցին ոստիկանին, էս դեպքում էլ մենք ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ Տեփանոսյանը ևս զոհաբերվել է՝ գտնվելով ՊՊԾ գնդի տարածից դուրս»,-ասաց իրավապաշտպանը:

Տեփանոսյանի հոր պաշտպան Արայիկ Պապիկյանը տեսաուղերձով հայտարարել է, որ քրգործի քննության առաջին օրվանից մինչ օրս ոչ մի գործողություն չի կատարվել Յուրա Տեփանոսյանի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Դատաքննության ընթացքում փորձ չի արվել բացահայտել, թե ի վերջո որն է եղել Յուրի Տեփանոսյանի մահվան իրական պատճառը: Այն պաշտոնական վարկածը, որը ներկայացվել է, և գործի մեջ առկա մի քանի թղթերը, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում»,-հայտարարել է պաշտպանը՝ հավելելով. «Որևէ մեկը հարկ չի համարել ուշադրություն դարձնել ու բացահայտել, թե արդյոք այդ փաստաթղթերում նշվածը որևէ կերպ վերաբերում է ճշմարտության բացահայտմանը»:

Ըստ պաշտպանի՝ Յուրայի հայրը երկու տարի լռել է՝ ունենալով հավաստի տեղեկություններ իր որդու սպանության վերաբերյալ:
«ՊՊԾ գնդի տարածքում սպանված թե Յուրա Տեփանոսյանի, թե Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները օբյեկտիվ չեն քննվել, և մեղադրանքներ են առաջադրվել մարդկանց շատ շինծու և քրեական իրավունքից կիոմետրերով հեռու թղթեր գործի մեջ ներգրավվելով»,-հավաստիացրեց պաշտպանը:

Նա պնդեց, որ կան ուժեր և մարդիկ, որոնք ամենևին շահագրգռված չեն ճշմարտության բացահայտմամբ. «Որովհետև ճշմարտության բացահայտման դեպքում մի շարք պաշտոնյաներ ՀՔԾ-ում, ոստիկանությունում, ԱԱԾ-ում զրկվելու են իրենց ուսադիրներից, իսկ ոմանք հայտնվելու են բանտախցերում, որովհետև նրանք կեղծ և շինծու ապացույցներ ստեղծելով փորձել են թաքցնել իրական ճշմարտությունը»:

Պաշտպանը շեշտեց, որ ողջ ընթացքում մասնագիտական աջակցություն չի ստացել տուժողի իրավահաջորդ ճանաչված Յուրա Տեփանոսյանի կինը: «Գոնե նրան ճիշտ տեղեկություններ չեն հայտնում, որ դատարանում որևէ մեկը չի զբաղվում Յուրա Տեփանոսյանի շահերով: Յուրի Տեփանոսյանի հետ կապված փորձաքննությունների հետևությունները, մեղմ ասած, ճիշտ չեն»,-շեշտեց պաշտպանը:

Ուստի Պապիկյանի Տեփանոսյանի հոր ու իր անունից հայտարարեց, որ չեն դադարելու պայքարել և հետամուտ են լինելու ճշմարտության բացահայտմանը. «Պատասխան պիտի տա յուրաքանչյուր ոք, ով թաքցնում է ճշմարտությունը»:
Արայիկ Պապիկյանի համար կասկածելի է, որ տեսանկարահանումները, որոնց մասին խոսել է միջնորդի դեր ստանձնած Վիտալի Բալասանյանը, չեն ներկայացվել դատարան: Ըստ նրա՝ ՊՊԾ գնդի տարածքը մի քանի դիպուկահարների կողմից հսկվել է, ուստի Տեփանոսյանի սպանության պաշտոնական վարկածը բացառվում է:
«Այն, որ Յուրա Տեփանոսյանի հորը ու նրա փաստաբանին ամեն կերպ փորձում եք հեռու պահել գործից, նշանակում է՝ թաքցնելու բան ունեք, վախենալու բան ունեք: Չեք ցանկանում, որ ճշմարտությունը բացահայտվի, ուրեմն շահագրգռված եք: Բոլոր շահագրռիր անձինք, ովքեր կանգնած են այս ամենի հետևում ենթարկվելու են պատասխանատվության»,-հայտարարեց Պապիկյանը:
Հիշեցնենք,  որ այս տարվա մարտի 28-ին հրապարկվեցին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանների դիակների փորձաքննության արդյունքները։

Պաշտոնական վարկածով՝ Յուրի Տեփանոսյանի մահվան պատճառ է դարձել ողնուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարումը՝ ողնաշարի պարանոցային հատվածի և գանգի դիմային հատվածի համակցված հրազենային, գնդակային, կույր վիրավորում ստանալու հետևանքով, որն անմիջական կապի մեջ է եղել մահվան հետ:

Նույն պաշտոնական վարկածով՝ Տեփանոսյանի մարմնի վրա հայտնաբերվել է նաև սալջարդ` կրծքավանդակի հետին մակերեսին, այն պատճառվել է սուր եզր ունեցող կույր առարկայով՝ նրա կենդանության օրոք՝ մահվանից անմիջապես առաջ։

Ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանին:

Հ․Գ․ ՊՊԾ գնդում սպանված Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Տեփանոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում զարմացավ հարցից, որ ինքը, որպես իրավահաջորդ, զրկված է իրավական աջակցությունից ու որ իր իրավունքները խախտված են։ «Ես ունեմ իմ իրավունքները պաշտպանողը դատարանում և անցած դատին էլ շեշտել եմ, որ ուզում եմ, որ Տիգրան Գալստյանը մնա իմ փաստաբանը։ Իմ ներկայացուցիչը դատարանում Տիգրան Գալստյանն է։ Ինչ դատավարությունը սկսվել է, ինքն էնտեղ նստած է եղել ու բոլորն էլ տեսել են իրեն»,-ասաց նա։

Անդրադառնալով Պապիկյանի հայտարարությանը Արփինե Տեփանոսյանն ասաց․ «Բա Պապիկյանը, որ 2,5 տարի Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպանն էր, թող ապացուցեր, որ իրենք չեն։ Ինչի մասին է խոսքը, եթե իմ ամուսնու բերանից գտել են Սմբատ Բարսեղյանի զենքի փամփուշտը»։

Դիտարկմանը, թե Պապիկյանը հայտարարել է, որ շատ հետազոտություններ կեղծված են, ասաց․ «Թող ապացուցեն դատարանում, խնդիր չկա։ Ասելը շատ քիչ ա։ Իսկ եթե ես զգամ իմ իրավունքները ոտնահարվում են, լեզու էլ ունեմ, բերան էլ ունեմ, չեմ լռի հաստատ»։
Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest