ՀԿԳ քննության գլխավոր վարչության նախկին պետ, մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար, իսկ այժմ նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանը ակտիվ պաշտպանական գործողություններ է սկսել ՀՔԾ-ի դեմ: Նա, գտնվելով հետախուզման մեջ, համացանցով հարցազրույցներ է տալիս, փորձում է հիմնավորել, որ խախտված է իր արդար դատաքննության իրավունքը, իսկ նրա պաշտպանները զրպարտության հայց են ներկայացրել դատարան ընդդեմ ՀՔԾ պետի, որը դատարանը չի ընդունել պատճառաբանելով, որ այն ճիշտ չէ ձևակերպված և որոշ տվյալներ բացակայում են: Այսօր Հարությունյանի փաստաբանները բողոքարկեցին հայցը չընդունելու որոշումը:

Վահագն Հարությունյանը, հիշեցնենք, մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու՝ մարտի մեկ-երկուսի հայտնի իրադարձությունների ժամանակ կրակված շուրջ 1000 փամփուշտները փոխելու մեջ:  ՀՔԾ-ն ունի հիմքեր եզրակացնելու, որ ոստիկաններ են տարվել Արարատի մարզ, նրանք կրակոցներ են արձակել, պարկուճները հավաքել են և դրանցով փոխարինել են մարտի  մեկի իրեղեն ապացույցները:

Դեկտեմբերի 12-ին Վահագն  Հարությունյանը փոքրիկ հաղթանակ արձանագրեց: Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի կայացրած որոշմամբ վերացվեց նրա կալանքը: Իրավական շրջանակներում լուրեր են պտտվում, որ վերաքննիչ դատարանի բարեհաճ վերաբերմունքը մարտի մեկով հայտնի պերսոնաժի նկատմամբ բացատրվում է այդ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու և Վահագն Հարությունյանի միջև գոյություն ունեցող ընկերական ջերմ հարաբերություններով: Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը պնդում է սակայն, որ դատարանը  նրան ազատ արձակելու բավականաչափ հիմքեր ուներ: «Ես մոտ 40 էջ ծավալով բողոք եմ գրել, հիմնավորել եմ, որ կալանքն ապօրինի է», — ասում  է նա։

Դատախազությունը չի դադարում Հարությունյանի նկատմամբ հետախուզումը: Թեպետ, անհասկանալի չէ, թե ինչ հետախուզման մասին է խոսքը, երբ որ մարդը զանգահարել է քննիչներին ու հայտնել է իր գտնվելու վայրն ու հեռախոսահամարը: Այս փաստը, որը դատախազությունը չի հերքել, հայտնի դարձավ Աղվան Հովսեփյանի նախկին տեղակալի կալանքը վերացնելու հաջորդ օրը: Հարությունյանը armdaily.am-ին սկայպով հարցազրույց տվեց և պարզաբանեց, որ Հայաստանից մեկնել է ու պահին նա ունեցել է վկայի կարգավիճակ, ինչի վերաբերյալ երկու անգամ ծանուցում է ստացել։ Վկան, ի տարբերություն մեղադրյալի, կարող էր մեկնել երկրից։ Իսկ Մոսկվայից ինքը զանգահարել է քննիչներին, հայտնել իր գտնվելու վայրն ու կոնտակտային տվյալները։ «ՀՔԾ-ն գնացել է կեղծիքների, մեզանից թաքցրեցին, որ որոշում է կայացված ինձ որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ»,- ասում է Վահագն Հարությունյանը։ Իր նկատմամբ  հետախուզումը նա համարում է ապօրինի, նշելով. «Հետախուզման համար երկու հիմք է նախատեսվում՝ մեղադրյալը պետք է խուսափի կամ թաքնվի քննությունից, իսկ երբ որ զանգում ես քննիչին ու ասում ես քո հեռախոսահամարն ու գտնվելու վայրը, հետեւապես, չես թաքնվում»։

Ստացվում է, իրավապահները իմացել են Հարությունյանի գտնվելու վայրը, սակայն ոչ մի քայլ չեն ձեռնարկել նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ավելին՝ իմացել են, որ նա Ռուսաստանում է և արտահանձնման պահանջ չեն ներկայացրել:

Հատուկ քննչական ծառայությանը հետևյալ հարցերն ուղղեցինք:  Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը որքանո՞վ է օրինական, եթե նա թաքնված չի: Ինչպե՞ս է ապացույցների կեղծան գործով վկան առանց նրան հարցաքննելու, մեկ օրում դարձել մեղադրյալ, ի՞նչ հիմքով: Ինչո՞ւ տեղյակ լինելով նրա գտնվելու վայրի մասին, ՀՔԾ-ն միջոցներ չի ձեռնարկել կանչելու, կամ բերման ենթարկելու: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը պատասխանեց. «Հետախուզումը ոչ միայն անձի, մեղադրյալի գտնվելու վայրը պարզելն է, այլև հետախուզվող անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը: Միայն հետախուզվողի գտնվելու վայրի հայտնի լինելը չի նշանակում, որ նրա նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է առանց հարցաքննվելու,  վկան դարձել մեղադրյալ, ապա նշեմ, որ մեղադրանք առաջադրվում է ապացույցների բավարար համակցության հիման վրա: Որ պահից որ ձևավորվում է անձի մեղավորությունը հաստատող բավարար ապացույցների համակցություն, այդ պահից նրան մեղադրանք է առաջադրվում: Արտահանձնման հետ կապված, կարող եմ ասել, որ այն հստակ իրավական ընթացակարգ է ենթադրում: Նախ, հետախուզվողը պետք է հայտնաբերվի ՌԴ իրավապահների կողմից, նրանք պետք է տեղեկացնեն մեզ, նոր միայն արտահանձնման պահանջ ներկայացվի»:

Ինչո՞ւ ՌԴ իրավապահները չեն հայտնաբերում պետական ծանր հանցագործության  մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաին: Առավել ևս, որ Հարությունյանը չի թաքնվում, ինչպես ինքն է պնդում, և նույնիսկ հետազոտվում, կամ բուժվում է ՌԴ բուժհաստատություններից մեկում:
ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ պատասխանում են․ «ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ որևէ երկրի տարածքում Վահագն Հարությունյանի հայտնաբերման վերաբերյալ: Իսկ մեղադրյալի էքստրադիցիայի իրավական ընթացակարգը սկսվում է, երբ հետախուզվող մեղադրյալը հայտնաբերվում է: Միայն այդ դեպքում կարելի է խոսել անձին հանձնել-չհանձնելու վերաբերյալ հայտնաբերող երկրի մոտեցման մասին»: Նկատենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դեպքում, որը նույնպես միջազգային հետախուզման մեջ էր, այսպիսի բարդություններ չարառաջացան: Ինչպես հայտնի է, նա գտնվում էր Պրահայի 5-րդ թաղամասի մի բնակարանում, որտեղ և օրերս ձերբակալվեց Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նարեկ Սարգսյանի ձերբակալության հիմքը Հայաստանի կողմից ներկայացված մեղադրանքներն են եղել:

Կարող ենք ենթադրել, որ ռուսական կողմն իր պաշտպանության տակ է առել մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին, ինչպես պաշտպանության տակ է առել նույն գործով մեղադրյալ և թանկարժեք «վկա» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Իսկ ՀՀ իրավապահները պարզապես չեն կարող կտրել այս գորդյան հանգույցը: 

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest