Մեղրու Ագարակի զորամասում ծնկահոդի խնդրով ու կաղալով ծառայող 19-ամյա երևանցի Վիրաբ Ավագյանի մասին մեր հոդվածը, որին կցված էր տեսանյութը, բավական աղմուկ է հանել: Անգամ ֆեյսբուքյան խմբերից մեկում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչ էր արել երբեք չհետևել մեր կայքին, իսկ ՊՆ լրատվական ծառայությունը արդեն մոտ մեկ ամիս չի պատասխանում դեպքի առթիվ մեր հարցերին:

ՀՀ քննչական կոմիտեն քրգործի նյութեր էր նախապատրաստել մեր հոդվածի առթիվ: Գործով ցուցմունք են տվել Վիրաբն ու նրա հայրը: Սակայն որոշվել է քրեական գործ չհարուցել: ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից փոխանցեցին հետևյալը. ««Forrights.am» կայքում հրապարակված «Զինվորը կաղալով է ծառայում. հոսպիտալում ոչ վիրահատության կարիք են տեսնում, ոչ բուժում» վերտառությամբ հոդվածի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 06.12.2018թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»:

Նշենք, որ զինվորի հայրը՝ Հայկ Ավագյանը Forrights.am-ի խմբագրություն էր եկել տղայի բժշկական փաստաթղթերը ու զինվորական երդման արարողության տեսանյութը ձեռքին: Տեսանյութում, որը կցված էր մեր հոդվածին, պարզ երևում էր, թե ինչպես է զինվորը հրամանատարության ներկայությամբ կաղալով մոտենում հարթակին ու զինվորական երդում ընդունում:

Մեզ հետ զրույցում զինվորը դժգոհել էր, որ մենիսկի վնասվածք ունի, կիստաներ ծնկում, սակայն զորամասում դա հաշվի չեն առնում, շարք են կանգնեցում՝ վազելու, բայց ինքը չի վազում: Ասել էր նաև, որ վիրահատության կարիք ունի, ինչի մասին են վկայում որոշ քաղաքացիական հիվանդանոցների բժիշկների եզրակացությունները, սակայն հոսպիտալում պնդել էին, որ ինքը վիրահատության կարիք չունի: Թե ինչու է ծունկը ցավում ու ծնկի մեջ ջուր հավաքվում, հոսպիտալի բժիշկները պատասխան չէին տվել:

Մեր հոդվածից հետո Վիրաբին ուղարկել են նոր հետազոտությունների: Ինչպես և զինվորի հայրը պահանջել էր՝ Վիրաբին ուղեգիր են տվել քաղաքացիական հիվանդանոցում՝ «Իզմիրլյան» կենտրոնում վիրահատվելու համար, սակայն Մուրացանի հոսպիտալը ուղեգրի հետ հետազոտությունների արդյունքները չի ուղարկել, որ այդ կենտրոնում հասկանան՝ ինչ խնդիր ունի հիվանդը: Իսկ կրկնակի հետազոտություն պետպատվերով, թերևս, անհնար է եղել: Արդյունքում, վիրահատություն չի եղել:

«Հոսպիտալը ոչ մի հետազոություն չէր ուղարկել, ոչ ռենտգենի թուղթն են տվել, ոչ ԿՏ-ի, ոչ էխոյի թուղթն են տվել, ոչ մի բան չեն տվել: Պրոֆեսորը նայել է, ասել է՝ ի՞նչ հիմքով քեզ վիրահատեմ, ոչ մի հետազության փաստաթուղթ չկա, որ ես իմանամ՝ ինչ աշխատանք եմ անում»,-մեզ հետ զրույցում պատմեց զինվորի մայրը՝ Գոհար Գրիգորյանը՝ հավելելով. «Գրել էին մենակ՝ մենիսկի վնասվածքով հիվանդ ա ու վերջ: Բժիշկն ասել է՝ ես չեմ կարող առանց հիմքերն իմանալու քեզ վիրահատեմ»:

Ավելին՝ հետազոտությունների պաասխանները հոսպիտալում ոչ զինվորին և ոչ էլ ծնողներին ցույց չեն տվե, ինչը պարտավոր էին անել: Միայն ասել են, որ վիրահատության կարիք չկա:

Իսկ երեկ Մուրացանի հոսպիտալի համապատասխան բաժնի վարիչ Ժամագործյանը հերթական բուժզզնման ժամանակ հայտարարել է, որ Վիրաբի մոտ ոչ մի բան չկա, դուրս գրեք, թող գնա զորամաս:

«Բաժնի վարիչը ի՞նչ գիտի իմ երեխու ցավը, որ ասում ա՝ դուրս գրեք, թող գնա զորամաս: Իրենք տոկեր են նշանակել ու ֆիզիոթեապիա, բայց տղաս ասում է, մամ, ոչ մի փոփոխություն չեմ զգում, իսկ էդ ֆիզիոթերապիայից, մկանի ձգումից ահավոր ոտքը ցավում է»,-դժգոհեց ծնողը:

Երբ իմանալով, որ տղային դուրս են գրում, զինվորի ծնողը երեկ այցելել է հոսպիտալ, բժիշկը որոշում է կայացրել ևս 10 օր երկարացնել նրա բուժումը: «Մինչև վերջ պայքարելու եմ, մինչև չբուժվի, չեմ թողնելու երեխուս տանեն զորամաս»,-հայտարարեց ծնողը՝ հավելելով, որ հոսպիտալի բժիշկն իրեն ասել է, որ Վիրաբի հետագա ծառայության ու բուժման հարցը որոշելու է ռազմաբժշկական հանձնաժողովը:

«Իմ որդին չի խուսափում ծառայությունից: Անպայման ուզում է զինվորական գրքույկ ունենալ, բայց ուզում ենք բուժեն ոտքը, որ առանց ցավի քայլի, նոր ուղարկեն զորամաս»,-ասաց ծնողը:

Անցյալ տարվա զորակոչի ժամանակ Վիրաբին տարկետում էր տրվել հիվանդ ոտքի պատճառով, սակայն հետո առանց զորակոչիկին բուժելու ՊՆ-ն վերցրել, նրան բանակ էր տարել:

Զորամասում Վիրաբի ոտքն այտուցվել էր ու նրան ամռանը ուղարկել էին հոսպիտալ, սակայն չէին վիրահատել: Արդյունքում Վիրաբի ծնկում հավաքված ջուրը դեղերով չորացնելուց հետո կրկին ուղարկել էին ծառայության՝ նույն կարգավիճակով:

Վիրաբի հայրը բողոքել է ամեն տեղ, զանգահարել է ՊՆ թեժ գիծ, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետին ուղղված զինվորի հոր դիմումին պատասխանել է ՊՆ աշխատակազմի ղեկավարը՝ ասելով, որ խնդիրը ուսումնասիրվել է ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից, կրկնել, որ հոսպիտալում նրան հետազոտել են ու պարզել, որ Վիրաբն ունի մենիստալ կիստա և վիրահատության ցուցում չի տրվել:

Զինվորի հայրը ևս հայտարարեց, որ իր երեխան կգնա զորամաս միայն բուժումից հետո. «Իմ երեխան չի հրաժարվում ծառայությունից, բայց միայն բուժումից հետո: Ինձ Էրեբունու, «Աստղիկի» բժիշկ-պրոֆեսորներ ասել են, որ իր բուժումը միայն վիրահատությունն ա, էստեղ ասում են, որ մենիսկի վնասվածք ձեր երեխան չունի, բայց ես ունեմ փաստաթղթեր, որ իմ երեխան ունի այդ վնասվածքը»:

Հուսով ենք՝ ՀՀ ՊՆ լրատվական բաժինը ի վերջո կպատասխանի մեր գրավոր հարցերին՝ պարզաբանելով որոշ հանգամանքներ:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest