«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք ունենալու ենք նախադեպ, երբ հակակոռուպցիոն ռազմավարական աշխատանքային տարբերակը ոչ թե ամփոփում ենք պետական կառավարման մարմինների հետ, այլ հակառակը՝ քննարկում քաղհասարակության հետ»,- Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ելույթի ժամանակ արձանագրեց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։

Փոխնախարարը նշեց, որ կոալիցիան բաց է քննարկման համար, ինչի արդյունքում գործընկերներից և ՔՀԿ-ներից ստացվել են մի շարք առաջարկություններ, որոնց մի մասը ներառվել է ռազմավարության մեջ: 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ,  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը: Նա հայտարարեց, որ
միջոցառման առաջին մասում քննարկվելու է Կառավարության 2019-2022 հակակոռուպցիոն ռազմավարությունը:

«Ես բոլորին կոչ եմ անում մասնակցել քննարկումներին, որպեսզի վերջում ունենանք մի այնպիսի փաստաթուղթ, որը մեր քաղաքացիների կյանքում փոփոխություններ կբերի: Փաստաթուղթը կազմված է կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնական հենասյուների հիման վրա՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի անխուսափելիություն: Այս ձևաչափը հնարավորություն կտա շատ ավելի արդյունավետ փաստաթուղթ ունենալ և դրա հիման վրա գործունեություն իրականացնել»,- հավելեց Կարեն Զադոյանը։

 Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումն այս տարի 10 օրով հետաձգվեց՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված: Հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերջնական ընդունումն ու հաստատումն էլ իր հերթին երկու ամսով հետաձգվեց, որ հնարավորություն ընձեռվի մասնագիտական շրջանակներին խորը մասնակցություն ունենալ ռազմավարության միջոցառումների պլանի վերջնական տարբերակի մշակման հարցերում։

«Փետրվարին նախատեսվում է կառավարության հետ մեծ աշխատաժողով անցկացնել, որի ընթացքում  միջազգային մասնագետները մասնակցություն կունենան հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը շատ ավելի լեգիտիմ և մասնագիտական հենք ունեցող փաստաթուղթ դարձնելու գործընթացին»,- իր խոսքում նշեց Զադոյանը։

Փոխնախարար Քրմոյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակը, որում քննարկվում է հակակոռուպցիոն 4 տարիների ռազմավարական նախագիծը, աննախադեպ է։

«Մենք ունենք աննախադեպ մեծ վստահություն կառավարության կողմից, մասնավորապես, հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող ծրագրերի նկատմամբ։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է կառավարության քաղաքական կամքը կոռուպցիայի դեմ պայքարելու և կարճ ժամանակում տեսանելի արդյունքների հասնելու հարցում։ Քաղաքական կամքի կոմպոնենտը, որը բազմաթիվ անգամ քննարկվում էր, կարծում եմ՝ այսօր կասկած չի հարուցում։ Կասկած չի հարուցվում նաև հասարակության վստահությունը կառավարության կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ», — հայտարարեց նա։

Pin It on Pinterest