«Մամաս խելոք, շնորհքով, անշառ կին էր, սպանողը մարդո՞ւց է ծնված եղել, թե՞ հրեշից, չեմ պատկերացնում»

0
3369

Դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Գյումրու Սլաբոդկա թաղամասում սպանված հավաքարար, 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի աղջիկը՝ Անահիտ Ղուկասյանը չի կարողանում ընդունել, որ մայրն էլ չկա:

Այդ օրը առավոտյան 7-ին անհայտ անձը հարձակվել էր փողոց մաքրող կնոջ վրա ու դաժանաբար ծեծել նրան։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ջուլիետա Ղուկասյանը մահացել էր։

«Չեմ հավատում, որ նման բան է եղել: Ինքը էնքան հոգատար ծնող էր, րոպեն մեկ զանգում էր՝ հաց կերե՞լ ես, ավտոներից զգուշ, ես չգիտեմ, ինչ անեմ հիմա: Ինքը մենակ ծնող չէր իմ համար, ամեն ինչ էր՝ համ հեր էր, համ մեր, համ քույր համ ախպեր»,-Forrights.am-ի հետ զրույցում, արցունքները չկարողանալով զսպել, ասաց սպանված կնոջ աղջիկը՝ հավելելով, որ իր շրջապատում մոր պես հոգատար ծնող չի ճանաչում. «Ամեն րոպե զանգում, հետաքրքրվում էր: Հիմա լրիվ որբ եմ»:

Անահիտն այսօր ապրում է անկողնային հիվանդ տատիկի հետ Գյումրու Սլաբոդկա թաղամասի վթարային շենքում: «Թշնամուս չեմ ցանկանա նման բան: Աչքերս կուրանային, մորս էդ վիճակում չտեսնեի, չեք պատկերացում՝ ինչ էր»,-կրկին հուզվեց Անահիտը՝ շարունակելով. «Գոնե իսկական մեղավորը պատժվի, որ սրտիս էսքան ցավ չլինի: Էդ մարդո՞ւց է ծված եղել, թե՞ հրեշից, չեմ պատկերացնում: Մարդը էդպես չէր կարա վարվեր մարդու հետ, ինքը սրբություն չունի՞, ծնող չունի՞: Ես չեմ հասկանում, ինչ է կատարվում»:

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր լրատվամիջոցներին հաստատել է, որ գյումրեցի 57-ամյա կնոջ դաժան սպանության կասկածանքով այսօր ձերբակալվել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող: Ավելի վաղ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

«Մենք մարդ չունենք, որ մեզ ուզենար վատություն աներ: Մենք ո՞ւմ ենք ինչ արել, որ նման բան աներ: Բայց ինքը ռուսի հետ ինչ գործ ուներ, որ ռուս զինվորը էդպիսի բան աներ»,- հարց է տալիս Անահիտը ու պատասխանում. «Ինքը ոչ մեկի հետ էլ գործ չուներ, թշնամի չուներ: Էնքան խելոք կին էր, որ զարմանում եմ: Ես չեմ պատկերացնում, որ սա իրականություն է: Մամաս խելոք, շնորհքով, անշառ կին էր, ընտանիքը պահող: Թշնամի չենք ունեցել մենք: Գլուխը կախ գնում էր գործի, գալիս էր, անկողնային մորն էր պահում: Ես չեմ հավատում, որ ռուս զինվորը կարար նման բան արած լիներ»:

Անահիտն անգամ մոր թաղման գումար չի ունեցել. դիմել է քաղաքապետարան՝ մոր թաղման արարողությունն իրականացնելու համար: «Որովհետև ի վիճակի չենք: Ուրիշ հարազատ չունենք՝ ես, տատիկս, մամաս էինք: Թաղման ծախսերն իրանք արեցին»,- կրկին հուզվեց Անահիտը:

Ինչո՞ւ ռուս զինվորը ձերբակալվեց ընտրություններից հետո միայն

Թեև Գյումրու սպանության դեպքի հենց հաջորդ օրը լրատվամիջոցները գրել էին, որ խոսակցություններ կան, որ գյումրեցի կնոջը ծեծելով սպանել է Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողը, թե՛ ՀՀ պատկան մարմինները, թե՛ առավել ևս ռուսական կողմը կտրուկ հերքել էին տեղեկությունը: Լրատվամիջոցները դեպքի օրը գրել էին, որ Սլաբոդկա թաղամասի բնակիչների խոսքով` կնոջը դաժանաբար ծեծի ենթարկածը երիտասարդ տղամարդ է, տեսախցիկը ֆիքսել էր, որ վերջինս կրնկակոխ հետևել էր կնոջը ու աննկարագրելի դաժանությամբ ծեծի ենթարկել նրան։

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Ռոստովում տեղակայված մամուլի ծառայությունը Epress.am-ի հետ հեռախոսազրույցում կտրուկ հերքել էր, որ գյումրեցի կնոջը ծեծելով սպանել է ռազմաբազայի զինծառայողը:

«Ռուսաստանյան ԶՈՒ զինվորականը դրա հետ որևէ առնչություն չունի»,- հայտարարել էին Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ այդ տեղեկությունը ԶԼՄ-ների անբարեխիղճ աշխատանքի հետևանք է, որը միտում ունի «սեպ խրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ»։

Ավելի հեռու էր գնացել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ «մուննաթ գալով» լրատվամիջոցների վրա: «Տարակուսանքի զգացում է առաջացնում նման վերին աստիճանի ոչ մասնագիտական մոտեցումը տեղեկատվության հետ տարվող աշխատանքին, երբ ամբողջությամբ անտեսելով անմեղության կանխավարկածը՝ “ճչացող” վերնագրերի ներքո հրատարակվում են չստուգված և չհաստատված տվյալներ»,-հայտարարել էր դեսպանատունը՝ շարունակելով. «Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք  ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում»: 

Ռուսական կողմին չէր «զիջել» Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ հայտարարելով. «Եղել է մարմնական վնասվածքներով կին, ով մահացել է, ի՞նչ կապ ունի ռուսական 102-րդ ռազմաբազան»:

Forrights.am-ը գլխավոր դատախազությունից այսօր հետաքրրքվեց, թե ի՞նչն էր պատճառը, որ այսքան ուշացավ կասկածյալի ձերբակալումը, և հնարավո՞ր է հայկական կողմը չէր ուզում նախընտրական շրջանում ռազմաբազայի անունը բացասաբար շոշափվեր: Նաև խնդրեցինք բացատրել նախկինում Շիրակի դատախազի հերքումները:

«Ի սկզբանե ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները հանցագործության բացահայտման, այն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Շիրակի մարզի դատախազը խոսել է այդ մասին՝ նշելով, որ քննություն է տարվում առաջ քաշված բոլոր վարկածների ուղղությամբ»,-ի պատասխան ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ըստ նրա՝ քրեական գործով իրականացվել են օպերատիվ-հետախուզական, դատավարական և քննչական բազմածավալ գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ: «Դեկտեմբերի 10-ին ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, որը ձեռք բերված այլ փաստական տվյալների հետ համակցությամբ հանդիսացել է անձի ձերբակալման առիթ: Այսինքն ձերբակալումը առնչություն չունի և չի կարող ունենալ որևէ այլ հանգամանքի հետ»,-վստահեցրեց դատախազության ներկայացուցիչը:

Գյումրեցի իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը, հիշեցնելով Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դեպքը՝ ֆեյսբուքյան էջում տագնապ է հնչեցնում: «Հիմա հապաղել չի կարելի: Հայաստանը նոր իշխանություն ունի, որը ժողովրդական է, ժողովրդից ընտրված: Նման հանցագործությունների կանխարգելման համալիր ծրագիր պիտի գործարկվի,-գրել է Բարսեղյանը՝ շարունակելով. «Հարկավոր է ռուսական կողմին կարգի հրավիրել, վերոհիշյալ կամ այլ միջոցառումներ եւ գործողություներ պիտի ձեռնարկել, որպեսզի իրենց զորամասերից քթները հանելիս, հաստատ իմանան, որ հազար աչքով եւ զենքով հսկում են իրենց»:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here