ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության տեքստը լրագրողների հետ հանդիպմանը ընթերցեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Սիրելի՛ հայրենակցներ, ինչպես գիտեք, այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում հայտնվելու եմ կալանքի տակ: Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների ներքո: Բավական է նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր վեց հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ Գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր պատմության մեջ աննախադեպ բան է: Գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի և համապաատսխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը, առանց դատարանին սպասելու, վաղուց արդեն հրապարակել էր որոշումը:

Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ: Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները: Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպոլիստ և երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին:

Բացի այդ, պարզ է, որ 2008 թվականի Մարտի մեկին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային  անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել: Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության, վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը, վստահ եմ նաև, որ Լեռնային Ղարաբաղն ու ՀՀ-ն ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի և լկտի հետապնդման բոլոր հեղինաակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստութամբ: Եվ դա լինելու է մոտ ապագայում:

Լի եմ պատասխանատվությամբ՝ շարունակել քաղաքական պայքարը նաև բանտում: Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը: Ես սովոր եմ ծանր փորձությունների, տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում: Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել պայքարին՝ հանուն ազատության և արժանապատվության»,- նշվում է Քոչարյանի հայտարարությունում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest