Դավիթ Շահնազարյանը չի ներկայացել ԱԱԾ․«Անիմաստ էր ժամանակ կորցնել և գնալ այնտեղ»

0
702

«Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որի հրահանգը տրվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից: Ես պատրաստվում էի այսօր գնալ ԱԱԾ, անել հայտարարություն, բայց ինձ համար զարմանալի էր, որ ԱԱԾ-ն ավելի շուտ հրապարակեց այս ամենը: Դրանից հետո անիմաստ էր ժամանակ կորցնել և գնալ այնտեղ: Ինչո՞ւ երեկ վարչապետը վախեցավ գա, հո չէ՞ր գալու ցուցմունք տալու, դեռ շուտ է, ինքը ցուցմունք տալու է՝ մեղադրյալի կարգավիճակում, սա սպառնալիք չէ, խոստում է: Գալու է այդ օրը, որ նա ցուցմունք է տալու ու այդ օրը իրավապահ մարմինները կտան իրավական գնահատական»,- արտահերթ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ նախընտրական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։

«Երեկ երեկոյան 21:45 սահմաններում զանգ ստացա։ Զանգողը ներկայացավ ԱԱԾ սպա և հարցրեց՝ երբ տանը կլինեմ, որովհետև շտապ բան ուներ ինձ հանձնելու։։ Ասացի, որ գտնվում եմ «Ցենտրալ» սրճարանում, խոստացան, որ 5 րոպեից կգան: Քիչ անց մոտեցան երկու երիտասարդներ, ցույց տվեցին վկայականները և ինձ տվեցին մի թուղթ, որը վրա գրված էր, որ ինձ առավոտյան 10:00-ին հրավիրում են ԱԱԾ:

ԱԱԾ-ի կողմից ինձ տրված փաստաթղթում գրված է, որ նոյեմբերի 27-ին ես որոշ հայտարարություններ եմ արել, որ ներկայիս կառավարությունը՝ իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, իրականացնում է քաղաքականություն, որը ձևակերպել եմ՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն»։

Շահնազարյանին զարմացրել է այն հանգամանքը, որ ամիսի 27-ի իր հայտարարության առթիվ նման արձագանք է ստանում միայն այսօր։ Նրա համոզմամբ՝ պատճառը Փաշինյանն է․

«Սա քաղաքական հետապնդում է, փորձ է՝ վախեցնելու այն մարդկանց, որոնց թիվը մեծ է, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այն վիճակում, ինչ վիճակում հիմա վարչապետն է, կարող եք գնահատել՝ զրահաբաճկոններ չկան, մնացել են մերկ մարմինները և այն, ինչ պատրաստվում են իրականացնել Արցախի հարցում, թույլ չենք տալու»,- ընդգծեց նա:

Ասուլիսի վերջում Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ նախկին վերաբերմունքն այլևս չունի ԱԱԾ-ի մասին, ուստի պահանջեց այլևս նման փաստաթղթեր չուղարկել։ Փոխարենը կոչ արեց քվեարկել ՀՀԿ օգտին՝ նշելով, որ ով ընտրի իշխող կուսակցությանը, նրա ձայնը կլինի կրակոց Արցախի վրա:

Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ՝ իշխանությանը պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here