«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Վլադիմիր Դավթյանը այսօր հացադուլ է հայտարարել: Այս ծայրահեղ միջոցով նա իր բողոքն է արտահայտում պատվերով սպանության մեջ իրեն մեղադրողների դեմ: Վլադիմիր Դավթյանը 2017 թվականի հունիսի 13-ին, ժամը 12.10-ի շրջանում Ալավերդի քաղաքի մարդաշատ վայրերից մեկում՝ «Կատա» սուպերմարկետի մոտ, ատրճանակից վեց կրակոց է արձակել նույն քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի ուղղությամբ, սպանել է նրան և հանձնվել է իրավապահներին:

Նախկինում Վլադիմիր Դավթյանին մեղադրում էին ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու համար: Հետագայում մեղադրանքը փոխվեց, «դիտավորությամբ սպանությունը՚՚ դարձավ «պատվերով՚՚ սպանություն /Քր. Օր.-ի 104-րդ 2-րդ մաս, 8-րդ կետ/: Գործով զբաղվող քննիչները փորձել են հիմնավորել, որ Վլադին Կամո Փիրուզյանին սպանելու պատվերը տվել է նրա քավորը՝ Վահագ Աբգարյանը, սակայն նա ի սկզբանե հերքել է այս մեղադրանքը:

Դատարանում և նախաքննության ընթացքում Վլադը բազմիցս հայտնել է, որ քննիչները իր վրա ճնշում են գործադրում, պահանջում են, որ ցուցմունք գրի Վահագի դեմ, ինչը ինքը չի արել: Այս ամոթալի մեղադրանքից ազատվելը 28 տարեկան երիտասարդի համար պատվի հարց է: Նա նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է այս մասին նամակ գրել, պահանջելով, որ իր վրայից հանեն «քիլլերի» պիտակը:

Վանաձորի դատարանում այս գործով վերջին նիստի ժամանակ Վլադիմիր դավթյանը հայտարարեց. «Ես պահանջում եմ հետքննություն, ինձ բազմիցս ճնշումներով տարել են «ԿԳԲ», բերել, վախցրել են, եսիմ ինչեր են արել, որ ես ցուցմունք տամ մարդու դեմ, բայց ես ի՞նչ ա, ապո՞ւշ եմ:
Լավ, եթե «զակազ» ա, թող ինձ տանեն ստուգեն, հիվանդանոցում, կամ որևիցե համապատասխան տեղում, ես խելագա՞ր եմ, որ 12-ից 20 տարի «սռոկով» առանց որևէ գումարային շահի սպանեմ»:

Իսկ այսօր իր հարազատների միջոցով նա մեզ փոխանցեց, որ հարկադրված է հացադուլ հայտարարել, քանի որ դատական նիստերը ամիսը մեկ են լինում, իսկ վարչապետին ուղարկած իր նամակները կամ տեղ չեն հասնում, կամ էլ իրեն դրանց պատասխանները չեն տալիս:

Իր հարազատների միջոցով հացադուլավոր Դավթյանը մեզ հետևյալ բառերը փոխանցեց. «ՙԵս արդեն մեկ տարի, երեք ամիս պայքարում եմ իմ անվան ու արդարության համար: Իմ կռիվը ՙ «սռոկի» համար չի, իմ կռիվը ու պայքարը զուտ իմ անունի համար է, որ մեղադրվում եմ չարած բանի համար: Ո՞նց կարելի է կեղծ ցուցմունքով գործ հարուցել, «բեսպրեդել» ձևով և ոչ մի ապացույց հաշվի չառնել: Իմ գործը քննող քննիչ Վահագն Հարությունյանը ինքն է մեղադրյալ, նա մեղադրվում է մարտի մեկի ապացույցները կեղծելու համար, հետախուզման մեջ է:

Ոնց կարելի է նման մեկի քննած գործով մարդ մեղադրել, առանց որևէ փաստի: ես բառ առ բառ կարող եմ ապացուցել, որ ես պատվեր չեմ կատարել: Ուղղակի ինձ պետք է, որ ինձ մի փոքր լսեն ու ուշադրություն դարձնեն: Անցած անգամ մտա հացադուլ, խաբեցին, ասեցին՝ դուրս արի, լավ կլինի, շառը կհանեն: Բայց հանցավոր խումբը հանին, «զակազը» թողեցին: Ես պատրաստ եմ նստել թեկուզ երեսուն տարի, բայց եթե ապացույցներ լինեն: Վատն էն է, որ հեղափոխությունից հետո մարդիկ չեն ուզում հասկանալ, որ ինքնասեր օլինելն ու քիլլեր լինելը տարբեր բաներ են»:

Վլադիմիրը իր ցուցմունքներում մանմամասն ներկայացրել է, որ Փիրուզյանի սպանությունը կատարել է բազմաթիվ սպառնալիքներ ստանալուց, իր նկատմամբ տարբեր ոտնձգություններ կատարելուց հետո:

«Ես ունեցել եմ մարդիկ, որոնք կարող էին վկայություն տալ իմ գործով, բայց նույն քննիչը՝ Վահագն Հարությունյանը մարդկանց կանչում էր, մեկին՝ խփելով, մեկին վախացնելով՝ բա՝ գրի դրանց վրա, մեկ ա, դրանք նստելու են, էլ Ալավերդու երես չեն տեսնի: Դրա համար մտնելու եմ հացադուլ ու էլ դուրս չեմ գալու, մինչև էս շառը վրայիցս չհանեն ու մեղավորին էլ չպատժեն օրենքով սահմանված կարգով: Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ ես քիլլեր չեմ, ես հավի ճուտ չեմ ինչ որ մեկիի առաջ վազվզող: Ես արել եմ ու տեղում էլ հանձնվել եմ, ու ցուցմունքում էլ ասել եմ, որ ուզել ա ինձ խփի, սպառնացել ա, հայհոյել ա, քրֆել ա», -փոխանցեց Վլադ Դավթյանը:

Այս գործի նախաքննության ընթացքում, դեռևս ապրիլին Forrights.am-ը ահազանգ էր ստացել նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Շահբազյանից, որ նրան ճնշումներ են ենթարկում և ստիպում են ցուցմունքներ գրել Վահագն Աբգարյանի դեմ: Նա ևս հացադուլ էր հայտարարել:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest