«Եթե անհանգստանալու բան չկար, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանն անընդհատ կեղծիքներ անում, որ էդ փաստը իրականություն չդառնա»

0
3334

ՀՀ նախկին փոխվարչապետ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, Forrights.am-ի ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը իհարկե կօգնի «Մարտի մեկի» գործի բացահայտմանը, սակայն կատարվածի հիմնական մեղավորը, ըստ Շիրխանյանի, նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է: 

«Իհարկե Քոչարյանը մեղավոր է «Մարտի մեկի» գործում: Չնայած՝ ես միշտ ասել եմ, որ Մարտի մեկը կազմակերպել է, իրականացրել է, վերահսկել է և հետո պարտակել է Սերժը Սարգսյան: Իսկ Քոչարյանը, լինելով նախագահ, նրան չի խանգարել կամ արգելել: Սա է իմ կարծիքը»,-ասաց նախկին փոխվարչապետը:

Թե ինչու «Մարտի մեկի» գործը քննող ՀՔԾ-ն նման տվյալներ չունի հարցին ի պատասխան Շիրխանյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ՀՔԾ-ն ուղղակի ամեն ինչ անում է հերթով»:

Հստակեցրինք, թե ասել է թե՝ հաջորդը պիտի Սերժ Սարգսյանի՞ն մեղադրանք առաջադրվի: Վահան Շիրխանյանն ասաց. «Առաջինը նա պետք է կալանավորվեր, բայց հաջորդն էլ ոչինչ, հաջորդիվ թող կալանավորվի: Կարծում եմ՝ ժամանակ դեռ կա: Ժամանակը կհասունանա և կկալանավորվի: Չի կարող չկալանավորվել, որովհետև նրա վրա եղած հանցագործությունները չափից դուրս շատ են»:

Մեր հակադարձմանը, թե այդ օրերին դեռ Քոչարյանն է եղել նախագահն ու  ինքն է լծակներին տիրապետել, որոշում կայացնողն ինքն է եղել, Վահան Շիրխանյանն այսպես պատասխանեց. «Ես ունեմ իմ ինֆորմացիոն աղբյուրները, որոնք էդ ժամանակ ինձ ասել են, որ «Մարտի մեկի» օրերին զորքերի տեղաշարժով, տեղադրումով, օգտագործումով և դեռ զորամասերում գտնվելու ժամանակ նախապատրաստումով զբաղվել է բացառապես Սերժ Սարգսյանը»:

Ուստի, ըստ Շիրխանյանի՝ «Մարտի 1-ին» բանակի ներգրավման հարցով մեղադրանք իրականում պետք է առաջադրվեր Սերժ Սարգսյանին, քանի որ նա է զբաղվել այդ հարցով: «Եվ կառաջադրվի: Ես վստահ եմ, որ կառաջադրվի»,-կանխատեսեց Շիրխանյանը՝ միևնույն ժամանակ պնդելով, որ Քոչարյանին ներկայացված ՀՔԾ մեղադրանքը սխալ չէ:

Նշենք, որ կալանավորման որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե «տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա»:  «2008 թվականի Մարտի մեկին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային  անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել: Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության, վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

«Անկասկած Ռոբերտ Քոչարյանը մեղք ունի «Մարտի մեկի» հարցում, որովհետև «Մարտի մեկն» առաջացավ ընտրությունները մասսայական կեղծելու հետևանքով, որի կազմակերպման հանձնարարությանը անձամբ ինքն է տվել ԿԸՀ նախագահին»,-հակադարձեց Վահան Շիրխանյանը՝ շարունակելով. «Ընդհանրապես, ժողովրդի ընդվզում չէր լինի, եթե ընտրություն չկեղծեին: Այնպես որ, Քոչարյանի մեղքը բոլոր դեպքերում առկա է այդ գործում: Իսկ Սերժ Սարգսյանն առաջին օրվանից իր վրա է վերցրել բանակի ներգրավման խնդիրները և դրանք կատարել է»:

Ինչ վերաբերում է վարչապետի, ԱԱԾ ու ՀՔԾ պետերի նոր հրապարակված գաղտնալսմանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանը շատ վատ է գնահատում, որ մեր երկրի ղեկավարները պաշտպանված չեն գաղտնալսումից: «Դա շատ վատ ցուցանիշ է երկրի համար, երբ նրանք պաշտպանված չեն, երբ նրանք չեն պահպանում զգուշավորությունը: Դա շատ վատ է: Բայց այդպիսի ճանապարհներով փորձել խնդիրներ լուծելը մանկամտություն է»,-շեշտեց Շիրխանյանը:

Հարցին՝ թե նոր հրապարակված գաղտնալսումը կօգնի՞ Քոչարյանի թիմին ՄԻԵԴ-ում, Շիրխանյանն ասաց. «Ես զարմանում եմ՝ մարդիկ ինչքան պրիմիտիվ կարող են լինել: Իրենց թվում է՝ եթե կարողանան գաղտնալսել և հրապարակել, ամեն ինչից կազատվեն, կմեղադրեն հակառակ կողմին: Դա մանկամտություն է:

Գաղտնալսելը անբարոյական է, անթույլատրելի է, բայց նախևառաջ, մանկամտություն է: Ոչ մեկն այդ ճանապարհով դեռ չի կարողացել արդարանալ: Եթե գաղտնալսողները հայ մարդիկ են, հարց է առաջանում՝ իսկապե՞ս նրանք հայեր են, թե՞ հայության թշնամիներ են»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն այսօր հայտարարել է, որ դիմելու է ՄԻԵԴ՝ բողոքարկելու նրա կալանավորման որոշումը և մեղադրանքը: Իսկ փաստաբաններից Ռուբեն Սահակյանը հայտարարել է. «Այդ 0038 հրամանը իր մեջ չի պարունակում տարրեր, որ կարելի է ասել, որ տապալվել է Սահմանադրական կարգը»:

«Ինչո՞ւ էին այսքան ժամանակ թաքցնում այդ հրամանը, եթե ոչ մի բան չկար»,- Forrights.am-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններին հարց ուղղեց «Մարտի մեկի» գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով. «Եթե անհանգստանալու բան չկար, ինչու էր Սերժ Սարգսյանն անընդհատ կեղծիքներ անում, որ էդ փաստը հայտնի ու իրականություն չդառնար: Բա էլ ո՞նց են բռնազավթում իշխանությունը՝ ընտրությունները կեղծելով և ուժով պահելով: Իշխանությունը ուժով պահելու գործողությունը բանակի ներգրավմամբ դա Սահմանադրության խախտում է»:

Ուստի Ռոբերտ Քոչարյանին անմեղ համարող նրա պաշտպանական խմբին Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ է տալիս բողոքարկել որոշումը: «Եթե մեղադրանքի հիմք չկա, ինչո՞ւ են անհարգստանում, թող բողոքարկեն բոլոր ատյաններում: Իսկ էնտեղ ոչ միայն մեղադրանքի հիմք կա»:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը «ռեալ հնարավորություն» է «Մարտի մեկի» բացահայտման, իսկ հաջորդ կալանավորվողը կլինի Աղվան Հովսեփյանը: «Ո՞վ է կեղծիքների մեխանիզմն աշխատացրել»,-հարց հնչեցրեց Քոչարյանը:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here