«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դատարաններում լրագրողների աշխատանքի ազատության առումով առաջընթաց է արձանագրել։ Անցած եռամսյակում կազմակերպության մշտադիտարկման խումբը դատական նիստեր լուսաբանող լրագրողների աշխատանքի սահմանափակման ընդամենը մեկ դեպք է արձանագրել։
Համեմատության համար նշենք, որ հունիս-օգոստոս ամիսներին արձանագրվել էր 4, իսկ մարտ-մայիս ամիսներին` 5 դեպք։
Կազմակերպությունն այս առաջընթացը կապում է վերջերս Բարձրագույն դատական խորհրդի կողմից ԶԼՄ-ների հետ դատարանների փոխհարաբերության կանոնների մշակման հետ։ Այդ կանոնները խմբագրվել են հասարակական կազմակերպությունների և լրագրողների մասնակցությամբ, սակայն դեռևս պաշտոնապես չեն հաստատվել և ուժի մեջ չեն մտել։
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը կոչ է անում Բարձրագույն դատական խորհրդին հնարավորինս սեղմ ժամկետում պաշտոնապես հաստատել կանոնները, որպեսզի ԶԼՄ-ների հետ աշխատանքի սկզբունքները պարտադիր դառնան բոլոր դատավորների համար։

Pin It on Pinterest