Օրերս, ավելի ստույգ՝ նոյեմբերի 23-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացավ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ռաֆիկ Խաչատրյանը: Ենթադրվում է, որ մահվան պատճառը լյարդի ցիրոզն է եղել: Այս մասին հայտնել է Խաչատրյանի պաշտպան Մարինե արմանյանը: Վերջնական պատկերը կտա դատաբժշկական փորձաքննությունը:

Ռաֆիկ Խաչատրյանը մեղադրվում էր կազմակերպված խմբի կողմից սպանության համար /ՀՀ քր. օր-ի 104-րդ հ, մաս 2, կետ 6,7/, իսկ զոհը Ալավերդու բնակիչ Գագիկ Մոսինյանն էր, այդ քաղաքի հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի թիկնապահը: 2014 թվականի սեպտեմբերի 14-ին, Երևանի կենտրոնում, Վերնիսաժի մոտ արձակված կրակոցների թիրախում հենց Վահագն Աբգարյանն էր, սակայն սպանվեց թիկնապահը, իսկ Վահագնը հրազենային վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Թուֆենկյան հյուրանոցի մոտ կատարված մահափորձին բացի Ռաֆիկ Խաչատրյանից, որի մասով գործն արդեն դատարանում է, մասնակցել են Ալավերդու բնակիչներ Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը։ Նրանք հետախուզման մեջ են:

Ըստ վերջին տվյալների, գտնվում են Վրաստանում: Իրավապահները Վրաստանի իշխանություններից պահանջել են նրանց արտահանձնումը, սակայն նրանց պահանջը չի կատարվել: Հանգուցյալ Ռաֆիկ Խաչատրյանը երևանցի էր, բնակվում էր 16-րդ թաղամասում: Ալավերդու մեր աղբյուրը հայտնում է, որ նա հանցաշխարհի ներկայացուցիչ Արման Կալուժսկու հոր ընկերն էր:

«Նա վաղուց լյարդի ցիրոզ ուներ և երիկամների խնդիրներ: Բայց նրան խաբել են, ասել են՝ քեզ փող կտանք, որ դու քո առողջական հարցերը լուծես, ու թողել, փախել են: Նա և փողից է զրկվել, և ընկել է կրակի մեջ: Պայմանավորված են եղել, որ նա էլ պետք է մյուսների հետ փախչի, բայց նրան թողել են բախտի քմահաճույքին»:

Թուֆենկյանի մոտ միջադեպը Վահագն Աբգարյանի դեմ իրականացված երրորդ մահափորձն էր: Գարիկ Մոսինյանը նրա ընկերներից, որոնց Ալավերդիում Վահագի թիկնապահ էին անվանում, երրորդ էր, որ սպանվեց: Առաջին պաշտոնապես հայտնի մահափորձը Ալավերդու Վահագի դեմ եղել է 2015 թվականին: Հունիսին Ալավերդին քաղաքապետ էր ընտրել, որոնց ժամանակ Ալավերդցի Վահագը իր խմբով աջակցել է քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանին, որն էլ հաղթեց ընտրություններում:

Նա Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն էր, անկուսակցական, որին սակայն առաջադրել էր ՀՀԿ-ն: Փարեմուզյանի հակառակորդը «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Արթուր Աբգարյանն էր, որը պարտվեց: Հոկտեմբերի 11-ին Աբգարյանի զրահապատ «Համերի» ուղղությամբ կրակահերթ բացեց Ալավերդու բնակիչ Վարդան Անտոնյանը: Մեքենայի ապակիները մգեցված էին, և Անտոնյանը չէր նկատել, որ ղեկին ոչ թե Վահագն Աբգարյանն է, այլ նրա թիկնապահ Էդուարդ Պողոսյանը: Այդ անգամ ոչ ոք չտուժեց, իսկ Անտոնյանը, որը Արթուր Աբգարյանի ընկերներից էր, դատապարտվեց սպանության փորձի համար:

Դատարանում նա պատմեց, որ կրակել է, քանի որ Ալավերդցու թիկնապահները հարձակվել են իր վրա, պարբերաբար իրեն ահաբեկել են: Ի դեպ, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության համար մեղադրվող անձանցից Արմեն Կարադավիդովը անցել է նաև «Համերի» գործով, սակայն այն ժամանակ դատավարական կարգավիճակ չի ստացել: Իսկ երկրորդ մեղադրյալը՝ Ալբերտ Բլբուլյանը քաղաքապետի պարտված թեկնածու Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի մանկության ընկերն ու մերձավորն է:

Սա նշանակում է, որ եթե իրավապահները բարեխղճորեն բացահայտեին 2015 թվականի մահափորձը Վահագն Աբգարյանի դեմ, գտնեին պատվիրատուներին, հանցագործությունների շղթան հնարավոր կլիներ կանխել: Վահագն Աբգարյանի մայրը՝ Անահիտ Գևորգյանը վստահեցնում է, որ ևս մի մահափորձ է եղել որդու հանդեպ: «Դա «Համերի» դեպքից էլ առաջ էր, կրակել էին որդուս մեքենայի ուղղությամբ, բայց նա իրավապահներին չհայտնեց»,- ասում է նա:

2016 թվականի մայիսին նոր սպանություն եղավ: Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը սպանվեցին 41-ամյա Վարդան Ավագյանը եւ 34-ամյա Էդուարդ Պողոսյանը: Ենթադրյալ մարդասպանը Արթուր Աբգարյանի թիմակից Վարդան Փիրուզյանն է, որը հետախուզման մեջ է: Փիրուզյանների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը Վարդան Փիրուզյանի գործողությունները ներկայացնում է որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն: Իսկ սպանվածների հարազատները պնդում էին, որ նրանց մոտ զենք չի եղել: Նկատենք, որ Էդուարդ Պողոսյանն ու Վարդան Ավագյանը սպանվել են մեջքից:

Վարդան Փիրուզյանին մեղադրանք է առաջադրված երկու կամ ավելի անձանց սպանության /քր. օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ/ և ապօրինի զենք պահելը, կամ փոխադրելու /235-րդ հոդվածի 1-ին մաս/ համար: Ով է պատվիրատուն հարցը, սակայն, չդրվեց, ինչպես և Աբգարյանի դեմ մահափորձերի դեպքում:

Սպանությունների ու մահաձորձերի այս շղթան դիտարկելիս, ակնհայտ է, որ Ալավերդցի Վահագի դեմ գործող հզոր պատվիրատու կա, որը պարբերաբար մահափորձեր է կազմակերպում նրա դեմ, հանցագործներին օգնում է փախչել, միջոցներ չի խնայում նրա գլխին «փորձանքներ» սարքելու համար, այդ թվում ԱԱԾ գաղտնալսումների տեսքով: Վերջին այդպիսի «փորձանքի» արդյունքում Վահագն Աբգարյանին մեղադրեցին «Կատա» սուպերմարկետի մոտ 2017 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած սպանության մեջ:

Ինչպես հայտնի է, այդ օրը 2016 թվականի մայիսին սպանված Էդուարդ Պողոսյանի ընկերը՝ Վլադիմիր Դավթյանը, կրակել է Վարդան Փիրուզյանի եղբոր՝ Կամո Փիրուզյանի վրա, իսկ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրեցին Վահագն Աբգարյանին: Նա մինչ օրս «Նուբարաշենի» բերդում է, Փիրուզյանների փաստաբանները վստահեցնում են, որ ԱԱԾ գաղտնալսումներում ապացույցներ կան ու հրապարակային երդվում են, որ Վահագն Աբգարյանը նստելու է: Նրա շահերի պաշտպանը խոստանում է, որ արդարացնելու է Ալավերդցուն: Դատական հաջորդ նիստը Ալավերդցու գործով, որի ժամանակ հետազոտվելու են ԱԱԾ գաղտնալսումները, սպասվում է նոյեմբերի 12-ին, Վանաձորի դատարանում:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest