Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվեց Էրեբունիում ապրիլի 20-ին անչափահասների նկատմամբ մահակով բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբոր՝ Սարգիս Հակոբյանի և ընկերների գործով դատական նիստը: Հարցաքնվենցին երկու վկա։

Այս գործով տուժող է ճանաչվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի անչափահաս  որդին՝ Դավիթ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Գագիկ Ազարյանին, Սարգիս Հակոբյանին, Սարգիս Բաղդասարյանին և Վլադիմիր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ հասարակական կարգը կոպտորեն խախտելու մեջ, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով

Այսօրվա նիստին հարցաքննված վկաներից  լրագրող Անի Գևորգյանն էր տեսանկարահանել վերոն միջադեպը։ Նա պատմեց, որ ավտոբուսում է եղել, և երբ Էրեբունի հիվանդանոցի մոտ տրանսպորտը կանգնել է, քանի որ բողոքի ցույց էր և պատանիները փակել էին փողոցը, ինքը իջել է, որպեսզի լուսանկարահանի ցույցը։ Երբ Անի Գևորգյանը պատանիների հետ շարժվել է Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մի ավտոմեքենա կտրուկ արգելակել է, որի միջից դուրս են եկել այս գործով չորս ամբաստանյալ  երիտասարդները և հարձակվել պատանիների խմբի վրա քաշքշել նրանց ու հարվածներ հասցրել։

«Ամենատպավորիչը, որ հիշում  եմ, այստեղ գտնվող երիտասարդներից մեկը  փայտե ձողով մոտեցավ և հարվածներ հասցրեց, հետո էլի քաշքշուկ տեղի ունեցավ, հետո նրանք նստեցին ավտոմեքենան և հեռացան»,- ասաց Անի Գևորգյանը։

Մեղադրողի ճշտող հարցին, թե ո՞վ էր փայտյա ձողով երիտասարդը, Անի Գևորգյանն ասաց, որ չի կարող հստակ ասել, բայց այս պահին որքանով  հիշում է, դա Սարգիս Հակոբյանն էր։

Տուժող Դավիթ Ավետիսյանի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ Անի Գևորգյանին հարցրեց, որ վերջինս իր խոսքում նշել է, որ ամբաստանյալներին անձամբ չի ճանաչում, իսկ անչափահաս երիտասարդներին, ովքեր ակցիա էին իրականացնում, ճանաչե՞լ է։  Ի պատասխան Անի Գևորգյանն ասաց, որ այդ երեխաներին երբևէ չի տեսել, ծանոթ չի եղել, առաջին անգամ նրանց բոլորին տեսել է հիվանդանոցի մոտ։

Պաշտպանական կողմից  Տիգրան Աթանեսյանն էլ  ցանկացավ իմանալ, թե Գևորգյանը ե՞րբ զգաց, որ միջադեպ կլինի և ե՞րբ սկսեց տեսանկարահանումը։ Անի Գևորգյանն էլ պատասխանեց, որ առաջին ազդակը կտրուկ արգելակումն էր և այդ պահից սկսած միացրել է տեսախցիկը։

Աթանեսյանը նաև հարցրեց, թե որքանով էր Անի Գևորգյանին՝ որպես մասնագետի, հետաքրքիր վերոնշյալ երիտասարդների ակցիան, երբ որ ապրիլի 20-ին Երևանում կատարվում էին շատ ավելի տպավորիչ ակցիաներ և ինչը ստիպեց նրան գնալ հենց այդ երեխաների հետևից՝ դեպի թանգարան։

Ի պատասխան Անի Գևորգյանն ասաց․

«Ներողություն եմ խնդրում, բայց ձեր հարցի մեջ անլրջություն կա լուսանկարչի և լրագրողի մասնագիտության նկատմամբ։ Այդ օրերին, երբ որ բոլոր լրատվամիջոցները, բոլոր լուսանկարիչները, լրագրողները  լայվ տվող օպերատորները գտնվում են կոնկրետ մի քանի վայրում և լուսաբանվում է այնտեղ, ինձ և նաև իմ բազմաթիվ գործընկերներին  հետաքրքրում էր, թե ինչ է կատարվում կենտրոնից հեռու, այն վայրերում, որտեղ մարդիկ լրագրողներից  ու լայվերից հեռու են։ Ու նաև այդ օրերին էր, երբ որ ես նյութ պատրաստեցի, կարծեմ միջադեպից մի քանի օր հետո էր, երբ տնից դուրս եկա ու ոտքով քայլեցի մինչև կենտրոն և ճանապարհին լուսանկարեցի նույնիսկ ամենափոքր բակում ու փողոցում տեղի ունեցող ցույցը»,- ասաց Անի Գևորգյանը։

Մյուս վկան միջադեպի վայրին մոտ գտնվող ռեստորանի մատուցողուհի Տաթև Դավթյանն իր ցուցմունքում նշեց, որ դեմքով ամբաստանյալներին ճանաչում է, տուժող Դավիթ Ավետիսյանն իր հարևանի տղան է։ Նա պատմեց, որ ռեստորանի ներսում գտնվելիս վիճաբանության ձայներ է լսել, դուրս է եկել, քաշքշուկ է տեսել, մոտեցել է երիտասարդներին ու հորդորել դադարեցնել քաշքշուկն ու հեռանալ, ինչից հետո իր խոսքերով երիտասարդները նստել են իրենց ավտոմեքենան և հեռացել։

Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին, ժամը 10:30-ին։

Լիլիթ  Թադևոսյան

Pin It on Pinterest