«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից, «Սասնա ծռեր» խմբի համակիր Փայլակ Թեւանյանի գործով դատական նիստերն արդեն 7 ամիս է տեղի չեն ունենում։ Այս ամիսներին հինգ դատական նիստ է նշանակվել, որոնք տարբեր պատճառներով՝ պաշտպանի չներկայանալու, դատարանի ծանրաբեռնվածության, դատավորի խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով տեղի չեն ունեցել։ Վերջին դատական նիստն էլ դատավորի խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով է հետաձգվել։

Փայլակ Թեւանյանը մեղադրվում է 2017 թ հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դարպասների դիմաց իշխանության ներկայացուցիչ հանդիսացող կարգադրիչ Առաքել Արզումանյանին ապտակելու մեջ։ Փայլակ Թեւանյանը չի ընդունում մեղադրանքը։

Այդ օրը դատարանում բռնություն կիրառվեց «Սասնա ծռեր» խմբի 4 անդամների՝ Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եզիազարյանի, Արեգ Կյուրեղյանի եւ Մխիթար Ավետիսյանի նկատմամբ, իսկ դատարանի դիմաց՝ իրենց նկատմամբ։
Դատարանից դուրս են հանել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի որդուն՝ Գարուշին։ Պարզելու համար, թե ինչ է կատարվել Փայլակ Թեւանյանը, Գարուշ Պետրոսյանը եւ կարգադրիչ Առաքել Արզումանյանը հայտնվել են նույն հատվածում։

Փայլակ Թեւանյանը հիշում է՝ այդ ընթացքում կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվել փորձել է ընկերոջը եւ կարգադրիչին իրարից բաժանել: Սակայն կարգադրիչը, իր խոսքերով, սկսել է հայհոյել։ Փայլակը փորձել է պատասխանել եւ գնացել է նրա ուղղությամբ։

«Նույնիսկ այդ դեպքի ժամանակ նա իշխանության ներկայացուցիչ չի եղել, որովհետեւ լկտի, խուլիգանական վարքագիծ էր դրսեւորում։ Ես կարծում եմ, որ մարդ խուլիգանական վարքագիծ է դրսեւորում, հայհոյում է, խփում է մարդկանց, նա չի կարող լինել իշխանության ներկայացուցիչ։ Իսկ եթե մինչեւ այդ պահը եղել է, ապա այդ պահից սկսած չի կարող լինել»,- ասում է Փայլակ Թեւանյանը։

Միջադեպից հետո նրան բերման են ենթարկում։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ որպես ապացույց ներկայացվում է տեսանյութը, որտեղ Փայլակը առաջ է գնում եւ ուժեղ հարվածի ձայն է լսվում, բայց հարվածի պահը չկա։
Փայլակ Թեւանյանը դեռ նախաքննության փուլից պնդել է, որ գործը սարքված է։ Այդ մասին նշել է նաեւ լրատվամիջոցներին տված հարցազրույցների ժամանակ։ «Սասնա ծռեր»-ի համակիրը կարծում է՝ հենց դա էլ հիմք հանդիսացավ, որ իր նկատմամբ քրեական գործ հարուցվի։ Միջադեպի առիթով մեկ այլ ակտիվիստի նկատմամբ էլ էր գործ հարուցվել, սակայն կարճ ժամանակ անց՝ կարճվել․

«Ասեցին, բա այս փուլում այսպիսի բան են անում, Փայլակ ջան։ Հետագայում այդ նույն խնդիրը դատարանի դահլիճում բարձրացրեց դատախազը։ Իրենց նեղվածությունն այն է, որ ասել եմ փնթի սարքողներ։ Իրենք իրար մեջ նստել մտածել են, ոնց մենք այդքան պրոֆեսիոնալ գործ սարքողներ ենք, հիմա եկել մեզ ասում են փնթի սարքող»։

Հենց վատ սարքված գործի պատճառով էլ, ըստ Փայլակ Թեւանյանի, գործը տեղից չի շարժվում։ Գործով դատաքննությունն արդեն ավարտվել է, եւ դատախազը պետք է հանդես գա ճառով։ Ակտիվիստի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը նշում է՝ վկաների ցուցմունքները, ինչպես նաեւ տեսագրությունը իրենց կողմից վիճելի է։ Պաշտպանական կողմը պահանջելու է արդարացում։

Այսօր «Սասնա Ծռեր» խմբի համակրին ավելի շատ անհանգստացնում է այն, որ չի կարող մասնակցել խորհրդարանի առաջիկա արտահերթ ընտրություններին։ Նա կորցրել է նույնականացման քարտը, իսկ անձնագիր երբեւէ չի ունեցել։ Կորցնելու մասին տեղեկացրել է ոստիկանությունը։ Ընտրություններին մասնակցելու համար ցանկացել է անձնագիր ձեռք բերել, սակայն Անձնագրային բաժնից տեղեկացրել են, որ նույնականացման քարտի հետ կապված խնդիր չկա, կարող է գնալ եւ ստանալ.

«Սակայն երեկ պարզվեց, որ համակարգում արգելք կա դրված։ Քննչականից պատասխան է եկել, որ իմ նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանված։ Չեն էլ ասել՝ այդ դեպքում անձնագրայինը իրավունք ունի նույնականացման քարտ տալ, թե՝ ոչ»,- ասում է Փայլակ Թեւանյանը։

Նա ափսոսում է՝ առաջիկա ընտրություններին չի կարող իր քվեն տալ նախընտրած քաղաքական ուժին։

Սուսաննա Պողոսյան

Pin It on Pinterest