Հացադուլավոր կալանավորին ՄԻՊ-ն այցելու է միայն 8 օր անց

Արդեն 15 օրն է, ինչ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ է գտնվում 10 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Մերուժան Մանուկյանը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները միայն 8-րդ օրն են այցելում Մանուկյանին։ Նրանք տեսակցում են կալանավորին և արձանագրում, որ վերջինս պարբերաբար ստանում է անհրաժեշտ բուժսպասարկումը։

«Մեր աշխատակիցներին Մերուժան Մանուկյանը տեղեկացրել է, որ հացադուլը քրեակատարողական հիմնարկի պայմանների դեմ բողոք չէ, այլ ունի անձնական դրդապատճառներ։ ՄԻՊ-ը կշարունակի պարբերաբար այցելել հացադուլավորներին»,- Forrights-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից։

Ներկայացուցիչներն արձանագրում են, որ կալանավորը նման ծայրահեղ քայլով պահանջում է Վճռաբեկ դատարանին վերանայել իր գործը և բեկանել Վերաքննիչ քրեական և Առաջին ատյանի դատարանի որոշումները։

Ամբաստանյալները զրկված են եղել իրենց դեմ ցուցմունք տված անձին առերես հարցաքննելու իրավունքից

34-ամյա Մերուժանին սկզբից մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել՝ խուլիգանական դրդումներով), սակայն 2 ամիս անց հոդվածը փոխվել է ՔՕ 175-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասով (Ավազակային հարձակում՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով)։ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտում է 10 տարի 6 ամիս ժամկետով, Վերաքննիչ դատարանը պատժաչափը մեղմացնելու և գործը կրկին քննելու բողոքը մերժում է, ինչից հետո պաշտպանական կողմը դիմում է Վճռաբեկ դատարան։

Ըստ առաջադրված մեղադրանքի, 2016 թ․ փետրվարի 3-ին, Արմեն Սարգսյանի և դեռևս չպարզված անձանց հանցակցությամբ, նախնական համաձայնության գալով, «Օպել» մակնիշի 35 PO 629 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին շենքի և դրան հարակից «Շամպայն» գործարանի պարիսպի մոտ, որտեղ նախապես մշակված պլանի համաձայն Արմեն Սարգսյանը ավտոմեքենան կայանել է նշված վայրում և սպասել, իսկ Մերուժան Մանուկյանը և գործով դեռևս չպարզված անձը, ժամը 20։50-ի սահմաններում հարձակվել են Արթուր Հարությունյանի վրա, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` կարմիր գույնի պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված փայտե մահակով հարվածել նրա գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել և շարունակել են հարվածներ հասցնել Արթուր Հարությունյանի գլխին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` բաց գանգուղեղային վնասվածքի, քունքոսկրի կոտրվածքի, գլխուղեղի սալջարդի, սուբարախրոնիդալ արյունազեղման ձևով, սակայն չկարողանալով հափշտակել Արթուր Հարությունյանի մոտ եղած խոշոր չափի` 3.000.000 ՀՀ դրամ գումարը, նստել են նշված ավտոմեքենան և դիմել փախուստի։

Պաշտպանական կողմը, սակայն մի շարք էական հակասություններ է գտնում մեղադրանքում։ Մասնավորապես, Մանուկյանի պաշտպան Արթուր Ալիխանյանը շեշտում է, որ տուժող կողմն իր սկզբնական ցուցմունքում նշել էր, թե դեպքի պահին իր մոտ է եղել 50․000 դրամ, իսկ մեկ այլ ցուցմունքում ինքն իրեն հակասում է՝ գումարի չափը մոտ 3 մլն դրամ է եղել․

«Տուժողը նախաքննական ցուցմունքում նշել էր, որ երբեք չի սիրել դրամարկղի գումարը հետը վերցնել, դրա համար էլ այդ օրն իր մոտ եղել է մոտ 50․000 դրամ։ Ըստ նրա, այդ մասին բոլորն են իմացել։ Այս ցուցմունքից կարճ ժամանակ անց, Արթուր Հարությունյանը կտրուկ փոխում է խոսքը․ այս անգամ նա պնդում էր, որ 3 մլն դրամ է եղել մոտը։ Թե ինչն է պատճառ հանդիսացել նմանօրինակ հակասական ցուցմունքի, դեռ չենք կարող ասել։ Բացի վերոնշյալից, տուժող-Մերուժան Մանուկյան և տուժող-Արմեն Սարգսյան առերես հարցաքննություն այդպես էլ չի եղել»,- Forrights-ի հետ զրույցում նշեց փաստաբան Ալիխանյանը և հավելեց՝ ըստ էության, ամբաստանյալները զրկված են եղել իրենց դեմ ցուցմունք տված անձին առերես հարցաքննելու իրավունքից։

«Ցուցմունքները քննիչները «կորզել» են ստիպողաբար՝ հոգեբանական ճնշում գործադրելով հարազատ քրոջ, հորեղբոր աղջկա և նախկին ընկերուհու վրա»

Մերուժան Մանուկյանի կնոջ՝ Մարինե Պողոսյանի խոսքերով, ամուսնու դեմ ցուցմունք են տվել նրա հարազատները՝  հարազատ քույրը, հորեղբոր աղջիկն ու նախկին ընկերուհին։ Ըստ Մարինեի, այդ ցուցմունքներն էլ քննիչները «կորզել» են ստիպողաբար՝ հոգեբանական ճնշում գործադրելով․

«Քրոջն են տարել ու ժամերով հարցաքննել, նախկին ընկերուհուն վախեցրել, որ իր և ամուսնուս կապի մասին կիմանա նրա ամուսինը, երեխայի հանգամանք առաջ բերել և այլն։ Ոչ վկա ա եղել դեպքի վայրում, ոչ տուժողն ա բողոքում, բայց գործը փակում են ու դատապարտում։ Ամուսինս էս գործի հետ ոչ մի կապ չունի։ Տարածքի տեսախցիկները կարող հաստատել ասածս, որ Մերուժանը դեպքի վայրում չի եղել»,- ասաց Մերուժանի կինը։

Պաշտպանական կողմը, ինչպես Առաջին ատյանի,այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում միջնորդել է անթույլատրելի ճանաչել այդ ցուցմունքները, հիմքում դնելով այն հանգամանքը, որ այդ ապացույցները ոչ միայն արժանահավատ չեն, այլ ուղղակի ի սկզբանե անթույլատրելի են եղել, սակայն երկու դատարաններն էլ որևէ որոշում չեն կայացրել։

Վճռաբեկ դատարանն էլ գործը ստանալուց օրեր անց այն հետ է ուղարկել փաստաբան Արթուր Ալիխանյանին, պատճառաբանելով, որ թույլ են տրված բողոքի ձևական սխալներ։ Փաստաբանն այստեղ ևս գործը պատշաճ և արդար չքննելու միտում են տեսնում․

«Այդ «ձևական սխալները» ես շատ արագ շտկեցի ու կրկին ուղարկեցի Վճռաբեկ դատարան։ Հուսով եմ՝ գործը վարույթ կընդունվի»,- նշեց Ալիխանյանը եւ հավելեց՝ ի սկզբանե սույն քրեական գործով սխալ քրեաիրավական որակում է տրվել եւ սխալ մեղադրանք առաջադրվել սխալ մարդկանց. «Բողոքով պահանջում ենք արդարացում»։

Ռոզա Վարդանյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest