Մեղադրողը միջնորդեց լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների պատիժը նշանակել տուգանքի ձևով

0
621
Տիրայր Մուրադյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում քննվող  տուժող ճանաչված լրագրող Տիրայր Մուրադյանի գործով նիստի ժամանակ կողմերը հանդես եկան ճառերով։

Հիշեցնենք, որ Տիրայր Մուրադյանի գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության երկու աշխատակցի։ Մասնավորապես՝ Սուրեն Ալբերտի Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա    հանդիսանալով ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության պաշտոնատար անձի հանդիսացող Արեգ Թորոսյանի հետ լրագրողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով խոչընդոտել են զանգվածային լրատվության միջոց հանդիսացող   «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադի Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Արեգ Արթուրի Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության պաշտոնատար անձի հանդիսացող Սուրեն Թորոսյանի հետ լրագրողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով խոչընդոտել են զանգվածային լրատվության միջոց հանդիսացող

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադի Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:  Հիշեցնենք, որ միջադեպը տեղիէ  ունեցել 2018 թվականի ապրիլի 19-ի առավոտյան, երբ Տիրայր Մուրադյանը իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով գնացել է Հանրապետության հրապարակ և տեղի ւնեցող հավաքի մասնակիցների հետևից և  ֆիքսել էր հավաքի մասնակիցների վարքագծից ակնհայտորեն տարբերվող անձանց, քանի որ հիմնավոր կասկածներ է ունեցել, որ այդ մարդիկոչ թե հավաքի մասնակիցներ են, այլ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, սադրիչներ։ Եվ այս ընթացքում էլ նա ոստիկանների կողմից ենթարկվել էր բռնության։

Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանն իր ճառում նշեց, որ գտնում է, որ ամբաստանյալների նկատմամբ հարուցված մեղադրանքը հիմնավորված է և նրանց արարքներին տրվել է ճիշտ իրավական գնահատական։

Վերջինս նշեց, որ ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ չկան և ելնելով վերոգրյալից՝ միջնորդեց Սուրեն Թորոսյանին և Արեգ Թորոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին  մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝) նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ տուգանքի ձևով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

Տիրայր Մուրադյանի պաշտպան Գրիշա Բալասանյանն իր ճառում անդրադառնալով նրան, որ պաշտպանական կողմը նշում էր, որ Տիրայր Մուրադյանի բեյջը կնքված չի եղել, նշեց, որ եթե անգամ ընդունեն, որ Տիրայր Մուրադյանի բեյջը կնքված չի եղել այդ պարագայում կարելի՞ էր ծեծել մարդուն, խոչընդոտե՞լ նրա աշխատանքը։

«Այսինքն՝ խոչընդոտելու պրոցեսը կապված է բեյջ կնքել չկնքելու հե՞տ։ Սա ևս գնահատական է մարդու արածի, թե ինչպես է ինքն իրեն փորձում արդարացնել։ Եթե մարդուն ծեծելը պայմանավորված է  զուտ կնիք դնել կամ չդնելու հետ, կարծում եմ՝ մենք այստեղ խնդիր ունենք։ Եվ ամփոփելով միտքս՝ հույս ունեմ, որ դատարանը կկայացնի օբյեկտիվ և անաչառ դատավճիռ և սրանով գոնե ինչ-որ չափով կվերականգնենք արդարությունը»,- ասաց Գրիշա Բալասանյանը։

Այնուհետև ճառով հանդես եկավ տուժող Տիրայր Մուրադյանը։ Նա նախ անդրադարձավ այն հանգամանքին, որ դատավարության պաշտպանական կողմն իր հարցաքննության ժամանակ իրեն հարցրել էր, թե եղե՞լ են դեպքեր, որ ինչ-որ միջադեպի մասնակից է եղել և ինչ-որ կազմակերպություններից ֆինանսական կամ այլ տեսքով փոխհատուցում ստացել է, թե ոչ։

«Ոչ միայն այս դատավարության մասնակիցներին, այլ առհասարակ իմ լրագրողական գործունեության վերաբերյալ  արվող նման հարցադրումներին հատուկ ուզում եմ ընդգծել, որ եթե ՀՀ-ում լրագրողի գործունեությունը պետք է գնահատել որևէ կոնկրետ դատական գործում որոշակի շահերից ելնելով, ապա դա համարում եմ  լրագրողի աշխատանքը գնահատելու, այդ պրոցեսի համար ընդհանրապես պատկերացում չունենալու արգասիք»,- ասաց Տիրայր Մուրադյանը։

Վերջինս ցանկացավ  ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ դատարանը ներքին համոզմունք ձևավորելու փուլում  շատ ուշադիր նայի, դիտի, զննի կոնկրետ դեպքը տեղի ունենալու ժամանակագրությանը։

Ըստ Մուրադյանի՝ այս դեպքին իրավական գնահատական տալու համար իր կարծիքով պետք է նայել, թե ինչ քաղաքական իրադրություն էր և ոստիկանության ծառայողի վարքագիծն ինչպիսին էր այդ պայմաններում։

«Եթե մենք մտովի վերադառնանք 2018 թվականի ապրիլի 23-ին նախորդող ժամանակահատվածի ոստիկանության ծառայողների վարքագծին, ապա ներքին համոզմունք  ձևավորելուց, յուրաքանչյուրս որոշակի ճշգրիտ իրողության կհանգենք։ Եվ ես հույս ունեմ, որ առաջին ատյանում տեղի ունեցող այս դատաքննությունը գոնե տուժող կողմի համար կստանա ճիշտ իրավական գնահատականներ և մենք դրանով կսահմանափակվենք»,- իր ճառն այսպես եզրափակեց Տիրայր Մուրադյանը։

Ամբաստանյալ  Սուրեն Թորոսյանի պաշտպան Զորայր Հարությունյանն էլ իր ճառում նշեց, որ տուժող Տիրայր Մուրադյանի կողմից հայտնած տեղեկությունները,  դրանց բովանդակությունը  անհնար է այլ աղբյուրներից տեղեկությունների հետ համադրելու արդյունքում գնահատել որպես արժանահավատ և հետևապես նաև անհնար է սույն քրեական գործում առկա փաստական տվյալները որակել՝ որպես ապացույցների բավարար ամբողջություն։ Վերջինիս խոսքերով՝ ըստ էության սույն քրեական գործը մեղադրող կողմը կառուցել է  ելնելով բացառապես տուժողի ցուցմունքի հիման վրա։

Իր ճառի ավարտին պաշտպան Զորայր Հարությունյանը դատարանից խնդրեց իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։

Քանի որ Արեգ Թորոսյանի պաշտպանը ճառին պատրաստ չէր, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց դատական նիստը։ Այն կկայանա դեկտեմբերի 13-ին։

Լիլիթ Թադևոսան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here