ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին վերաքննիչ բողոքը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Միջնորդության՝ մինչև երեկ գաղտնի պահվող հիմքն այսօր բարձրաձայնեց պաշտպան Հայկ Ալումյանը։ Նա հայտարարեց, որ գործի քննությունն արդեն իսկ սկսվել է օրենքի կոպիտ խախտումով․

«Օրեր առաջ տեղեկացա, որ Մխիթարյանին գործը մակագրվել է թղթային վիճակահանությամբ, մինչդեռ նման կարգ օրենքով սահմանված չէ, փաստացի՝ անօրինական է։ Մենք դատարանից պահանջեցինք կատարված վիճակահանության արձանագրությունը։ Դատավոր Մխիթարյանը նշեց՝ թեև վիճակահանություն եղել է, սակայն արձանագրություն չկա, հետո պարզաբանեց՝ չգիտի դատարանի նախագահը գործը իրեն է հանձնարարել վիճակահանությա՞ն արդյունքում, թե՞ այլ չափանիշի հիման վրա է որոշել։ Այս պատասխանը մեզ ավելի խճճեց։ Այնուհետև դատարանի նախագահի պաշտոնակատրից փորձեցինք ստանալ վիճակահանության արձանագրությունը, եթե նման փաստաթուղթ կա։ Դատարանի նախագահի պաշտոնակատարը պարզաբանեց, որ դատարանի կազմը որոշվել է պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով դատավորների ծանրաբեռնվածությունը։ Այսինքն, եթե այս գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ, մենք որևէ ակնկալիք չունենք, որ գործի ավարտը կարող է լինել օրինական, որովհետև հիմքը սա է»,- նշեց պաշտպան Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանը միացել է պաշտպանական կողմի միջնորդությանը, գործում ներգրավված 6 դատախազները ևս չեն առարկել ներկայացված միջնորդության դեմ։ Ալումյանն այս առիթով համոզմունք հայտնեց, որ նրանք ցանկացել են պատրանք ստեղծել, թե երկու կողմերն էլ դժգոհ են դատավորից․

«Սովորաբար դա տակտիկական քայլ է, եթե մի կողմը դատավորից դժգոհ է, մյուսն էլ ուզում է, որ անպայման այդ դատավորը քննի, ինքն էլ իր հերթին է դժգոհում, և կողմնակալ անձին թվում է, թե երկու կողմն էլ, եթե դժգոհ են, ուրեմն իրականում ինքը շատ օբյեկտիվ դատավոր է»։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի տարբերություն երեկվա, այսօր ներկա չէր գտնվում դատական նիստին։ Փոխարենը, այսօր լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա․

«Մենք գտնում ենք, որ՝ այո՛։ Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է մնա կալանքի տակ, և մենք բերում ենք այն հիմնավորումները, որոնք վկայում են, որ կա անհրաժեշտություն քննության այս փուլում, որպեսզի երկրորդ նախագահը մնա կալանքի տակ»,- ասել էր Դավթյանը։

Պաշտպանը տրամաբանական համարեց Գլխավոր դատախազի նման դիտարկումը, նշելով՝ Դատախազությունը նման դիրքորոշում է հայտնում, պաշտպանական կողմը՝ հակադարձ դիտարկում կատարում, դատարանն էլ նախատեսված է այս «հակամարտությունը» քննելու և արդար որոշում կայացնելու համար։

Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակում է։ Ինքնաբացարկի միջնորդության որոշումը կհրապարակվի 17։00-ին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest