ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանը կշարունակի վաղը։ Պաշտպանական կողմը չհասցրեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Ռուբեն Մխիթարյանին․ վերջինս մեկ օր ժամանակ տվեց փաստաբաններին։

Այս մասին լրագրողներին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նա չպարզաբանեց ինքնաբացարկ հայտարարելու հիմքը․ «Միջնորդությունը կներկայացվի մեկ հիմքի վրա կառուցված, ընդգրկելով մի քանի փաստեր»,- նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանը, չնայած ողջ ընթացքում դատարանում էր գտնվում, մինչև վերջին պահը խուսափեց լրագրողների հետ հանդիպումից։ Անգամ դատարանի շենքից դուրս է եկավ ոչ թե գլխավոր մուտքից, այլ ետնամասից։ Պաշտպան Ալումյանը պարզաբանեց, որ Քոչարյանի հասցեին հնչող մեկնաբանություններն են առիթ տալիս, որ նախկին նախագահը խուսափի ևս մեկ անգամ տեսախցիկների առաջ հայտնվելուց։ Այնուամենայնիվ, դատարանում Ռոբերտ Քոչարյանի հոգեվիճակն այնպես է եղել, «ինչպես ցանկացած մեկ այլ մարդունը, ում առանց օրինական հիմքերի կբերեն ու կպահանջեն կալանավորել»,- նշեց Ալումյանը։

Վերաքննիչ բողոքի նիստին ներկա էր գտնվում նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Սակայն, նրա մասնակցությունը մտահոգության կամ կաշկանդվածության առիթ չի տվել դատավարական մասնակիցներին․

«Մտահոգության առիթ չի տալիս, սակայն առավել հեշտ է մրցակից ունենալ մեկ դատախազ, քան վեց դատախազ, որոնցից մեկը գլխավոր դատախազն է: Նիստի ընթացքում նաև միջնորդություն է եղել, մի քանի փաստաթղթեր ենք պահանջել, գլխավոր դատախազն առարկեց, բայց դատարանը հնարավորություն տվեց այդ փաստաթղթերը պահանջել»,- հայտարարեց Հայկ Ալումյանը, հավելելով, որ այս պահին դատախազ Դավթյանին ինքնաբացարկ հայտնելու հիմք չի տեսնում։

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը՝ Հայկ Ալումյանը նշեց, որ որոշման հիմքում դատարանը բացառապես անդրադարձել է անձեռնմխելիության հիմքին.

«Միտքը հետևյալն է, որ անձեռնմխելիության հարցը քննարկելիս դատարանը չպետք է կտրվի հիմնավոր կասկածի խնդիրը քննարկելու հարցից, այսինքն՝ այդ երկու հարցը պետք է իրար հետ քննի, ինչը, ըստ Վճռաբեկի՝ Վերաքննիչը չի արել: Եթե դատարանը հետևի Վճռաբեկի պահանջին, ապա այդպես պետք է վարվի, ինչպես մենք էինք ասում մեր վճռաբեկ բողոքում»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել բեկանել Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ որոշումը և գործն ուղարկել դատարան՝ նոր քննության:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest