Մայիսի 6-ին, սահմանամերձ Տավուշի «Մեհրաբներ» զորամասում սպանված զինծառայող, արմավիրցի Լևոն Թորոսյանի մայրը չի մոռանում որդու կանչը: 4 րոպե 16 վարկյան խոսել է նրա հետ մահից առաջ: Հանկարծ որդին գոռացել է՝ «մա՛մ», և մորը՝ Արմինեին, մինչ օրս թվում է, որ դա հենց այն պահն է եղել, երբ որդու վրա հարձակվել են:

«Բոռաց՝ մամ, հեռացող ձայնով, խշխշոց լսեցի ու ընդհատվեց խոսակցությունը, երկուսիս խոսքը բերանում մնաց: Ահավոր է, որ երեխեն գոռում ա, կանչում ա քեզ, ու դու չես կարող գնալ օգնության», — վերհիշում է Արմինե Պողոսյանը: Լևոնի մարմնին՝ ամորձիների, որովայնի, սրունքների շրջանում կապտուկներ, արյունազեղումներ և այլ վնասվածքներ էին հայտնաբերվել: Բայց նախաքննությունը մշակել է մի վարկած՝ «ինքնասպանության դրդելը»:

Գործը հարուցված է Քրեական օրենսգրքի հենց այդ հոդվածով՝ 110-րդ, մաս առաջին: Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտ, Երանոս գյուղի բնակիչ Վոլոդյա Հողիկյանին, որը, իբր՝ հայհոյել է Լևոնին, վերջինս էլ վիրավորանքից ինքն իրեն կրակել է:

«Չեմ հավատում: Էս հարիֆի վրեն ջարդել են», — համոզված պնդում է կինը: Մայրը զայրույթից չի օգտագործում ինքնասպանություն բառը:

«Մենք պայքարում ենք հանցագործ կառույցի դեմ»

Նա այս շաբաթ մյուս մայրերի հետ մեծ հույսով սպասում էր Փաշինյանի հետ հանդիպման արդյունքին: Արդեն հայտնել ենք, որ զինդատախազության կողմից «ինքնասպան» համարվող 10 զինծառայողների ծնողներ հանդիպում էին պահանջել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նոյեմբերի 22-ին հանդիպումը կայացավ: Ծնողները պահանջել էին վերացնել «ինքնասպանության կեղծ պիտակը» և մահվան դեպքերով արդար դատաքննություն իրականացնել, իսկ Փաշինյանը պատասխանել էր, որ զոհվածների քրեական գործերը հանձնաժողով կստեղծի:

Արմինե Պողոսյանը եկել է եզրակացության, որ այդ հանդիպման ժամանակ չեն անդրադարձել գլխավորին՝ ինչո՞ւ բանակում մթնոլորտը չի փոխվում, ինչո՞ւ սպանությունները չեն կանխվում, այլ ավելանում են:

«Մենք պայքարում ենք հանցագործ կառույցի դեմ: Բանակում երեխեքի զանգվածային սպանդ է տեղի ունենում: Դաժանորեն ծեծում են, սպանում են, զինվորներից սուտ ցուցմունք են վերցնում, գրում են «ինքնասպանություն»: Որդուս գործը ՀՔԾ-ում է, ավագ քննիչ Սաշիկ Ավետիսյանի մոտ: Ես նրան վստահում եմ, բայց նրան չեն թողնելու, որ բացահայտի: Հասկանո՞ւմ եք»:

Արմինեի որդին սիրով է գնացել բանակ: Գնալուց առաջ զինվորական բոլոր կոչումներն անգիր է արել: «Բայց գնաց ու հիասթափվեց»,- նշում է մայրը Forrights-ի հետ զրույցում, -«Ասում էր՝ մամ, սաղ ստեղ ուռած, խմած քնած են, ինչքան դատված, ՉՊ ունեցող, հոգեկան հիվանդ սպա կա, բոլորը «Մեհրաբ» զորամասում են»:

«Մամա ջան, ստեղ բարդ ա»

Լևոնը խախտել է բանակի չգրված օրենքը՝ աղբը տանից դուրս չհանել: Նա հաճախ պատմել է մորը, թե ինչ է կատարվում զորամասի ներսում: Դժգոհել է սպաներից, ձգտել է տեղափոխվել գոնե Արցախ:

«Զանգեց, ասեց՝ ուզում եմ տեղափոխվեմ, դիմում գրեմ, գնամ Ղարաբաղ: Մենք ծանոթ էինք ման գալիս, որ տեղափոխման հարց լուծեինք: Դե, ասում էինք՝ Հայաստանի մեջ ա, լավ կեղնի, ի՞նչ իմանայինք՝ ինչ կեղնի: Երեխես թազա ֆորմա ուներ, չհասցրեց հագնել: Ասեցի՝ Լևոն ջան «պադշիվ» էլ եմ առել, էն, որ կարում են ֆորմի օձիքի տակ, հանում, քցում են, էլ չեն լվանում օձիքները: Ասեց, այ մամ, ի՞նչ «պադշիվ», էնդեղ ո՞վ ա կարում «պադշիվ», որ ես կարեմ»։

Արմինե Պողոսյանը փոխանցեց մեզ իր որդու գանգատները «Մեհրաբի» հրամկազմից. «Ասում էր, մամա ջան, ստեղ «բարդակ» ա: Աֆիցերները սաղ օրը հարբած, ծակված, ընկած են: Երեխես կանգնած ա եղել, մայորը էնքան ա հարբած եղել, որ չի տեսել, որ նա կանգնած է: Ասել է՝ զինվոր, ինչո՞ւ ես նստած: Թափ-թափ եկել է, որ հարձակվի, Լևոնը կանգնած տեղից պատասխանել է. «Ես նստած չեմ»: Ճոճվելով, թողել, նստել է ավտոն, հեռացել է: Տղաս ասում էր՝ մամ, պոստերը մենք ենք պահում, տղերքով, իրանք խմած -ուռած նստած են»:

Կարծում ենք, Պաշտպանության նախարարությունը, կարդալով այս տողերը, ձևական հերքումներ չի տարածի, և ի գիտություն կընդունի հանգուցյալ զինծառայողի գանգատները:

«Ես առողջ տղա եմ տվել, իսկ իրենք ի՞նչ տվեցին ինձ փոխարենը»

Պաշտպանության նախարարը, ըստ Արմինե Պողոսյանի, բանակում հաճախակի դարձած սպանությունների համար առաջին պատասխանատուն է: Մինչև Նիկոլի մոտ գնալը, նա և ամուսինը բազմաթիվ նամակներ են գրել ՊՆ: Պատասխանը մեկն է եղել. քննություն է ընթանում, նախարարությունը կապ չունի:

«Բա ո՞վ կապ ունի: Մենք պարտավո՞ր ենք 18 տարի մեր երեխեքին պահել, դարձնել առողջ տղամարդ, տանք իրենց, իրենք էլ տանեն, սպանե՞ն: Ես առողջ, խելացի տղա եմ տվել էս երկրին, իսկ իրենք ի՞նչ տվեցին ինձ փոխարենը: Բա ո՞ւմ համար է նախարարը աշխատում, եթե կապ չունի: Նրա և «ինքնասպան» զինվորների մյուս ծնողների և նախարար Տոնոյանի արանքում ապակի է, կառավարության դռան ապակին:

Արմինեն մտաբերում է, որ մի անգամ, երբ կառավարության շենքի առաջ մյուս ծնողների հետ ցույց էր անում, տեսել է, թե ինչպես է Դավիթ Տոնոյանը աստիճանների վրա լրագրողներին հարցազրույց տալիս: «Բարձրանում էր վերև, բռունցքով հարվածեցի շենքի պատուհանին, լրագողները տեսան, իսկ ինքը մի հատ շուռ չեկավ, ասի՝ ի՞նչ է պատահել: Փախնելով, բարձրացավ վերև»:

Հարցին, թե ինչ տպավորություն ստացավ Փաշինյանի հետ հանդիպումից, Արմինեն պատասխանեց.

«Հույս ունեմ, որ մի բան կանի վարչապետը: Հանդիպմանը ամուսինս էր գնացել, ես տեսանյութերն եմ նայել, բայց ինձ թվում է, էս երեխեքի հարցը շատ կարևոր չեն համարում: Համասեռամոլների հարցը էսօր ավելի կարևոր է, դրել են , ամբողջ օրը քննարկում են, իսկ մեր երեխեքին այդքան ուշադրություն չկա: Չէ՞ որ մեր երեխեքը մեր տան ճրագներն էին»:

«Տղային սպանել են, նստեցրել են կոճղին, գնդացրի փողը դրել են ծնոտի տակ»

«Խաղաղության երկխոսություն»․ՀԿ․․փորձագետ,  Ռուբեն Մարտիրոսյանը, որին դիմել են Լևոն Թորոսյանի ծնողներն իրավական օգնություն տրամադրելու խնդրանքով, տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չի կարողանում ստանալ Թորոսյանի մահվան հետ կապված ծառայողական քննության նյութերը: Ասում են՝ գաղտնի է:

«Բայց ինձ մոտ հենց հիմա կան ծառայողական քննությունների նյութեր երեք գործերով: Ինչո՞ւ մեկ գործով իրենք կարող են նյութեր տրամադրել, մեկ այլ գործով՝ ոչ: Սա նշանակում է, որ և քննությունն է կեղծ, և ծառայողական քննությունն է կեղծ, որը երեք օրում է կատարվում: Նրանք արդեն համապատասխանեցրել են իրար այս երկու քննությունների նյութերը և կեղծիքներ են կատարել», — ասում է փորձագետը:

Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն և ՀՔԾ-ում հարցաքննվել է Լևոն Թորոսյանի մահվան գործով: Նա իր կասկածներն է հայտնել «ինքնասպանություն» վարկածի հետ կապված: «Մահացու հարվածը եղել է հորիզոնական հարթության վրա: Տղային սպանել են, նստեցրել են կոճղին, գնդացրի փողը դրել են ծնոտի տակ: Սա աբսուրդ է: Եթե գնդացիրը իրականում կրակեր այդ դիրքում, այն կթռչեր մի կողմ, մարմինը մի կողմ», — նշում է փորձագետը:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest