«Բացարձակ ապօրինություն է։ Այս ամենի հետևում ես տեսնում եմ հստակ պատվեր, ուղղակի դեռ դժվար է հասկանալ, թե որտեղից է պատվերը, որ այդ աստիճան ջանասիրաբար կատարում է դատարանը։ Իմ 21 տարվա փաստաբանական գործունեության ընթացքում, կալանավորման հարցում դեռ այս կարգի ապօրինություն տեսած չկամ։ Սա երևակայությունը գերազանցող ապօրինություն է: Օրենքը հստակ է ասում. եթե անձը բաց է թողնվել կալանքից,, ապա նույն մեղադրանքով նա չի կարող կալանավորվել կրկին, բացառությամբ, եթե նոր էական հանգամանքներ են բացահայտվել», այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու որոշումից հետո Forrghts.am-ին հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը

Փաստաբանի վկայությամբ նոր հանգամանքի մասին դատական նիստի ընթացքում չի խոսվել, փոխարենը անընդհատ նշվել է, թե ինչ սխալ են արել, որ բաց են թողել։

«Ինչ-որ կոնկրետ ճնշում է եղել դատարանի վրա, կալանավորելու հստակ կարգադրություն է եղել, որն ամբողջովին ապօրինություն է Ես ափսոսում եմ, որ այդքան երիտասարդ դատավորն իր կարիերան նման ապօրինությամբ է սկսել», համոզմունք հայտնեց Ալումյանը:
Թաթուլ Շուշանյանը կալանքից ազատ էր արձակվել 2018 թվականի հոկտեմբերի 20-ին ՔԿՀ պետի հրամանով, քանի որ այդ պահին լրացել էր վերջինիս կալանքի տակ գտնվելու ժամկետը, իսկ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշում չի եղել:

Նշենք նաև, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Թաթուլ Շուշանյանն արդեն մեկ անգամ կալանքից ազատ էր արձակվել գրավի կիրառմամբ, և դատարանի այս որոշումը վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունիսի 20-ին բեկանել էր՝ անթույլատրելի ճանաչելով գրավի կիրառումը և Շուշանյանը նորից կալանավորվել էր:

Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջարդված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագի», ինչպես նաև Վլադիմիր Դավթյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև անգործություն դրսևորելու համար «Ալավերդցի Վահագից»՝ Վահագն Աբգարյանից պահանջել ու անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի(7-8 հազար դոլար) կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Նշենք, որ նախորդ դատական նիստն անցել է լարված մթնոլորտում: Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանում պնդել է, որ Թաթուլ Շուշանյանն ակնհայտ ապօրինի կերպով է գտնվում ազատության մեջ. «Յուրաքանչյուր րոպե, որ նա ազատության մեջ է, սպառնալիք ու լուրջ խնդիր է քրեական գործի համար»:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը որպես հիմք նշել է, որ նա, ազատության մեջ գտնվելով, կարող է թաքնվել քննությունից, ինչպես նաև օգտագործելով իր կապերը, ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա:

«Ոչ մի դատավարական գործիք չկա Շուշանյանին նորից կալանքի տակ առնելու… Հանցավոր աշխարհի հեղինակություններ են ազատ արձակվում գրավով, դրա մեջ դատախազությունը պրոբլեմ չի տեսնում… Հանցավոր աշխարհի հեղինակություններին այնքան վտանգավոր չեն համարում, որքան իրավապահ մարմինների նախկին պաշտոնատար անձանց… », դատարանում հայտարարել էր Թաթուլ Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest