«Սասնա Ծռեր 3» քրեական գործով 11 ամբաստանյալներից 2-ն այսօր չընդունեցին համաներումը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ընթացող նիստի ժամանակ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատավարական կողմերին հայտարարեց, որ նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Համաներման մասին» օրենքը տարածվում է նաև 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա, սակայն մի պարագայում` եթե տուժողները կամ նրանց հարազատները դեմ չեն:

«2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները», — մանրամասնեց դատարանը։

Արտուշ Գաբրիելյանը, գործով անցնող ամբաստանյալներից ճշտեց վերջիններիս դիրքորոշումը համաներման ակտի հետ կապված․ արդյո՞ք ընդունում են իրենց նկատմամբ կիրառված համաներումը, թե՞ ոչ։

«Սասնա Ծռեր 3» գործով մեղադրյալներից 9-ը շեշտեցին՝ թեև ընդունում են համաներումը, սակայն շարունակում են առարկել իրենց ներկայացված մեղադրանքի դեմ․

«Ես դեռ պատասխան եմ պահանջելու՝ ինձ 2 տարի անիմաստ կալանավորված պահելու համար։ Այդ ո՞նց է ստացվում՝ ոչ մի հանգամանք չի փոխվում, նոր ապացույցներ ի հայտ չեն գալիս գործում, բայց ես հիմա ազատության մեջ եմ։ Ես չեմ առարկում, որ համաներում կիրառվի իմ նկատմամբ, սակայն զգուշացնում եմ՝  հնարավոր ամեն ինչ անելու եմ, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն մարդիկ, որոնք 2 տարի իմ կյանքից խլել են»,- իր խոսքում նշեց Կարո Եղնուկյանը։

Համաներման ակտի դեմ առարկեցին Մանվել Աթոյանը և Արթուր Սողոմոնյանը։ Նրանք հայտարարեցին, որ չեն ցանկանում իրենց նկատմամբ համաներում կիրառվի։ Forrights-ի հետ զրույցում Սողոմոնյանը նշեց, որ համաներումը չի ընդունում․

«Եթե ես հանցանք չեմ գործել, այլ օգտվել եմ իմ ապստամբելու իրավունքից և հանուն ժողովրդի այդ քայլին եմ գնացել, ուրեմն ինչի՞ պետք ա իմ նկատմամբ համաներում կիրառվի»,- ասաց նա։

Դատարանը կողմերին լսելուց հետո, որոշեց քրեական գործի քննությունը հետաձգել մինչև դեկտեմբերի 12-ը և դատարան հրավիրել տուժող կողմին՝ նրանց դիրքորոշումը լսելու համար։

Ռոզա Վարդանյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest