Արդեն 4 ամիս Մեղրու Ագարակի զորամասում ծառայող 19-ամյա երևանցի Վիրաբ Ավագյանի հայրը՝ Հայկ Ավագյանը Forrights.am-ի խմբագրություն էր եկել տղայի բժշկական փաստաթղթերը ու զինվորական երդման արարողության տեսանյութը ձեռքին: Տեսանյութում, որը կցված է մեր հոդվածին, պարզ երևում է, թե ինչպես է զինվորը հրամանատարության ներկայությամբ կաղալով մոտենում հարթակին ու զինվորական երդում ընդունում:

Իսկ արդեն բանակում մենիսկի վնասվածքով Վիրաբին ստիպում են շարք կանգնել մյուսների պես, վարժություններ անել, տանում են վազելու:
«Մենիսկի խնդիր ունեմ, կիստա, վիրահատության կարիք ունեմ, բայց վիրահատություն չեն անում»,-մեզ հետ զրույցում պատմեց այժմ Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող Վիրաբը՝ շարունակելով. «Զորամասում ամեն ինչ անում եմ, ոչ մի բան հաշվի չեն առնում: Ինձ վազեցնում են, ամեն ինչ անում եմ էնտեղ, հաշվի չեն առնում, որ պրոբլեմ ունեմ: Սահմանափակ զինծառայության հոդվածը, բայց դա հաշվի չեն առնում: Ասում են, որ անեմ, բայց ես չեմ կարողանում ու չեմ անում»:

Անցյալ տարվա զորակոչի ժամանակ Վիրաբին տարկետում է տրվել հիվանդ ոտքի պատճառով, սակայն հետո առանց զորակոչիկին բուժելու ՊՆ-ն վերցրել, նրան բանակ է տարել:
Զինվորական պատրաստվածության վարժությունների ու ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով Վիրաբի ոտքն այտուցվել է ու նրան ամռանը ուղարկել են հոսպիտալ, սակայն չեն վիրահատել, ասել են՝ վիրահատության կարիք չունի: Անգամ ծնողին տեղեկություն է հասել, որ նման վիրահատությունների համար նախարարությունից չկա համապատասխան ֆինանսավորում:
Արդյունքում Վիրաբի ծնկում հավաքված ջուրը դեղերով չորացնելուց հետո կրկին ուղարկել են ծառայության՝ նույն կարգավիճակով: Այժմ զինվորը մեկ շաբաթ է՝ հոսպիտալում է ու թեև նրան դեռ հետազոտում են, կրկին ասել են, որ վիրահատության կարիք չեն տեսնում:

Վիրաբի հայրը բողոքել է ամեն տեղ, զանգահարել է ՊՆ թեժ գիծ, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետին ուղղված զինվորի հոր դիմումին պատասխանել է ՊՆ աշխատակազմի ղեկավարը՝ ասելով, որ խնդիրը ուսումնասիրվել է ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից, կրկնել, որ հոսպիտալում նրան հետազոտել են ու պարզել, որ Վիրաբն ունի մենիստալ կիստա և վիրահատության ցուցում չի տրվել:

«Իրավունք չունեին իմ երեխային տանեին ծառայության, բայց իմ երեխան չի հրաժարվել, ես էլ չեմ հրաժարվել, որ գնա, բայց թող բուժեն, նոր տանեն: Երեխան ցավեր ունի ոչ մի կոնկրետ բուժում չեն անում»,-դժգոհեց ծնողը:
Հայրը նաև հատյարարեց, որ իր երեխան կգնա զորամաս միայն բուժումից հետո. «Իմ երեխան չի հրաժարվում ծառայությունից, բայց միայն բուժումից հետո: Ինձ Էրեբունու, «Աստղիկի» բժիշկ-պրոֆեսորներ ասել են, որ իր բուժումը միայն վիրահատությունն ա, էստեղ ասում են, որ մենիսկի վնասվածք ձեր երեխան չունի, բայց ես ունեմ փաստաթղթեր, որ իմ երեխան ունի այդ վնասվածքը»:
Հոր խոսքով՝ մենիսկի վնասվածքի պատճառով Վիրաբի մոտ կիստաներ են առաջացել, ինչը արձանագրել են այլ բժշիկներ, սակայն հոսպիտալում նրան բուժող բժիշկները գրել են, որ Վիրաբը չի կաղում:
Զինվորի հայրն արդեն չի վստահում հոսպիտալի բժիշկներին ու չի ուզում, որ նրանք վիրահատեն որդուն: «Չեմ թողնելու, որ հոսպիտալում իմ երեխուն վիրահատեն, թող ՊՆ-ն գումարը փոխանցի այլ հիվանդանոցի, որովեհտև էստեղ նույնիսկ իր խնդիրը չեն հասկանում: Ես դժգոհ եմ բժիշկների անտարբերությունից»:
Հոսպիտալում Վիրաբի բուժող բժիշկ Գեղամ Դենեիկովիչը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ հայտարարելով, որ Վիրաբը գտնվում է հետազոտության փուլում և որ պետք է դիմենք ՊՆ-ի լրատվական ծառայություն:
Անսալով նրա հորդորին՝ խնդրի առթիվ դիմել ենք ՊՆ: Հուսով ենք՝ ՀՀ ՊՆ լրատվական բաժինը շուտով կպատասխանի մեր գրավոր հարցմանը:
Զինվորական գործերով փաստաբան Հայարփի Սարգսյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վիրաբի խնդրով նրան չպետք է տանեին բանակ, շարք կանգնեցնեին: «Նա պետք է լիովին բուժումից հետո նոր զինվորական ծառայության անցնի: Որովհետև իր խնդիրն ակնհայտ է, նա կաղում է»,-ասաց փաստաբանը:
Ըստ փաստաբանի՝ զինվորին պետք է սահմանափակ ծառայության 36 բ կարգ տրվեր, ոչ թե ավելի թեթև. «Որովհետև իր խնդիրը անգամ զինվորական երդման տեսանյութում ակնհայտ է: Նա պետք է նախ բուժում անցնի, քանի որ նույնիսկ սահմանափակումով չի կարող ծառայություն իրականացնել: Իսկ իրական բուժում մինչ այժմ չի իրականացվել»:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest