Վանաձորում և Ալավերդիում շատերն անհամբեր սպասում են, թե ինչով է ավարտվելու Ալավերդու հեղինակություն Վահագն Աբգարյանի աղմկահարույց դատը, որն ընթանում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում: Շուտով երկու տարին կլրանա, ինչ նա պահվում է «Նուբարաշենի» բերդում:

Հիշեցնենք, Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդված), ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերել-կրել-փոխադրելու (քրեական օրենսգրքի 235 հոդվածով) եւ կաշառք տալու (ՀՀ ՔՕ 312 հոդված) համար:

Նիստերը Վանաձորի դատարանի գերբեռնվածության պատճառով նշանակվում են ամիսը մեկ, և ամեն անգամ Աբգարյանին Երևանից տեղափոխում են Վանաձոր: Նրա պաշտպան Հակոբ Ճարոյանը վերջին դատական նիստի ժամանակ միջնորդել էր, որ Վահագն Աբգարյանի պահման վայրը փոխվի, և նրան տեղափոխեն Վանաձոր:

Աբգարյանի հարազատները հույս ունեին, որ հաջորդ նիստի ժամանակ՝ նոյեմբերի տասնվեցին, դատավոր Սուսաննա Գզոգյանը կբավարարի այս միջնորդությունը, և Վահագնին կթողնեն Վանաձորի բանտում: Սակայն երեկ դատական նիստը կրկին հետաձգվեց անորոշ ժամանակով, տուժողի իրավահաջորդի պաշտպանների դիմումի հիման վրա: Նրանք խնդրել էին դատարանին հետաձգել նիստը:

Մինչ Աբգարյանի հարազատները սպասում են հերթական նիստի, նախաքննության մարմինը նոր բացահայտումներ է անում: Աբգարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը վսհատեցնում է, որ առաջիկայում կարող է կրկին մեղադրանք առաջադրվել Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տված միակ անձնավորությանը՝ Արթուր Մնացականյանին:

Փաստացի տվյալներ կան առ այն, որ զենքը, որից սպանվել է Կամո Փիրուզյանը, պատկանում է հենց Արթուր Մնացականյանին: Ըստ գործի նյութերի, Աբգարյանին էին պատկանում փամփուշտներն ու երկու ատրճանակները, որոնցից մեկը նա, իբր, տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին և կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը:

Մինչդեռ Վահագն Աբգարյանի փաստաբանը պնդում է որ զենքը, որը անցնում է գործով, Վլադիմիր Դավթյանին է տվել Արթուր Մնացականյանը՝ Արկոն, Աբգարյանի աջ ձեռքն ու մանկության ընկերը, ում ցուցմունքների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել: Նա ևս քրեական հետապնդման էր ենթարկվում, սակայն այն բանից հետո, երբ ցուցմունքներ գրեց Աբգարյանի դեմ, հետապնդումը նրա նկատմամբ դադարեցվեց:

Արթուր Մնացականյանի շահերը պաշտպանում էր փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը: Նա բացառում է, որ Արկոյին կարող է նոր մեղադրանք առաջադրվել, վստահեցնում է, որ զենքը Արկոյինը չի եղել:

«Դա ծեծված թեմա է: Որպեսզի նոր մեղադրանք առաջադրվի, նախ, պետք է վերացվի օրինական ուժ ստացած որոշումը, նոր, եթե նոր հիմք լինի, նոր քննություն, նոր մեղադրանք պետք է առաջադրվի, բայց ոչ այդպիսի գործընթաց կա, ոչ էլ դրա հիմքը կա: Արթուր Մնացականյանի վերաբերյալ մեղադրանքը կարճվել է 8 ամիս առաջ, իսկ դրանք անհիմն ու էժան խոսակցություններ են: ՀՔԾ քննչականում և քննչական կոմիտեում Արթուր Մնացականյանի գործը քննվել է և քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով»:

Լյուդվիգ Ավետիսյանը հայտնեց, որ Արթուր Մնացականյանը մեկնել է Ռուսաստան, որ ինքը նրան 3-4 ամիս է, չի տեսել: Ալավերդիում Արկոյի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ կա: Նրան ոմանք չեն կարողանում ներել, որ Աբգարյանի դեմ ցուցմունք է գրել, և Արթուր ՄՆացակայնյանի մեկնումը նման է փախուստի:

Ալավերդում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանը արդեն երկու տարի է, կալանավայրում է: Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությանը, որին առնչվում է Աբգարյա նի մեղադրանքը, Ալավերդին ալեկոծող սպանություններից մեկն է: Փիրուզյանին կյանքից զրկել է քսանվեց տարեկան երիտասարդ Վլադ Դավթյանը: Նա 2017 թվականի հունիսի 13 ին, օրը ցերեկով մարդաշատ վայրում ատրճատակից կրակել է Կամոյի ուղղությամբ, ապա գնացել է ոստիկանություն և հայտնել իր արարքի մասին:

Դավթյանը սկզբից մինչև վերջ պնդել է, որ որևէ մեկն իրեն պատվեր չի տվել: Բայց քանի որ Փիրուզյանի եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը, մեղադրվում է Վահագն Աբգարյանի թիկնապահի սպանության համար և հետախուզման մեջ է, Կամոյի սպանությունը անմիջապես դիտվեց որպես արյան վրեժի ակտ, իսկ Աբգարյանին մեղադրեցին այն պատվիրելու, հետագայում նաև Լոռու մարզային վարչության աշխատակիցներին 5000 դոլար կաշառք տալու մեջ, որի դիմաց վերջինս պետք է քննությունն իր ուզած հունով տաներ:

Վահագն Աբգարյանի դեմ մի քանի մահափորձ է իրականացվել, նրա թիկնապահներն են զոհվել: Նրա նկատմամբ երկակի վերաբերմունք կա մարզում: Ոմանք նրան համարում են հանցաշխարհի ներկայացուցիչ, որը «ձեռքի տակ» շատ երիտասարդներ ունի, թեև նա նախկինում դատված չի եղել: Մյուսները գտնում են, որ Աբգարանը հեղինակություն է, բայց ոչ քրեական, և իր այդ հեղինակությամբ զսպող դեր էր կատարում Ալավերդու նման «կրիմինալ» քաղաքում, և նրան փակելուց հետո կրիկինալը և հատկապես թմրամոլները գլուխ են բարձրացրել:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest