«Սասնա Ծռեր»-ը թեև ընդունում են համաներումը, սակայն շարունակում են առարկել մեղադրանքի դեմ

0
1567

«Արայիկ Խանդոյանին բոլորդ եք ճանաչում: Նա ինձ համար որպես հերոս միշտ է եղել ու լինելու է, թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես: Խանդոյանը միշտ դրոշակը բարձր է պահել իր ձեռքում և ես ավելի ու ավելի եմ բարձրացնելու այդ դրոշակը մինչև դատական նիստի վերջը, մինչև նրա արդարացումը: Այն փաստը, որ դուք Խանդոյան Արայիկին ներկայացրել եք որպես ամբաստանյալ, նա երբեք ամբաստանյալ չի եղել: Խանդոյանն ու մյուս տղաները միշտ եղել են ազգի կողքին և մնալու են որպես ապստամբներ և հերոսներ ազգի կողքին»,- հայտարարեց «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Խանդոյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվող «Սասնա Ծռեր 2» քրեական գործի ժամանակ ներկա էր նաև Անուշ Խանդոյանը: Դեռ նախորդ նիստին պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդել էր հրավիրել Խանդոյանի կնոջը, որպեսզի վերջինս իր դիրքորոշումը հայտնի՝ դատարանը շարունակի՞ ամուսնու մասով գործի քննությունը:

Արայիկ Խանդոյանի կինը հայտարարեց, որ ցանկանում է ամուսնու վերաբերյալ գործի քննությունը շարունակվի, բացի դրանից, ինքը ճանաչվի Խանդոյանի իրավահաջորդ: Այստեղ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց: Նա նշեց, որ համաձայն սահմանված կարգի, Անուշ Խանդոյանը կարող է հանդես գալ ոչ թե իրավահաջորդ, այլ ուղղակի մահացածի ներկայացուցիչ:

Դատավոր Մեսրոպ Մՙակյանը որոշում կայացրեց միջնորդությունը բավարարել մասնակի. շարունակել գործի քննությունը Խանդոյանի մասով, սակայն Անուշ Խանդոյանին իրավահաջորդ չընդգրկել գործի վարույթում: Վերջինս հանդես կգա Արայիկ Խանդոյանի ներկայացուցիչ:

Այսօր քննարկվեց նաև համաներման ակտը, որի մեջ առանձնացված կետ կար «Սասնա Ծռեր»-ի մասով: Մասնավորապես, համաներումը կտարածվի նրանց վրա, եթե դրա դեմ չեն առարկի պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:

Գործով անցնող 10 մեղադրյալները հայտարարեցին, որ թեև ընդունում են համաներումը, սակայն առարկում են մեղադրանքի դեմ: Նրանք նշեցին, որ իրենք ապստամբություն են արել, հետևաբար պետք է արդարացվեն:

«Ես արել եմ իմ ժողովրդի կամքը, ապստամբել եմ, և էլի եմ ապստամբելու, եթե որևէ մեկը կփորձի նեղացնել իմ ժողովրդին: Ես որևէ բան չեմ արել, որ իր նկատմամբ համաներում կիրառվի, բայց այնուամենայնիվ, համաներման դեմ չեմ առարկի»,- հայտարարեց Արմեն Բիլյանը:

Ամբաստանյալ Պավել Մանուկյանը նշեց, որ մինչև այսօր այդպես էլ  չի բացահայտվել այն անձը, ով ՊՊԾ գնդում վիրավորում է հասցրել իրեն և մյուս անձանց:

«Ես մնում եմ ապստամբ, բայց տվյալ պահին այլընտրանք չկա, և տեղի ունեցող խեղկատակության պայմաններում այլ ելք չեմ տեսնում»,- նշեց նա:

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանն էլ հավելեց, որ իրենց արդարացնել կամ մեղադրելու իրավունք ունի միայն հայ ժողովուրդը, իսկ ժողովուրդն իրենց արդեն իսկ արդարացրել է: Կյուրեղյանը նշեց, որ ինչպես մյուս տղաներն, այնպես էլ ինքը ձևականությունը պահպանելու համար չի առարկում համաներման դեմ:

Դատարան բերվեցին նաև սանկցիայի տակ գտնվող Սմբատ Բարսեղյանին: Նա բավականին վրդովված խոսեց, հայտարարելով, որ սխալ բան չի արել, որ որևէ մեկը ների կամ չների իրեն .

«Ներողն ո՞վ ա է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը, Փաշինյանը պաշտոնների ա նշանակում եսիմ ում, ովքեր ոչ մաքուր անցյալ ունեն: Թող մի հատ էդ վերանայի»,- ասաց Բարսեղյանը, ապա անդրադառնալով դատարանի այն հարցադրմանը՝ ի վերջո կո՞ղմ է համաներմանը, թե՞ դեմ, վերջինս կտրուկ պատասխանեց. «Թքած ունեմ»:

Փաստացի, «Սասնա Ծռեր 2» խմբում ներառված 10 ամբաստանյալները դեմ չեն համաներման կիրառմանը: Դատարանը հայտարարեց, որ դիրքորոշում լսելու հերթն այս պահին տուժող կողմինն է: Վերջիններս այս պահին դատարանում չէին, ուստի նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 28-ը:

Ռոզա Վարդանյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here