Պրոշյան գյուղում, Ազատյանների մեծ տան մուտքի մոտ, պատին գերդաստանի տոհմածառն է: Արմատին գրված է մեծատառերով՝ ԱԶԱՏ: Նրանից հետո եկող մի քանի տղամարդու անունների վրա սև խաչեր են նկարած՝ թուրքի ձեռքից գնացածների անուններն են: Մի սև խաչ նոյեմբերի վեցին պատկերեցին տոհմածառի ամենավերևի ճյուղին՝ Արիստակես Էդուրադի Ազատյանի անվան վրա: Երեկ նրա ինքնահողի արարողությունն էր:

Նոյեմբերի վեցին Արցախում, Ասկերանի զորամասում զոհված զինծառայողը, տասնութ տարեկան էր, սասունցու թոռ, ադաթավոր, ընտանիքի զավակ: Պոլիտեխնիկական համալսարանի առաջին կուրսի ուսանող էր: Բանակ էր զինվորագրվել նախարար Վիգեն Սարգսյանի նորամուծության՝ «Ես եմ» ծրագրի շրջանակներում, և պետք է ծառայեր երեք տարի:

Տղայի մահվան օրը Արցախի պաշտպանական բանակը հաղորդեց, որ զինծառայողը ութն անց քսան հրազենային վիրավորում է ստացել չպարզված հանգամանքներում: ՊԲ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ հետո քննչական կոմիտեն հաղորդեց, որ Արիստակես Ազատյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդված 1-ին մասով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

Ըստ այս հաղորդման, երիտասարդը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում»: Ընտանիքը զորամասից այլ տեղեկություն է ստացել՝ որ շարքային Ազատյանը զոհվելէ զորամասի տարածքում, շարքի մեջ կանգնած ժամանակ, և շուրջ բոլորը զինվորներ են եղել:

Քննչական մարմինները սովորաբար, ինքնասպանության հոդվածով գործ հարուցելիս, վստահեցնում են, որ հոդվածը հետագայում կարող է փոխվել: Գործնականում, սակայն նախաքննության մարմինը այլ վարկածներ չի քննարկում, և ամեն ինչ արվում է, զինվորների ինքնասպանությունը հիմնավորելու համար:

Ազատյանները վստահ հերքում են ինքնասպանության վարկածը: «Նման բան բացառվում է», _ միաբերան պնդում են նրանք: «Ինքը միշտ թուլակամ մարդ էր համարում ինքնասպաններին, ինքը ոչ մի խնդիր չուներ, ոչ հոգեկան, ոչ ֆինանսական, ոչ մի, բանակից գոհ էր, միշտ ասում էր, որ շատ լավ է ամեն ինչ, բարձր տրամադրություն ուներ», _ պատմում է զոհվածի հայրը՝ Էդուրադ Ազատյանը: Նա և մյուսները համբերատար սպասում են պետական մարմիններին՝ լիահույս, որ հեղափոխությունից հետո Հայաստանում արդարության դարեշրջան է հաստատվել, և իրենց որդու սպանողին անպայման գտնելու են:

Դեպքի մասին ընտանիքին նույն օրը հայտնել է զինկոմը: «Վաենկոմը մեզ ասեց, որ իրեն զանգել են զորամասից, ասել են, որ Արիստակեսը զոհվել է չաստի մեջ, այնտեղ ոչ զենք ունեն, ոչ բան, ո՞նց է իրեն խփել», _ զարմանում է զինվորի պապը՝ Արիստակես Ազատյանը:

Նա ներկա է եղել դիահերձմանը: Պատմում է, որ թոռան կոկորդին և գլխին փամփուշտի հետքեր կային: Ձեռքի ափի մեջ վնասվածք է նկատել, իսկ ձախ ձեռքի դաստակին քերծվածքներ: «Կաշին ուղիղ կտրված էր, թարմ վերք էր ձեռքին: Քննիչին հարցրեցի Ժամացույցը ուր է, ժամացույց ուներ, վաենկոմն էր նվիրել, ասեց՝ չկա, էլ ձայն չհանեցի», _ պատմում է Արիստակես պապը:

Չի բացառվում, որ մահից առաջ զինծառայողը պայքարի մեջ է եղել, և ձեռքերին պայքարի հետքերն են մնացել:

«Ինձ հենց սկզբից տեղեկացրեցին, որ ինքը շարքից հետ է ընկել, կողքը մարդ չի եղել, երբ կրակոց է լսվել, _ պատմում է զոհվածի հայրը՝ Էդուարդ Ազատյանը, _ վաշտի հրամանատարը ինձ ուրիշ բան ասեց՝ որ ինքը վերջում չի եղել շարքի, որ իրենից հետո էլ, կողքն էլ մարդիկ են եղել: Կրակոցներ են լսվել, ինքը՝ վաշտի կամանդիրը, որ մի հիսուն մետր հեռու գտնվել, մոտեցել է, տեսել է «տղան ընկած է, կողքը պատրոններ են թափված, տղաները գոռում են՝ ջուր, ջուր»:

Ծնողներին ասել են, որ զինվորը երկու զենք ուներ, որ ինքն իրեն սպանել է սեփական զենքից, բայց չեն բացատրել, թե ինչպես է պատահել, որ զորամասում զինվորները լիցքավորված զենքվ են ման գալիս:

Երեկ Արիստակես պապը գնացել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոտ, վստահեցնում է, որ ազգակցական կապ ունի նրա հետ: Նախարարի հետ հաջողվել է խոսել հեռախոսով միայն: Արիստակես պապին ասել են՝ քննություն է ընթանում, խոստացել են, որ ամեն ինչ կպարզվի: Ինչո՞ւ է Դավիթ Տոնոյանը խոսում քննությունից, եթե զինվորներին իրեն են տվել, ոչ թե քննիչներին: Ինչո՞ւ է զինվորի ձեռքին զորամասում լիցքավորված զենք եղել:

Ի՞նչու մինչև հիմա ոչ մի հրամանատար ինքնասպան չի եղել, այլ միայն զինվորներն են այսպես գնում: Ինչո՞ւ հեղափոխությունից հետո անցած կես տարում հայկական բանակում տիրող մթնոլորտն ու «զոնի» բարքերը չեն փոխվում, ի վերջո, ի՞նչ է արվում վերացնելու համար ինքնասպանությունների և սպանությունների դրդող միջավայրը զորամասերում: Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխան տան ոչ թե քննիչներն ու դատախազությունը, այլ Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարները, բայց երբեք չեն տալիս:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest