Անցած ուրբաթ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի մեկնաբանությունը «Սասնա ծռերի» համաներման պայմանի մասին նոր ինտրիգ մտցրեց իշխանություն-«Սասնա ծռեր» հարաբերություններում. նախարարը հայտարարեց, որ պետք է իրականացնեն նաև սպանվածների, պատանդառուների ու ֆիզիկական, մարմնական վնաս կրած անձանց իրավուքների պաշտպանություն։ «Եթե նրանք առարկեն, այս համաներումը չի կիրառվի»,-հայտարարեց Զեյնալյանը:

Նախարարի այս խոսքը նշանակում է, որ «Սասնա ծռերի» հանդեպ հայտարարված համաներումը փաստացի չի կարող կիրառվել. զոհված ոստիկանների հարազատները մի քանի անգամ հայտարարել են, որ դեմ են ծռերի հանդեպ համաներում կիրառելուն: Ասել է թե՝ պետությունն այսպիսով «Սասնա ծռերի» համաներման հարցը թողեց զոհերի հարազատների կամքին՝ Սասնա ծռերին ազատ արձակելու հարցը փաստացի մտցնելով փակուղի:

Մինչդեռ համաներման տեքստում սպանվածների իրավահաջորդների մասին խոսք չկա: ԱԺ կայքում հրապարակված նախագծում ասվում է, որ ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում պահված ու ֆիզիկական վնաս կրածները պետք է չառարկեն, որպեսզի «Սասնա ծռերը» կարողանան համաներվել: Ընդ որում, այդ սահմանափակումը վերաբերում է մոտ 60 հոգու, նաև՝ մինչ ՊՊԾ գնդի դեպքերը կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին ու նրա հետ կալանվորվածներին, ինչպես նաև ՊՊԾ գունդ մուտք չգործածներին, ովքեր, ըստ մեղադրանքի, հանցակցել են «Սասնա ծռեր»-ի հետ, ասել է թե՝ աջակցել նրանց:

Հիշեցնենք, որ համաներումը չի տարածվելու ոստիկանների մահվան մեջ անմիջական մեղադրվող խմբավորման երկու անդամների վրա:

ՀՀ ոստիկանապետ, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ նախկին պատանդ Վալերի Օսիպյանը այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է, թե կիսում է զոհվածների հարազատների կարծիքը։ «Մենք կորցրել ենք ընկերներ, կորցրել ենք մեր լավագույններին ու այս պահի դրությամբ համաներման տեքստում նաեւ նշված է, որ թե′ պատանդների կարծիքը, թե′ զոհվածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել: Ես կողմ եմ այդ կարծիքին: Նաեւ իմ եւ մյուս մեր ընկերների կարծիքը, որոնք պատանդ են եղել, պետք է հաշվի առնել», — ասել է Վալերի Օսիպյանը:

Վալերի Օսիպյանը, «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ չի կարող գործով պատանդ ճանաչվել, քանի որ նա ազատ է արձակվել հենց խմբի կողմից:

«Կներեք, դա անհեթեթություն է: Երևի թյուրիմացություն է եղել, չեմ կարող ասել: Նախարարը պարաստված մարդ է և դժվար թե սխալ թույլ տար: Եթե այդպիսի տրամաբանություն է կիրառվում, կներեք, դա անհեթեթություն է: Համենայն դեպս, համաներման տեքստում նման բան չկա, եկեք մեկնաբանենք համաներման տեքստը»,-Forrights.am-ի հետ զրույցում նախարար Զեյնալյանի հայտարարության առթիվ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Վարուժան Ավետիսյանը: Թե ինչո՞ւ է նախարարը նման հայտարարություն արել, Ավետիսյանը դժվարացավ պատասխանել:

«Նման ակտը պետության ֆունկցիան ոչնչացնում է: Համաներման գործառույթը տրված է պետությանը, այն չի կարող կախված լինել որևէ մեկի կամքից և ցանկությունից: Այդպիսի ակտ ընդունելով՝ պետությունն իր գործառույթը դրել է հարցականի տակ»,-նշեց «Սասնա ծռերի» անդամը:

Նրա խոսքով՝ ֆիզիկական վնասվածք ստացածների մասով մայր գործը դեռ նախաքն
նության փուլում է և այդպիսի մեղադրանք դեռ որևէ մեկին առաջադրված չէ: «Եթե ֆիզիկական վնաս կրած անձինք առարկեն, նշանակում է՝ այդ մասով քրգործի նախաքննությունը պետք է շարունակվի: Իսկ առաջադրված մեղադրանքով զոհվածների մասը համաներման չի ենթարկվում: Եթե մասնատելով մոտենանք հարցին, մնում է միայն պատանդառվածների հարցը կոնկրետ այս պահին առաջադրված մեղադրանքների շրջանակներում»,-ասաց Ավետիսյանը:

2016-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների պաշտպան Արայիկ Պապիկյանը կարծում է, որ նախարար Զեյլանյանը ընդհանուր բնույթի մեկնաբանություն է տվել: «Ըստ իս, համաներման մասին օրենքի կիրառմումը չի նախատեսում /պարտադիր չէ/ զոհված ոստիկանների իրավահաջորդների առարկության կամ դիրքորոշման ճշգրտում, քանի որ այն անձինք, ովքեր մեղադրվում են 104 հոդվածով, նրանց նկատմամբ օրենքը չի տարածվում: Իսկ մյուսների դեպքում համաներումը կարող է կիրառվել տուժողների կամ ֆիզիկական վնաս ստացած անձանց դիրքորոշումը պարզելուց հետո»,-նշեց փաստաբանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մինչդեռ կարծում է, որ նախարար Զեյնալյանն ուղիղ տեքստով է ասել, որ եթե հարազատները դեմ լինեն, համաներում պետք է որ չկիրառվի: «Ընդհանրապես համաներման մասին խոսելիս տուժողների կարծիքը հաշվի առնելը այնքան էլ ճիշտ և տեղին չի»,-ասաց իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ «Սասնա ծռերին» պետք էր առանձին չշեշտել համաներման տեքստում: «Տեղի կունենար դատավարություն, կհրապարակվեին դատավճիռները, հետո արդեն դատարանները հաշվի կառնեին այսօրվա համաներումը և կիրառեին: Բայց քանի որ ցանկացել են անպայման առանձին շեշտել, այդ ժամանակ ծագում են այս խնդիրները»,-նշեց իրավապաշտպանը:

Դիտարկմանը, թե նախարարի խոսքից ակնհայտ չի՞ դառնում, որ «Սասնա ծռերին» ազատ արձակելու պատասխանատվությունը իշխանությունը թողնում է զոհերի հարազատների վրա, իրավապաշտպանն ասաց. «Կա նման բան: Եթե իրենք առանձին չշեշտեին և դա մնար դատարանների վրա, դատարանները դրանք հաշվի կառնեին իրենց վճիռները կայացնելիս: Բայց քանի որ հարկ են համարել շեշտել, այո, կամ իրենց վրա պիտի մնա կամ հարազատների և նախարարը դա փորձում է գցել հարազատների վրա: Համաներումը պետք է հասցեատերեր չունենար»:

Նախարար Զեյնալյանն իր խոսքում համեմատություն էր արել «Սասնա ծռերին»
և «Մարտի մեկի» գործով դատապարտյալներին համաներելու միջև:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ դա անտեղի է: «Մարտի մեկի հետ համեմատության եզրեր անգամ չկան: Նախարարաը չարաչար սխալվում է նման հայտարարություն անելուց: Որովհետև Մարտի մեկի դեպքերի հետ կապված ձերբակալվել էին հիմնականում ընդդիմադիր թեկնածուի վստահված անձինք և նրա գրասենյակների աշխատակիցները, նրանք քաղաքական բանտարկյալներ էին, և նրանց նկատմամբ համաներումը իշխանությունները ստիպված եղան կիրառել միայն միջազգային հանրության և Հայաստանի քաղհասարակության հզոր ճնշումների արդյունքում: Հակառակ դեպքում համաներում չէր լինի: Դա պարտադրված համաներում էր: Եվ «Մարտի մեկի» գործով կալանավորված անձանց «Սասնա ծռերի» հետ համեմատելը տեղին չի, մեծ սխալ է»,-շեշտեց իրավապաշտպանը:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest