«19 տարեկան գյոզալ տղես հիմա չկա, մարդասպանները ստեղ նստած են, դուք էլ դոշ տված պաշտպանում եք։ Ուրիշ նիստեր ես նայում, մահացած անձի կողմի հարազատները համարյա սպանում են դրանց նմաններին, մենք սուսուփուս նստել ենք ու սպասում արդարությանը։ Ի՞նչ, մե՞նք էլ տենց անենք»,- այսօր կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դատական նիստի ընդմիջման ժամանակ, զգացումները չկարողացավ զսպել Հայկազի տատիկը։

Նրան բարկացրեց պաշտպանական կողմի միջնորդությունը․ վերջիններս դատարանին միջնորդում էին կրկնակի դատաձեռագրաբանական փորձաքննություն իրականացնել։ Հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը և պաշտպան Արմեն Նադիրյանը նշեցին, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչ հիմքով են փորձագետները մեկ հաստատել, որ գրությունը պատկանում է Հայկազին, հետո հերքել իրենք իրենց և շեշտել, որ ձեռագիրը Մովսես Ազարյանինն է։

Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշում կայացրեց մերժել ներկայացված միջնորդությունը, ինչից հետո պաշտպանական կողմը երկրորդ միջնորդությունը ներկայացրեց։

«Պաշտպանական կողմը գտնում է, որ դատարան պետք է ներկայացվի դատաձեռագրաբանական փորձաքննություն կատարած առաջնային փորձագետը, ով կպատասխանի այն հարցերին, որոնք մենք ներառել էին նախնական միջնորդության մեջ»,- իր խոսքում նշեց պաշտպան Նադիրյանը։

Մեղադրող Հարությունյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը, չնայած սկզբում առարկեցին ներկայացված միջնորդության դեմ, այնուամենայնիվ վերջում թողեցին դատավորի հայեցողությանը։

Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Սպանված կուրսանտի տատիկը և հայրը՝ Արկադի Բարսեղյանը

Նախորդ նիստին, Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը դատարանին միջնորդել էր թույլատրել օտարել Արցախում գտնվող բնակարաններից մեկը, որի համասեփականատեր էր հանդիսանում Թևոսյանը։ Մեղադրանքի կողմը ժամանակ էր խնդել դատարանից՝ իր դիրքորոշման մասին արտահայտելու համար։

Այսօր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը քաղաքացիական հայց ներկայացրեց։ Փաստաբանը նշեց՝ հաշվի առնելով Թևոսյանին պատկանող գույքի օտարման մտադրությունը, իրենք «ստիպված» են հայցով հանդես գալ․

«Մենք հայցվոր կողմից, ի դեմս Գնել Թևոսյանից, Վաչե Սահակյանից, Նորիկ Սահակյանից և Մովսես Ազարյանից, պահանջում ենք փոխհատուցել Հայկազ Բարսեղյանի թաղման արարողության նվազագույն ծախսը՝ 2 մլն ՀՀ դրամը։ Մեղադրանքի կողմը հիմա չէր պատրաստվում նման քայլի գնալ, բայց նախորդ նիստում պաշտպանի միջնորդությունը մեզ այլ ելք չթողեց»,- հայտարարեց Թորոսյանը։

Պաշտպան Զաքարյանն էլ նշեց, որ ներկայացվող 2 մլն գումարը հաստատող որևէ փաստաթուղթ չկա, չկա փաստ, որ թաղման արարողության վրա հենց 2 մլն դրամ է ծախսվել։ Այս նկատառումը զայրացրեց սպանված կուրսանտի հորը՝ Արկադի Բարսեղյանին․

«Դեռ մի բան էլ քիչ ենք ասում, քիչ․․․որ չենք խոսում, գոնե դուք էլ սուս մնացեք»,- պաշտպանական կողմին դիմեց Բարսեղյանը։

Անի Թորոսյանը ևս միացավ վստահորդին, հավելելով՝ նման ծանր վիճակում տուժող կողմը վճարման անդորրագրերը չէր պահանջելու և պահել։

Դատարանը հայտարարեց, որ հայցի որոշումը կհրապարակվի վաղը՝ նոյեմբերի 6-ին, իսկ հաջորդ դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 19-ը։

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին՝ Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է ֆիզհրապարակի պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից:
Գործով անցնող 4 մեղադրյալները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, նշելով՝ իրենց «գլխին սարքել են»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest