Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ, ՀԿԳ գործերով վարչության նախկին պետ Վահագն Հարությունյանը Մարտի մեկի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ հոկտեմբերի 31-ին: Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրում է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար:

ՀՔԾ-ն ունի փաստեր՝ որ Վահագն Հարությունյանը հանձնարարել է ինչ-ինչ բարձրաստիճան ոստիկանների Արարատի մարզում կրակոցներ կազմակերպել եւ արձակված պարկուճներով փոխարինել է Մարտի 1-ի գործով իրեղեն ապացույց հանդիսացող ՊՆ ստորաբաժանումների զենքերից կրակված մոտ 1000 պարկուճ։ Տեղեկություն հայտնողը, ըստ ՀՔԾ հաղորդման, բարձրաստիճան ոստիկան է: Պարկուճները փոխողը՝ ոստիկանության փորձագետներից Ա․ Հ․-ն, որին նույնպես մեղադրան է առաջադրվել: Վահագն Հարությունյանը, որը ՌԴ-ում է, մեղադրանքն ու հետախուզումը ապօրինի ու անհիմն է համարում, եւ հայտարարել է, որ կարճ ժամանակ անց, ամբողջապես ծանոթանալուն պես, կանդրադառնա դրան։

Վահագն Հարությունյանին թողեցին, որ հեռան՞ա

Նիկոլ Փաշինյանը որպես կառավարության ղեկավար մարտի մեկը բացահայտելու մտադրությա ն մասին առաջին անգամ հայտնեց հունիսի 7-ին խորհրդարանում, կառավարության ծրագիրը ներկայացնելիս: Նա հայտնեց, որ մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտելու վերաբերյալ արդեն հանձնարարականներ է տվել իրավապահներին: «Իրավապահ այն համակարգը, այն մարմինը, որը կբացահայտի մարտի մեկի սպանությունները, իր անունը ոսկե տառերով կգրի Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ։ Եվ ընդհակառակը՝ իրավապահ համակարգի աշխատանքը բավարար գնահատել չեմ կարող այնքան ժամանակ, քանի դեռ մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն», — ասաց Հայաստանի վարչապետը։

Փաստորեն, պահանջվեց 5 ամիս, մինչև որ Փաշինյանի իրավապահները Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավեցին դրա «չբացահայտման» գլխավոր պատասխանատուին, նրան, ով արդեն 10 տարի է, զբաղվում է Մարտի մեկ կոչվող բազմաշերտ գործով: Մինչև 2014 թվականը՝ որպես մարտի 1-2-ի իրադարձությունների գործով քննչական խմբի ղեկավար, իսկ 2014 թվականի սեպտեմբերից՝ որպես նորաստեղծ մարմնի՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ:

Հուլիսի սկզբին, երբ ՀՔԾ-ն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և այն միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին, հանրության մեջ հավատ առաջացավ, որ այս անգամ իրապես անաչառ քննություն է վարվելու: ՀՔԾ էին դիմում հարուրավոր մարդիկ, որոնք այդ օրերին ոստիկաններից ու քննիչրներից տուժած քաղաքացիներից, որոնք հայտնում էին իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների մասին:

Վարույթ իրականացնող մարմին էլեկտրոնային նամակներ ու զանգեր էր ստանում նաև արտասահմանից, Հայաստանից արտագաղթած քաղաքացիներից: Քաղաքացիների մի մասն էլ պատմում էր, թե ինչ բռնութունների, ծեծի է ենթարկվել քննիչների կողմից: Այս մասին հրապարակումներ եղան մամուլում: Forrights. am-ին էր դիմել մարտի 1-ի սպանդի ականատեսներից գյումրեցի Գևորգ Ղազարյանը, պատմել էր, թե ինչպես էին քննիչներն իրենից ստիպողաբար ցուցմունքներ վերցնում, հոգեբանորեն ճնշելով, հայհոյելով, ծեծելով: Նա ՀՔԾ դիմողներից մեկն էր: Ունենալով բազմաթիվ այսպիսի փաստեր, վարույթ իրականացնող մարմինը թույլ տվեց, որ քննչական խմբի ղեկավարը անխափան հեռանա Հայաստանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ս.թ. հուլիսի 17-ի որոշմամբ-ի Վահագն Հարությունյանն ազատվեց ՔԿ այս պաշտոնից իր դիմումի համաձայն։ Փաշինյանի այս որոշումը հասկանալի էր:

Փաշինյանն այն անձն էր, որը նախ, որպես Մարտի մեկի ցուցարարաների առաջնորդ քրեական հետապնդման ենթարկվեց, որը որպես արմատական արտախորհրդարանական ընդդիմության վառ ներկայացուցիչ, որպես լրագրող, ապա որպես ընդդիմության պատգամավոր, այս տասը տարիների ընթացքում անընդհատ բարձրաձայնել էր մարտի մեկի ոճրագործության պատասխանատուներին գտնելու և պատժելու մասին: Անհասկանալի էր միայն, թե ինչու կեղծիքների, կոծկումների, քննչական խմբի անգործության գլխավոր պատասխանատուին պաշտոնից ազատելուն պես չներգրավեցին գոնե որպես վկա, ինչու նրանից ստորագրություն չվերցրեցին հանրապետությունից չբացակայելու վերաբերյալ ու թույլ տվեցին, որ նա անխոչընդոտ հեռանա երկրից:

Վահագն Հարությունյանին պաշտոնանկ անելուց հետո մամուլում տեղեկություն հայտնվեց, որ նա լքել է Հայաստանը, որը հերքվեց: Վահագն Հարությունյանին նույնիսկ տեսնում էին Երևանի կենտրոնի սրճարաններում: Ապա գրվեց, որ նա մեկնել է ՌԴ և որ նրան այդ հարցում օգնել է եղբայրը՝ Արտակ Հարությունյանը, որին ՊԵԿ նոր ղեկավար Դավիթ Անանյանը նշանակել է Զվարթնոց օդանավակայանի մաքսանենգության բաժնի պետ:

«Պետք է արագ հասնեին Անդրանիկ Միրզոյանին և Աղվան Հովսեփյանին». Հովիկ Արսենյան

Ի՞նչ է սա՝ մասնագիտական կոպիտ սխալ, ծառայողական անփութություն, ժամանակ չունենալու, թ՞ե ինչ որ մութ պայմանավրվածության հետևա՞նք: Forrights.am-ը հարցի շուրջ զրուցեց փաստաբան Հովիկ Արսնյանի հետ, որը Մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիր գործիչների պաշտպաններից էր, իսկ մինչ այդ քննիչ է եղել ու քննչական մարմիններում աշխատանքի մեծ փորձ ունի:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ Վահագն Հարությունյանին այսքան ուշ ներգրավեցին Մարտի մեկի գործով որպես մեղադրյալ:

-Ենթադրում եմ, որ պետք է հարցաքննած լինեն: Ես, դուք չենք կարող իմանալ, թե Վահագն Հարությունյանին որպես վկա, որպես կասկածալ, ցանկացած կարգավիճակում հարցաքննել են, թե ոչ: Նաև չգիտենք, թե ում աջակցությամբ, ում կողմից է բացահայտվել, ինֆորմացիա տրվել, որ զինվորականների կողմից արձակված կրակոցների արդյունքում պարկուճները փոխվել են, երբ է ի հայտ եկել դա, երբ է նշանակվել փորձաքննությունները և ինչպես են կարողացել կանգ առնել փորձագետի վրա:

-Կարո՞ղ էր դա լինել, ասենք, ՀՔԾ այն ժամանակվա պետը՝ Անդրանիկ Միրզոյանը:

-Չեմ կարող ասել, բայց եթե օբյեկտիվ ես նայում, եթե Վահագն Հարությունյանին մեղադրանք են առաջադրել, ապա շատ արագ պետք է հասենին այդ անձնավորությանը և Աղվան Հովսեփյանին, որովհետև առանց նրանց հանձնարարության և գիտության Վահագն Հարությունյանը ոչինչ չէր անի: Նետի սուրը ուղղելը զուտ Վահագն Հարությունյանի վրա մեծ սխալ է: Նա ընդամենը քննչական խմբի ղեկավար է եղել, քննիչներից մեկը: Էն ժամանակ ՀՔԾ-ն գլխավոր դատախազության շենքում էր: Նա գելի սիրտ չէր կերել, որ համարձակվեր 1000 փամփուշտ փոխել:

— Վահագն Հարությունյանը քննության բոլոր տվյալները գիտեր, ճի՞շտ էր, նրան թողնելը, որ գնա:

— Մարտի մեկի գործում միշտ քաղաքական բաղադրիչ կա: Վահագն Հարությունյանը, որ Ռուսաստանից կապվում է և խոսում, կարծում եմ, ուզում է ասել՝ էս ինձ քավության նոխազ ե՞ք դարձնում: Նրա մեջտեղ դուրս գալը դա է նշանակում:

— Պարոն Արսենյան, դուք, հավանաբար, տեսել եք իրեղեն ապացույցներ: Այն ժամանակ նկատե՞լ էիք, որ ապացույցներ են կեղծվել:

— Մի բան հիշեցի: Այն ժամանակ մամ ուլում սպրդեց, որ ցուցարարների կողմից նռնակներ են նետվել կառավարական զորքերի մեջ: Ես անմիջապես միջնորդություն ներկայացրեցի և գնացի, պահանջեցի, որ թույլ տան ուսումնասիրեմ: Այդ ապացույցները հատ-հատ բամբակի մեջ էին դրած: Բոլորը բացել եմ և տեսել եմ, որ ռազմամթերք հանդիսացող, մարտական նռնակների օգտագործման բեկոր գոյություն չուներ: Բոլորը հատուկ միջոցների արգասիքներ էին, նռնակների բեկորներ չկային: Դրանից հետո քրթ-կտրվեց, ոչ մի պաշտոնական հաղորդում չեղավ, որ ցուցարարների կողմից նռնակ է օգտագործվել:

— Իսկ դուք նկատե՞լ էիք, որ պարկուճներ փոխված լինեին:

— Նման մտահոգություն միշտ եղել է: Նույնիսկ մենք ասում էինք, որ տանիքների շենքերին սնայպերներ կլինեին, ինչո՞ւ շենքերի տանիքներում զննություն չի կատարվել: Չի բացառվում, որ նաև այնտեղ պարկուճներ լինեին; Բայց որևէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել հրազենի գործադրման, գործից մասեր էին անջատվել, և մենք չէինք կարողանում դա նայել, թեև նման վարկած միշտ ունեցել ենք:

«Գնդակը պղնձի կտոր էր, ջուրը լվացել-տարել ա»

Մարտի 1-ի գործով ուսումնասիրություններ կատարող ՀԱԿ փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ևս ունեցել է կասկածներ, որ պարկուճները կեղծված են։ «Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքով դրանք, փաստորեն, իրավական ձեւակերպումներ են ստանում տարբեր մեղադրանքների ձեւով»,- ասում է նա և խորհուրդ է տալիս բացել փաստահավաք խմբի զեկույցներից երկուսը՝ «Համլետ Թադեւոսյանի սպանության հանգամանքները (29 ապրիլի 2009թ.)» և «ՀՀ ՈՍ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները (29 հուլիսի 2009թ.)»:

Փաստահավաք խումբն այս զեկույցներում ներկայացրել էր փորձագիտական մի շարք կեղծիքներ: Մասնավորապես, փաստերով ապացուցել էր, որ սպա Համլետ Թադեւոսյանի մահվան վերաբերյալ քննչական գործողություններում խախտումներ կան: Նրա զրահաբաճկոնը անհետացել էր իրեղեն ապացույցների շարքից, զննության արձանագրությունները պատշաճ չէին, մարմնական վնասվածքների արձանագրումները թերի էին։ Ոստիկան Տիգրան Աբգարյանը վնասվածքներ էր ստացել ընդհուպ ավտոմատ կրակահերթով, սակայն նրա սպանությունը ցուցարարների վրա էին գցել։

Մարտի մեկի զոհերի հարազատները ցնծությամբ են ընդունել Վահագն Հարությունյանին մեղադրանք առաջադրելու լուրը: «Երբ որ նրա անունը տվեցին հեռուստացույցով, ես վեր թռա», — պատմում է Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը: Նա ծերացել է ՀՔԾ և տարբեր հանձնաժողովների դռներում:

«Նիկոյանի հանձնաժողովից ասում էին՝ չոր գյուլլա էր, եկել ա, կպել ա, ի՞նչ սնայպեր, ի՞նչ բան: Գնդակը մի պստիկ պղնձի կտոր էր, ջուրը լվացել-տարել ա՝ Նիկոյնանն էր ասում: Չենք գտել՝ ասում էր: Բանից դուրս է գալիս՝ լավ էլ գտել են, լավ էլ փոխել են: Իմ որդուն հենց իրենց հատուկ ջոկատայիններն էին խփել, սնայպերական հրացանից: Այն, ինչ էսօր ասում են, ես ասել եմ դեռ տասը տարի առաջ: Երեխու մոտ կանգնած ոչ մի ցուցարար չի եղել: Ես ինքս գնում էի դատախազություն, ասում էի՝ պարոն Հարությունյան, ասա ինձ, ինչ հեռավորությունից են իմ որոդուն խփել, մ՞ի թե կրիմինալիստ չունեք, չեք կարողանում ասել, այդ գնդակը ինչ հեռավորությունից է կպել իմ երեխու վզին: Վահագն Հարությունյանը ոչ մի բան էլ չէր ասում՝ գառի անմեղ աչքերով նայում էր երեսիս ու լռում էր: Ես իր հետ եմ միշտ խոսել: Միշտ նա է իմ երեխու գործով զբաղվել: Ես ուրախացա, որ ամեն ինչ բացահայտվել է ու բոլոր ծնողները ուրախացան», — հիշում է Ռուզաննա Հարությունյանը:

Նա այս տարիներին կրկնել է հարյուր անգամ, որ իր որդու մահը անհրաժեշտ է եղել հիմնավորելու համար Ռոբերտ Քոչարյանի Երևանում արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը: «Ռոբերտ Քոչարյանը ասեց՝ զոհեր կան զինվորականների շրջանում, բայց իմ երեխեն դեռ այդ ժամանակ զոհված չէր, մի ժամ հետո իմ երեխուն խփեցին, որպեսզի իրա խոսքը ճիշտ լիներ: Իսկ զորքը այդ ժամանակ արդեն քաղաքում էր», — հիշում է Ռուզաննա Հարությունյանը և ներվայնանում է: Նա հիվանդ է: Տասը տարի է, անընդհատ խոսում է ու ներվայնանում: Ամուսինը մահացավ որդու վշտից: Կողքից Ռուզաննային դիտողություն են անում, որ քիչ խոսի որդու մասին: Նրան էլ չի կարելի ներվայնանալ:

Սյուզան Սիմոնյան

 

Pin It on Pinterest