ՀՀ Արդարադատության նախարար

Արտակ Զեյնալյանին

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ

Վաղարշակ Արամայիսի Ավետիսյանից

«Հարգելի՛ պարոն Զեյնալյան, ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մեծ հաղթանակների հասած իրավաբանի:

Ձեզ հետ հանդիպման ժամանակ ես հարցրի՝ հավատո՞ւմ եք արդյոք, որ կալանավայրերում կան անմեղ դատապարտյալներ: Դուք պատասխանեցիք՝ հնարավոր է:

Հիմա ես ևս մեկ անգամ վստահ ասում ե, որ ավելի լավ է 10 հանցագործ մնա դրսում, քան մեկ անմեղ մարդ հայտնվի ճաղերից այն կողմ: Ես այդ անմեղ դատապարտյալներից մեկն եմ և այս նամակով դիմում եմ Ձեզ և բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին:

Իմ գործը 10 տարի վաղեմության ժամկետ ունի ու մեծ բարդություններ կան: Ես արդեն 10 տարուց ավելի ամեն առավոտ արթնանում եմ և հասկանում, որ բանտում եմ, ամեն առավոտ նույն հարցն է ինձ տանջում՝ ինչո՞ւ: Եվ այդ զգացումը ես չեմ կարող հաղորդել գրիչի միջոցով:

Իմ բազմաթիվ դիմումներին և բողոքներին ի պատասխան ստացա ինձ 10 տարի հուզող հարցերից մեկի պատասխանը, որը վերաբերում էր 2008թ., երբ ինձ 106 օր շարունակ պահեցին Գորիսի ոստիկանական բաժանմունքի ՁՊՎ-ում:

Օրեր առաջ ինձ գրություն են ուղարկել Ոստիկանությունից, որով տեղեկացնում են, որ իմ դիմումների քննության ընթացքում պարզվել է՝ ինձ 2008թ-ին ինձ անօրինական են պահել Գորիսի բաժնում: Այդ պատճառով Գորիսի այդ ժամանակվա պետ Սևադա Առաքելյանը ստացել է կարգապահական տույժ և այլևս չի աշխատում համակարգում:

Ես բազմիցս բարձրաձայնել եմ, որ այդ 106 օրերի ընթացքում ինձ պարբերաբար խոշտագել են: Անգամ այդ առթիվ ՁՊՎ-ում գործ է հարուցված:

Հիմա խնդրում եմ. օգնեք հասկանալ ՀՀ քրեական դատավարության 21-րդ հոդվածը. երբ նախորդ քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը: Ես ողջ նախաքննության ընթացքում 106 օր անօրինական գտնվել եմ ոստիկանական բաժնում և այդ բոլոր օրերի ընթացքում կատարված ցանկացած քննչական գործողություն անօրինակա՞ն է, թե՞ ոչ::

Բացի դրանից, ինձ հարկավոր են փորձառու և բանիմաց իրավաբաններ, սակայն ես հնարավորություն չունեմ վճարելու: Վճարունակ չլինելու պատճառով իմ քրեական գործերն ամբողջությամբ գտնվում են դատական դեպարտամենտի արխիվում և այն կարող եմ ստանալ միայն օրենքով նախատեսված վճարումից հետո, իսկ ես չունեմ այդ հնարավորությունը: Ի՞նչ անեմ, եթե այդ գործերի մեջից ինձ շատ կարևոր ձայնագրություններ և պատճեններ են հարկավոր:

Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բանտերում կան անմեղ դատապարտյալներ և ոչ համաչափ դատապարտված դատապարտյալներ: Ես վստահ եմ՝ որպես Ձեր ոլորտում լավագույն իրավապաշտպաններից մեկը, Դուք ձեռնամուխ կլինեք արդարության վերականգմանը և նոր Հայաստանում ես կմիանամ իմ ընտանիքին»:

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest