ԱԺ արտահերթ նիստում այժմ քննարկվում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» կառավարության ներկայացրած նախագիծը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով նախագծի հիմնական զեկուցողն է, վիճակագրությունը հրապարակեց, հայտարարելով՝ համաներման նպատակը ՔԿՀ-ները բեռնաթափելը չէ.

«ՔԿՀ-ներում և կալանավայրերում այս պահին առկա է 2880 անձ: Մահճակալների թիվը 5346 է: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր առկա է 644 կալանավոր և դատապարտյալ, այն դեպքում, երբ տեղերի քանակը 780 է: «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղերի քանակը 339 է, դատապարտյալների և կալանավորների թիվը՝ 155: Այս ցուցանիշները ներկայացնում եմ, որ պարզ լինի՝ համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու համար չեն անում: Սա բացառապես մարդասիրական ակտ է, այն կոչված է հաշտության և համերաշխության»,- իր ելույթում նշեց նախարարի պաշտոնակատարը:

Ըստ Զեյնալյանի, պատժիչ կազատվեն ՔԿՀ-երում պահվող 2880 անձանցից շուրջ 270-ը, դատապարտյալների ավելի քան 15%-ը, ՔԿՀ-ներում պահվող 396 անձի 21.5%-ը: Ընդհանուր առմամբ ավելի քան 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում, որը կազմում է ավելի քան 36%-ը: Համաներումը կտարածվի պրոբացիայի 3850 շահառուներից 2720 անձի նկատմամբ, այսինքն՝ ավելի քան 70%-ի և Քննչական կոմիտեում քննվող գործերից 1096-ի վրա:

«Կալանավայրերի դռները բաց չենք արել, այդ ամբողջն իրականացվել է օրինականության շրջանակներում: Երբ ես ստանձնել եմ արդարադատության նախարարի պաշտոնը, մեկ-երկու ՔԿՀ-ներում եղել են խցեր, երբ մի մահճակալի վրա մեկից ավելի անձ է քնել հերթով: Իմ պաշտոնավարման ժամանակ այդ խնդիրը լուծվել է վերաբաշխումների միջոցով, պայմանական վաղաժամկետ ազատման միջոցով, նաև խափանման միջոցներն են փոխվել: Նախորդ տարիների համաներումների համեմատ սա ամենաշատ շահառուն ունեցող համաներումն է»,- ամփոփեց նա:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest