Նոր Ընտրական օրենսգրքի տապալմամբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն փաստացի ստանձնեցին արտահերթ ընտրություններում հնարավոր կեղծիքների պատասխանատվությունը. գործող ԸՕ-ով անցկացված նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնականում հենց ռեյտինգային ցուցակներով ընտրվողներն էին, որ իրար դեմ աշխատելով՝ կիրառում էին ամենատարբեր մեթոդներ՝ ծեծից մինչև ընտրակաշառք: Ընդ որում, ծեծկռտուքներ եղան նույն կուսակցության ցուցակի թեկնածուների միջև:

Թեև նոր ԸՕ-ն տապալեցին ՀՀԿ-ն ու ՀՅԴ, ամենաշատը դրա անցկացումը ձեռնտու էր թերևս ԲՀԿ-ին, որը ՀՀԿ-ի պես հույս ունի իր որոշ ներկայացուցիչների ազդեցությունը բանեցնելով՝ ձայներ հավաքել, քանի որ քաղաքական անկայուն վարքագծի պատճառով կուսակցությունն այսօր ռետինգ չունի:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը «բացարձակ վտանգ չի տեսնում» ռեյտինգային համակարգով ընտրության գնալու հարցում:

«Խնդիրն այն է՝ ֆեոդալական համակարգը շարունակո՞ւմ է աշխատել, թե ոչ: Եթե շարունակում է, ուզում եք 10 անգամ օրենք փոխեք, մեկ է՝ այն ձևեր կգտնի: Եթե ռեյտինգային ընտրակարգով կարողանան կոնսոլիդացնել բանդիտներին, կաշառք տվողներին, էլ ի՞նչ հեղափոխություն, կնշանակի փոփոխություն չի եղել»,- այդ առթիվ Forrights.am-ին ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Նա մատնանշեց, որ պարզաբանված չէ Կապանի ընտրությունների առթիվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: «Փաշինյանն ասում է, որ մաֆիան Կապանում աշխատել է: Եթե մաֆիան կարողանում է Կապանում աշխատել, էլ ի՞նչ հեղափոխություն»,-հարց ուղղեց քաղաքագետը: Նրա համոզմամբ՝ օլիգարխիայի հիմնական ռեսուրսը եղել է մարդկանց վախեցնելն ու կաշառելը: «Ընտրակարգը բացարձակ կապ չունի: Խնդիրն այն է, թե իրենք այսօր ի վիճակի՞ են այդ երկու մեխանիզմն օգտագործել: Եթե ոչ՝ սպիտակ թղթով էլ կարող եք ընտրություններ անել: Եթե՝ այո, ուրեմն պրոբլեմն այն է, որ նման մեխանիզմը դեռ աշխատում է»,-շեշտեց Սարգսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ֆեոդալական բարքեր թույլ չտալու համար պետք է իրավապահ համակարգը՝ մասնավորապես ոստիկանությունը, նորմալ աշխատի թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրությունների ժամանակ.

«Մարդիկ, որ օրենք են խախտում, կրիմինալին, փողին են դիմում, պետք է պատասխանատվության ենթարկվեն և վերջ: Ընտրողի վրա հնարավոր է ազդել կամ ճնշելու կամ գումարի միջոցով: Օրինակ՝ ԲՀԿ-ն ի՞նչ է, փողի տոպրակ է, եթե չի կարողանալու էդ փողն օգտագործել, ի՞նչ է անելու, ԲՀԿ-ն ո՞նց կարող է մարդ վախեցնել հիմա»:

Մանվել Սարգսյանի կարծիքով՝ ինչպես Երևանի ընտրություններում եղավ, այս ընտրություններին ևս կմասնակցեն նոր իշխանության կողմնակիցները, մնացածը տանը նստելու են:

Քաղաքագետը ափսոսանք հայտնեց, որ այսօր հանրային պահանջ չկա՝ մինչ ընտրությունները կանոնավորել քաղաքական դաշտը՝ գաղափարների ու ծրագրերի մրցակցություն ապահովելու համար: «Եթե պայմաններ չեք ստեղծում, որ կուսակցական ծրագրերի մրցակցություն լինի, իմանանք՝ ում հետ գործ ունենք, ինչ ցուցակներ են, ոնց են էդ կուսակցությունները էդ ցուցակները կազմում, ընտրություններ անելը ուղղակի հանցագործություն է»,-պնդեց Սարգսյանը:

Ուստի, Մանվել Սարգսյանի խոսքով, ունենալու ենք «անգաղափար խորհրդարան»: «Պատահական մարդիկ պիտի լինեն թե կառավարության ցուցակով, թե մյուսների: Էյֆորիա վաղուց չկա, էյֆորիան փոխարինվել է ռևանշի սարսափով: Դրա համար մարդիկ ասում են՝ ինչ ուզում է լինի, մենակ նախորդները գնան, չեն նայում՝ ինչ են ստանում դրա դիմաց: Դուք որևէ մեկին ճանաչո՞ւմ եք Երևանի ավագանուց, ոչ ոք ոչ մեկին չի ճանաչում՝ ովքե՞ր են էդ մարդիկ, որտեղի՞ց են հայտնվել: Նույնը պառլամենտում է լինելու»,-եզրակացրեց Սարգսյանը:

«Ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցելու հարցում որոշիչ է նոր իշխանության վարքագիծը»

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ԸՕ-ի երեկվա տապալումը սպասվելիք արդյունք էր, քանի որ «այդ օրենքի անցկացումը գործող իշխանության համար կարծես գերխնդիր չէր, հանրային ճնշման մեղանիզմը չկիրառվեց»:

«Իշխանությունը հասկանում էր, որ քաղաքական կոնսենսուս չի լինելու, այսինքն՝ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի այդ պահանջին հասնել թերևս չի լինի, որովհետև ՀՀԿ-ն բավական կոշտ էր տրամադրված: Իշխանությունը գերադասեց պրոբլեմ չունենալ Վենետիկի հետ»,-Forrights.am-ի հետ զրույցում նշեց Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ տապալման արդյունքում կտուժեն փոքր քաղաքական ուժերը, որոնք հույսեր ունեին, որ չորս տոկոսի շեմը կհաղթահարեն: «Ինչպես նաև՝ խորհրդարանում չորրորդ կուսակցության պարտադիր լինելու պահանջը շանս էր տալիս իրենց նույնիսկ առանց համապատասխան տոկոս հավաքելու՝ հայտնվել խորհրդարանում: Այդ իմաստով, պետք է լիներ նաև քաղաքական ճնշում խորհրդարանից դուրս: Իրենց պասիվությունը տարօրինակ է, որովհեև դա իրենց իրական շանսն էր»,-նշեց քաղաքագետը:

Եթե ՀՅԴ-ի կրկին հայտնվելը խորհրդարանում, ըստ Հակոբյանի, խնդրահարույց է, ապա ՀՀԿ-ն, ըստ նրա, այնուամենայինվ շանս ունի. «Որովհետև անկախ, թե հանրության մեծամասնությունը ոնց է իրենց վերաբերվում, դեռևս կա մի խավ, շատ փոքր, որը իրենց օրոք վերջին քսան տարում բավական լուրջ բարգավաճել է, և այդ խավը կողմ կքվեարկի ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն որոշակի սոցիալական հենարան իր համար ստեղծել է»:

Սակայն ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում կարևոր է ոչ միայն այն, թե որքանով իրենց կհաջողվի կոնսոլիդացվել, այլև՝ իշխանության վարքագիծը. Թե նոր իշխանությունը որքանով ռադիկալ տրամադրված կլինի և կուզենա լրջորեն աշխատել ՀՀԿ-ի դեմ:

ԲՀԿ-ն, ըստ Հակոբյանի, ևս շանս ունի լինել խորհրդարանում, թեև հոկտեմբերի երկուսից հետո բավական վտանգավոր իրավիճակում հայտնվեց՝ սև հռչակվելով. «Եվ իր գլխավոր խնդիրը, որ փորձեց լուծել հուշագրով, դա Նիկոլ Փաշինյանից ստանալ ինդուլգենցիա, որ ապագա ընտրություններում չի հռչակվելու հակահեղափոխական, այլ որպես աջակից ուժ»:

«Մի ընտրատարածքում մրցելու են 70-90 թեկնածու, որոնց ընտրողները չեն ճանաչելու»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համարում է, որ Ընտրական օրենսգրքի ձախողումը ճակատագրական նշանակություն է ունենալու բոլորիս ու երկրի համար: «Ես, որպես պատգամավորության թեկնածու, իմ թիմի հետ այդ մղձավանջն ապրել եմ 2017-ի գարնանը ու գիտեմ թե վտագները որտեղ են: Ինչպես գիտեք, յուրաքանչյուր ընտրատարածքում մասնակցող ամեն մի քաղաքական ուժ պարտավոր է առաջադրել նվազագույնը 5 թեկնածու, որոնք հիմնականում մրցակցում են միմյանց հետ, իրարից ձայն փախցնում, տարածքը զոների բաժանում… մենք այդ ծեծկռտուքները տեսել ենք 2017-ին: Թե ինչպես է դա քաղաքական ուժը քայքայում ներսից, դա էլ գիտեք ու կպատկերացնեք»,-իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է քաղաքագետը:

Սակայն, ըստ նրա, իրական խնդիրը այլ տեղ է. «Եթե ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում 10-ից ավելի քաղաքական ուժեր /իսկ այժմ էլ այդպես կլինի/, ապա ամեն մի ընտրատարածքում միջինում գործ ենք ունենում բոլոր ուժերից միասին վերցրած 70-90 թեկնածուների հետ: Անկեղծ ասեմ, անգամ ես չեմ իմացել, թե իմ ընտրատարածքում ովքե՞ր են այդ 90-ը:

Եթե թեկնածուն չի իմանում իր մրցակիցներին, չի կարողանում վերահսկել նրանց բոլորի գործունեության թափանցիկությունը, հույսներդ կտրեք, որ շարքային ընտրողը իմանալու է: Այստեղ շահում են այն ուժերը, որոնց օգտին քվեարկելու այս կամ այն շարժառիթը կա. նախկինում ՀՀԿ-ի դեպքում ընտրակաշառքը, վարչական ռեսուրսն էին, այժմ էլ իշխող ուժի համար կլինի հեղափոխության, այն ավարտին հասցնելու գործոնը: Ու կապ չունի, թե տվյալ ուժը ում է առաջադրել՝ արժանի թե անհայտ կամ անարժան մեկին»:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest